Ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում «#sutnikol» գրությամբ մեքենայի վարորդի նկատմամբ (Տեսանյութ)

article-image

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ միջադեպ է տեղի ունեցել Հերացի փողոցում։ Նարեկ Սամսոնյանի փոխանցմամբ՝ ոստիկանները «#sutnikol» և «Չնիկոլ» գրությամբ մեքենան կանգնեցրել են և ծեծելով բերման են ենթարկել վարորդին։ Սամսոնյանը նաև նշել էր, որ տեսաձայնագրել է կատարվածը։

Մեքենայի վարորդի հարազատների պնդմամբ քաշքշուքի ընթացքում կոտրվել է մեքենայի կին ուղևորներից մեկի մատը։

Ոստիկանները նաև ցանկացել են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, սակայն վարորդի հարազատների միջամտությամբ դա տեղի չի ունեցել։

Այսօր ոստիկանությունը պարզաբանում է տարածել միջադեպի առնչությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։ Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր երաժշտություն։ Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել իրենց պահանջներին։ Հերացու փողոցում միայն հարկադրաբար կանգնեցվել է մեքենան։ Վարորդը հրաժարվել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերը, ինչից հետո, ժամը 00.30-ին, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, և նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Բացի այդ, դեպքի վայր հրավիրված ՃՈ ծառայողները ստուգել են վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ ալկոհոլի պարունակությունը 1.109 մգ/լ է եղել, ինչի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մեքենայի վարորդը հրաժարվել է բացատրություն տալուց, նրա մարմնի վրա ակնհայտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»։

Ոստիկանության պարզաբանումից, սակայն, անհասկանալի է, թե ի վերջո եղել է ծեծկռտուք կամ քաշքշուք, կամ արդյո՞ք մեքենայի ուղևորուհու մատը կոտրվել է, թե՞ ոչ։

Այս հարցերի կապակցությամբ AntiFake.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեր հարցադրումներին պատասխանեցին, թե պարզաբանման մեջ ամեն ինչ նշված է, մեր ճշտող հարցադրումներին, թե, ի վերջո ծեծե՞լ են վարորդին, մեզ պատասխանեցին, որ տեղի է ունեցել վարչական ձերբակալում, իսկ թե արդյո՞ք ուղևորուհու մատը կոտրվել է քաշքշուքի ընթացքում, հաստատում ե՞ն դա կամ հերքու՞մ են, պատասխանեցին, որ ամեն ինչ շարադրված է պարզաբանման մեջ, և լրացուցիչ պարզաբանումներ անելու համար պահանջեցին գրավոր հարցում ուղարկել ոստիկանություն։

Նարեկ Սամսոնյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում նշել էր, որ տեսաձայնագրել է, թե ինչպես են ոստիկանները ծեծում վարորդին, տեսանյութը տրամադրել է մեզ։

Տեսանյութից և ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակցի խուսափողական պատասխաններից ակնհայտ է դառնում, որ ոստիկանությունը պատշաճ գնահատական չի տվել երեկ Հերացու փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայակիցների վարքին։

Հուսանք` տեսանյութի հրապարակումից հետո ոստիկանությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի վարորդի նկատմամբ բռնութուն գործադրած ոստիկանների գործողություններին համարժեք գնահատական տալու համար։

Տեսանյութը՝ ստորև։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը