
«Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկել, նա կոչնչացնի Հայաստանը»,-այս մասին այսօր Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրենից վիրավորված են, քանի որ ինքն Ադրբեջանին է աջակցել։
«Աստված ձեզ հետ, ես միշտ սատարել եմ ողջախոհությունը, ես կողմ եմ եղել, որ պատերազմ չլինի, մենք իրար հետ չկռվենք և այն ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում էր ստանձնել»,- ասել է նա։
Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը միջնորդական գործառույթ է իրականացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև՝ փորձելով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը.
«Ալիևն անգամ Հայաստանի հետ կռվելու նպատակ չուներ։ Նա քարտեզը դրեց սեղանին և ասաց՝ ահա, 5 շրջանները Ղարաբաղի շուրջ։ Ես ասացի՝ իսկ ի՞նչ կա այնտեղ, ոչինչ, անապատ է։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ ասել է հողեր Հայաստանի ու Ադրբեջանի համար, դա Բելառուսը չէ, առավել ևս՝ Ռուսաստանը։ Հողերը արժեքավոր ռեսուրս են։
Եվ ահա այդ 5 շրջանները… Եվ նրանք ընդունում են, որ դրանք ադրբեջանական են։ Ուրեմն պետք է վերադարձնել։ Նավթը թանկացել է, կվաճառենք, ներդրումներ կանենք այնտեղ, կվերականգնենք այդ շրջանները, միլիոնից ավելի փախստական՝ Ադրբեջանի տարածքում։ Եվ ահա, ասում է, երկու շրջան էլ՝ մասնակի, այսինքն՝ 5+2 մասնակի օկուպացված է։ Ալիևն այդ ամենը ինձ պատմեց, ցույց տվեց։ Ես նրան ասացի, որ այս կեղտոտ քաղաքականության մեջ ամեն բան իր գինն ունի, նա ինձ կես բառից հասկացավ»,- պատմել է Լուկաշենկոն տարիներ առաջ իր ու Ալիևի միջև տեղի ունեցած խոսակցությունը՝ կրկին անգամ շարադրելով Ալիևի կողմից 5 մլրդ դոլարի առաջարկի հայտնի աղմկահարույց պատմությունը։
Նա հիշեցրել է, որ այդ մասին հրապարակային է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել.
«Սերժը նեղացավ ինձնից` ասելով, որ դա մեր գործը չէ։ Լավ, մեր գործը չէ, մեր գործը չէ։ Սկսեցին պատերազմել, ես ի՞նչ մեղավոր եմ, մեզ հազարավոր կիլոմետրեր են բաժանում, ե՞ս եմ սկսել այդ պատերազը»,-հայտարարել է Լուկաշենկոն։