ԵՄ-ին անդամակցությունը վնասելու է ռազմավարական շահը, ապագայում բախվելու ենք եվրոպական փակ դռներին

article-image

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Յո՞ երթաս»

Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության համար. Ծայրահեղ աջ ուժերի ալիքը, որը սկսեց թափ հավաքել նախորդ տասնամյակում, 2024թ-ին վերածվեց շոշափելի ալիքի։ 

Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ։

Առաջին հայացքից այս միտումը կարող է տագնապ առաջացնել՝ այլատյացության աճի, լիբերալ արժեքների էրոզիայի, հակամիգրացիոն հռետորաբանության ուժեղացման և այլ տեսքով։ Այնուամենայնիվ, արժե մտածել այս տեղաշարժի պատճառների մասին։ Եվրոպան, վերջին տարիների բախվելով տնտեսական, միգրացիոն, անվտանգային և մշակութային ճգնաժամերին՝ պատասխաններ է փնտրում։ Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ զգում են, որ իրենց ձայնն այլևս չի լսվում, և որ գլոբալիզմի ու բազմամշակութայնության պատճառով, Եվրոպայիում քայքայվում է ազգային ինքնությունը:

Նման պայմաններում աջակողմյան արժեքներին վերադարձը կարելի է ընկալել որպես եվրոպական ինքնությունը պահպանելու փորձ։ Ազգային պետության մոդելները, որոնք որպես այլընտրանք ԵՄ համաեվրոպական բյուրոկրատիայի ​​և լիբերալ-գլոբալիստական մոդելին, առաջ են քաշվում աջակողմյան կուսակցությունների կողմից՝ եվրոպացիներին առաջարկում են ազգային պատկանելության և սեփական շահերի նկատմամբ վերահսկողության զգացում:

Հարկ է նաև ընդգծել, որ այս գործընթացները միատեսակ ու միանշանակ չեն: Կա որոշակի տարբերություն Իտալիայում Ջորջի Մելոնիի պրագմատիկ մոտեցման և Ավստրիայում Հերբերտ Քիքլի կամ Գերմանիայում Ալիս Վայդելի արմատական ​​հռետորաբանության միջև: Եվրոպայի ապագան, իմ կարծիքով, կախված է լինելու նրանից, թե աջակողմյան ուժերի որդեգրած ուղիներից ո՞րն է լինելու գերիշխողը:

Այսօր, ապագայի համար հարց է նաև, թե արդյոք այն կպահպանի՞ հավասարակշռությունը եվրոպական ավանդութային արժեքների և արդիականության, ազգային ինքնության և մարդու իրավունքների հարգման միջև: Այս հարցի պատասխանը ապագայում կորոշի, թե արդյոք 2024 թվականը եվրոպական պատմության մեջ կգրանցվի որպես զուտ ինքնության վերածննդի սկիզբ, թե՞ կվերածվի համաշխարհային զարգացումներից ժամանակավոր մեկուսացման ու բաժանման քայլի: 

«Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է մի անպտուղ գործընթաց, որը վնասելով առկա ռազմավարական շահերին ու աշխարհագրական-անվտանգային առանձնահատկություններին՝ մեծ հավանականությամբ ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին: 

Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե իհարկե պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն