Արցախահայության ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ. Ընդդեմ նիկոլական քաղաքական աղանդի

article-image

(Ընդդեմ նիկոլական քաղաքական աղանդի)

Վերջին ամիսներին ընթացող քաղաքական քննարկումների ընթացքում, ի թիվս այլ՝ բազմիցս արծարծված հարցերի, մեր երկրի ազգաբնակչությանը բարոյական և իրավական նիհիլիզմի հասցրած որոշ գործիչների կողմից ասպարեզ նետվեց Արցախի հարցը Հայաստանի վզին «թոկի պես փաթաթելու» թեզիսը։ Սա մեր քաղաքական սյուռ բնանկարի վերջին վրձնահարվածն էր։ Դրան նախորդել էին անկլավների վերադարձման, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ թեզերը։ Չանդրադառանալով այս՝ բացարձակ հակաբարոյական, քաղաքական առումով՝ ստրկամիտ, իսկ իրավական առումով՝ հանցավոր և հանցածին մոտեցման բուն էությանը՝ գտնում եմ, սակայն, որ եկել է ժամանակն անդրադառնալու արցախահայության ինքնորոշման իրավունքի, արցախյան պահանջատիրության և Արցախահայության ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության, արդար փոխատուցման և ապագա ցեղասպանության կանխարգելման հարցերին՝ մեկընդմիշտ սաստելու համար այն զառանցական վայրահաչոցը, որն այսօր ամեն կողմից լցվում է արցախահայության գլխին՝ նպատակ ունենալով 21-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի զոհերին ենթարկել կրկնվող վիկտիմիզացիայի։ Այս «վիկտիմբլեյմինգն» (անգլ․ Victim blaming) իր հերթին լրջագույն վտանգի է ենթարկում արցախահայության՝ որպես մեր էթնոսի ինքնատիպ ու կոնսոլիդացված միավորի գոյությունն ինքնին՝ նպատակ ունենալով արցախահայության տարրալուծման և քայքայման ճանապարհով հասնել ազերական իշխանության կողմից սանձազերծված էթնիկ զտման, այն է՝ ցեղասպանության բուն նպատակին՝ վերացնել արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, որպես առանձին միավոր, որպես իր ինքնորոշման համար պայքարող միջազգային իրավական սուբյեկտ՝ դրանով իսկ վերացնելով ինքնորոշման՝ բնական և անքակտելի իրավունքի աղբյուրը։ Չկա ժողովուրդ, չկա և ժողովրդի ինքնորոշման իրավունք։

Քննարկելով արցախահայության ինքնորոշման իրավունքի հարցը՝ անհնարին է շրջանցել այս իրավունքի ծագման և բովանդակության որոշ էական և էսենցիալ տարրեր, հետևաբար՝ առավելագույն համառոտ տարբերակով ներկայացնում եմ այս իրավունքի բուն էությունը՝ արցախահայության գոյապայքարի համատեքստում։

Այս իրավունքի միջազգային-իրավական ճանաչման և ամրագրման «աստեղային ժամանակաշրջանը» 20-րդ դարի երկրորդ կեսն էր, երբ հաջորդաբար ընդունվեցին ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի 217(3) բանաձևը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների (ICCPR, 1966) և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրերը։ Մարդու բնական իրավունքների միջազգային-իրավական ամրագրման հարցում այս երեք ակտերի նշանակությունը թերագնահատելը գրեթե անհնար է։ Միջազգային իրավունքի դոկտրինը դրանց միասնությունն անվանում է «Մարդու իրավունքների միջազգային բիլլ»։ ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Միավորված ազգերի կազմակերպության նպատակն է, ի թիվս այլոց, զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ինքնորոշման իրավունքի իրականացմանն անդրադառնում է անուղղակիորեն՝ սահմանելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այդ հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը՝ անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:  Դաշնագրերը, հանդիսանալով միջազգային պայմանագրի տարատեսակ, ինքնորոշման իրավունքն ամրագրում են իմպերատիվ նորմի տեսքով՝ տալով դրան անհերքելի և անշեղելի իրավական ուժ։  Հատկանշական է, որ 1966 թվականի  վերոնշյալ  երկու միջազգային դաշնագրերն էլ 1-ին հոդվածով ամրագրում են ինքնորոշման իրավունքն, ընդ որում՝ այս իրավունքի ընդգծված կարևորությունը միջազգային հանրության համար այնքան էական է, որ միասնական դաշնագիրը երկու առանձին ակտի բաժանելիս դաշնագրերի հեղինակներն այն գրեթե նույնությամբ վերարտադրել են Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրում, թեև գրեթե ակնհայտ է, որ այս իրավունքն իր բնույթով պատկանում է քաղաքական իրավունքների շարքին։ 1960 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1514(VIX) բանաձևը՝ «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին» հռչակագիրը, իսկ 1970 թվականին՝ 2625(XXV) բանաձևը՝ «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիրը, որով ինքնորոշման իրավունքը վերջնականորեն ամրագրվեց՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք և հստակեցվեց դրա բովանդակությունը։ Վերոնշյալ բոլոր միջազգային-իրավական փաստաթղթերում հստակ ամրագրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքն, ընդ որում՝ այս սկզբունքն իրենց անկախության համար պայքարող ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի իրացման համար տրամադրում է բազմատեսակ գործիքակազմ՝ մշակութային ինքնավարությունից մինչև ինքնիշխան պետություն ստեղծելը։ 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիրը, որով հստակ սահմանեց այդ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն՝ ընդհուպ մինչև սեփական քաղաքական կարգավիճակը որոշելը և լայն ինքնավարությունը։

Վերոնշյալ միջազգային-իրավական ակտերն ու միջազգային փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանրահռչակ իրավական սկզբունք է, հետևաբար՝ որևէ ժողովուրդ չի կարող զրկվել այդ իրավունքի իրացման հնարավորությունից, ընդ որում՝ որոշակի տարածքում ինքնորոշվելու իրավունքը չի դադարում այդ տարածքում էթնիկ զտում կատարելու և այդ տարածքում բնակվող ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և(կամ) վտարելու արդյունքում։ Այստեղ անհրաժեշտ է փաստել, որ թեև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը քաղաքական շրջանակների, իրավագիտական և փիլիսոփայական ուսմունքների քննարկման առարկա է դարձել սկսած 19-րդ դարի կեսերից, սակայն այս իրավունքն իր բնույթով հանդիսանում է բնական և անքակտելի իրավունք։ Չցանկանալով սպառել ընթերցողի համբերությունը իրավական թեզիսների շարադրանքով՝ անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալ փաստարկը․ ինքնորոշման իրավունքն անհատի կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքի կոլեկտիվ տարատեսակն է, որը դիտարկվում է ժողովրդի գոյության համատեքստում։ Ինչպես անհատը դադարում է գոյություն ունենալ, երբ խախտվում է նրա կյանքի իրավունքը կամ պերմանենտ ոտնահարվում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, այնպես էլ ժողովուրդը վերանում է, եթե ինքնորոշման իրավունքը չի իրացվում։

Ավաղ, պետք է արձանագրել, որ արցախահայության՝ որպես Արցախի բնիկ ժողովրդի, որը հազարամյակներ շարունակ հանդիսացել է Արցախի հիմնական բնակչությունն ու ժողովուրդը, ինքնորոշման իրավունքը մերժվում է և՛ ազերական պետության, և՛ միջազգային հանրության, և նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից։

Ավելին՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայում բնակվող հայն անգամ առավել պաշտպանված են իրավական տեսանկյունից, քան 2020 թվականից հետո Հայաստանում բնակություն հաստատած արցախահայը։ ՀՀ իշխանություններն ամեն կերպ ձգտում են վերացնել արցախահայությունը՝ որպես միասնական կոնսոլիդացված տարր, որպես էթնիկ միավոր, որն ունի ինքնորոշման իրավունք։ ՀՀ-ում իշխանությունը զավթած վարչախումբն, ամեն կերպ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման կարևորությունը, իրեն հայտարարելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար «մաքառող» վարչակազմ, ջանում է ազերական պետության տարածքային ամբողջականությունն ապահովել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաշվին։  

Անհրաժեշտ է ընդգծել, որ տարածքային ամբողջականության  և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային-իրավական սկզբունքները միմյանց գոյությունը բացառող և իրարամերժ չեն․ առաջինը պաշտպանում է և անձեռնմխելի է հայտարարում երկրի տարածքն արտաքին ագրեսիայից, երկրորդը սահմանում է այդ երկրի տարածքում բնակվող ժողովրդի իրավունքն ազատորեն ընտրելու իր ինքնիշխանությունն ու հետագա ճակատագիրը, ընդհուպ մինչև "մետրոպոլիայից"/այս տերմինն իհարկե Ադրբեջանի վայրի կարգերի պարագայում զավեշտալի է հնչում/ անջատվելը և անկախ պետականություն կերտելը կամ այլ պետության միանալը։ Պետք է նշել, որ ազգը միջազգային-իրավական այս սկզբունքի կիրառելիության տեսանկյունից կարող է դիտարկվել որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ և հանդես գալ որպես "ժողովուրդ", եթե ազգային միասնությունը համապատասխանում է միջազգային-իրավական դոկտրինալ մտքի կողմից առաջ քաշած որոշակի չափանիշների․ ավանդույթներ և մշակույթ, Էթնիկ առանձնահատկություն, ընդհանուր պատմական անցյալ և ժառանգություն, լեզու, կրոն, ինքնության զգացում, որպես ժողովուրդ հանդես գալու միահամուռ կամք։ Ինքնորոշման իրավունքի իրացման հարցում կարևորագույն նշանակություն ունի նաև ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը, հետևաբար, եթե մետրոպոլիայի տարածքում և նրա քաղաքական իշխանության ներքո ապրելը կարող է հարցականի տակ դնել տվյալ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը կամ եթե նույնիսկ առկա է վտանգը, որ տվյալ ժողովուրդը ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել ձուլման և այս կամ այն կերպ իր ինքնությունը կորցնելու սպառնալիքի, ժողովուրդն ստանում է իրավունք իր ինքնորոշումն ի կատար ածել ամբողջական ծավալով՝ դուրս գալ «մետրոպոլիայի» կազմից և իրավական ազդեցության ոլորտից՝ ստեղծելով ինքնիշխան պետականություն կամ միավորվելով այլ պետության հետ։ Տասնամյակներ շարունակ այս վտանգները դամոկլյան սրի պես կախված են եղել արցախահայության գլխին, իսկ 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտման և ցեղասպանության ակտը ցույց տվեց, որ նույնիսկ այսօր այդ վտանգն առավել քան իրական է, հետևաբար՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը պետք է ի կատար ածվի այն ծավալով, որն անհրաժեշտ է և բավարար նրանց ֆիզիկական անվտանգությունը, ինքնության պահպանությունը և որպես առանձին ժողովուրդ զարգացումն ապահովելու համար։ Արցախահայության պարագայում ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է ի կատար ածվի առավելագույն ծավալով՝ հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների և ընդհանուր առմամբ նաև ժողովրդի ցեղասպան քաղաքականությունն ու նախնադարյան վայրենի հակումները։ Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ  արցախահայության՝ իր պատմական բնակության տարածք վերադարձի իրավունքը չի կարելի դիտարկել ինքնորոշման իրավունքից անջատ։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքի միասնական դիտարկման տիպիկ օրինակ է 135 թվականին ցեղասպանված և բռնի տեղահանման ենթարկված, ապա 1800 տարի անց ևս մեկ անգամ ցեղասպանության ենթարկված հրեա ժողովրդի վերադարձն ու ինքնորոշումն Իսրայելի տարածքում։ Էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների պարագայում վերադարձի իրավունքն անհրաժեշտ է դիտարկել որպես ինքնորոշման իրավունքի բաղադրատարր և այդ իրավունքի իրացման առաջնային փուլ կամ նախադրյալ։ Ի վերջո, ի՞նչ է ցեղասպանությունը։ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»  1948 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանություն է լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, նրանց համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը և/կամ երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է ոչ միայն ցեղասպանությունն, այլ նաև  ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, ցեղասպանություն կատարելու փորձը, հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է, որ թվարկված արարքները կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք։

Արցախահայության 2020-2023 թվականների էթնիկ զտումը դիտարկելով վերոգրյալ միջազգային-իրավական նորմերի տիրույթում՝ գալիս ենք հետևյալ տրամաբանական և ըստ իս՝ անհերքելի եզրահանգումների․

1․Ադրբեջանի պետական իշխանության ողջ համակարգի, նրա զինված ուժերի և ընդհանուր առմամբ՝ նրա ժողովրդի մտադրությունն ուղղված էր և մինչ օրս էլ ուղղված է արցախահայության՝ որպես էթնիկ խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը։ Այդ մտադրության ուղղակի վկայություններն են․

  1. 2020 թվականի 44-օրյա պատերազմում ազերական զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի;
  2.  2023 թվականի Արցախի տարածքի՝  գրեթե 9 ամիս տևած տրանսպորտային և պարենային շրջափակումը, ինչը սովամահության էր մատնել գրեթե 120000 արցախցու;
  3. Ադրբեջանական վերահսկողության տակ ընկած հայկական պատմամշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացումը կամ լավագույն դեպքում՝ «ալբանացումը» և արցախահայ էթնիկ տարրի էնդեմիկության և բնիկության ժխտումը պետական մակարդակով։ Ադրբեջանական իշխանությունների որդեգրած մոտեցումն առ այն, որ «հայ ազգն արդեն ինքնորոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում և չի կարող երկրորդ անգամ ինքնորոշվել Լեռնային Ղարաբաղի տարածքում», պարզապես միջազգային-իրավական նորմերի մանիպուլյացիա է՝ ուղղված իրենց ցեղասպան քաղաքականության ի կատար ածմանը։ Նման զավեշտալի մոտեցման որդեգրման պարագայում, օրինակ՝ պետք է մերժվի բոլոր արաբական երկրների անկախ պետություն ունենալու իրավունքը, բացառությամբ այն արաբական պետության, որն առաջինն է անկախացել։

2․ Արցախի տրանսպորտային և պարենային շրջափակումը՝ զուգորդված 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայով, որը հանգեցրեց ավելի քան վեց հազար արցախցու սպանության և մոտ 120000-ի բռնի տեղահանման, ոչ այլ ինչ է, քան արցախահայ էթնիկ խմբի անդամների սպանություն և այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, արցախահայության համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, հետևաբար՝ ցեղասպանություն։

3․ Թե 44-օրյա պատերազմի, թե 2023-ի Արցախի էթնիկ զտման գործընթացի անաչառ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի սուբյեկտ, այն է՝ արցախահայության ցեղասպանության կատարման հանցակից են Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունները։

Վերը ասվածը տալիս է հստակ պատասխանն այն հարցի, թե ինչու է Ադրբեջանը պնդում այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ հայցերի հարուցումից հրաժարվելու կետի       ամրագրման անհրաժեշտությունը։ Ցեղասպան պետության ղեկավարությունը փորձում է իրեն ապահովագրել Կոնվենցիայի ուժով ապագայում իրեն սպառնացող պատժից։ Հենց նույն տրամաբանության մեջ է նաև հայկական կողմի «հոժարակամ կրավորականությունն» այդ հարցում, սակայն երկու կողմն էլ հաշվարկներից դուրս է թողնում այն իրողությունը, որ այս հարցում պահանջատերը ոչ թե Հայաստանն է, այլ Արցախահայությունը։ Հետևաբար՝ արդի գերխնդիր է պահպանել արցախահայության սուբէթնոսային կուռ միասնությունը, թույլ չտալ արցախահայության տարանջատումն ու տարրալուծումը Հայաստանում և Սփյուռքում, այդ թվում՝ կանխել արցախահայության ելքը Հայաստանից, որպեսզի հնարավոր լինի ապահովել արցախահայության պահանջատիրությունն, ինչպես ինքնորոշման իրավունքի իրացման, այնպես էլ ցեղասպանության ճանաչման և պատասխանատվության հարցում։   

Արցախահայությունը պետք է ստանա իրավունք իր պատմական տարածքում՝ Արցախում, ինքնորոշվելու, ընդհուպ մինչև անկախ պետության ստեղծումը։ Հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության հետ միավորումը՝ որպես ինքնորոշման ձևաչափ, դեռևս քննարկման ենթակա չէ։ Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի միջանկյալ լուծում կարող է դիտարկվել միջազգային խաղաղապահ ուժերի կամ առանձին երկրների, բացառությամբ՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի, զինված ուժերի հսկողության և պաշտպանության ներքո արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը՝ հետագայում համաժողովրդական հանրաքվեի անցկացման պայմանով։ Ավաղ՝ այս գործընթացները մենք ստիպված ենք լինելու սկսել զրոյից։ Սկսել այն օրը, երբ Հայաստանում կհաստատվեն ազգանվեր կարգեր և իշխանություն։  

 

իրավագիտության թեկնածու,

արդարադատության 1-ին դասի խորհրդական,

Գրիգորի Անդրանիկի Պողոսյան

04․12․2024թ․                 

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն