Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում իսկապես զրուցել են իրենց քաշի և դիետայի մասին (Տեսանյութ)

article-image

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Առավոտ» լրատվականը հոդված է հրապարակել «Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»» վերնագրով, որում մասնավորապես ասվում է, որ այսօր Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Եռաբլուրի պանթեոն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մյուս պաշտոնյաների հետ քայլելիս զրուցել են Նիկոլ Փաշինյանի քաշի և դիետայի մասին.

«… Լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում էին Եռաբլուրում մյուս պաշտոնյաների հետ շքախմբով: Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր քաշից: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ հատուկ դիետա՞ ես պահում: Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից:

Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում:

Ավելի ուշ արարողությունից հետո դիետայի թեման շարունակում էր մնալ ակտուալ: 

Վարչապետը Արմեն Սարգսյանին ասաց, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժորներով» է փորձել նիհարել. «Բայց հիմա էն ժամանակվանից 4 կիլո ավել եմ»:

Եռաբլուրում Անկախության օրով բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից նման բովանդակությամբ խոսակցությունն առաջացրել է ՀՀ քաղաքացիների զայրությը, որոնք տարբեր գրառումներ են արել այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

AntiFake.am-ը փորձեց պարզել, թե արդո՞ք իրականում տեղի է ունեցել նման խոսակցություն Փաշինյանի և Սարգսյանի միջև։

Մի քանի տեսանյութերի մանրազնին ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նման խոսակցություն իսկապես տեղի է ունեցել։

Պետական պաշտոնյաների շքախմբին ուղեկցող երաժշտությունը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ վերծանել խոսակցությունը, սակայն լսելի է, թե ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարց տալիս վարչապետին, թե արդյո՞ք վերջինս հատուկ դիետա է պահում։ Լսելի է նաև, թե ինչպես է Փաշինյանը պատմում «Голодание спасет вашу жизнь» վերնագրով գրքի մասին, որը նրան նվիրել է ինչ-որ ղարաբաղցի գործարար։ Խոսակցությունը լսելի է տարբեր լրատվականների ուղիղ հեռարձակումներում, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի «ֆեյսբույքան լայվի» տեսանյությում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը