
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց. «Վաշինգտոնում Փաշինյանը հայտարարեց, որ «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ և զարհուրելի են դառնում նրա զեղումները։
«Маски сброшены, господа», ինչպես ասում են։ Նիկոլը հանում է 2018-ին հագած իր գառան դիմակը՝ հայ ժողովրդին որպես գառան դմակ՝ դեմ տալով թյուրքական գայլերին։ Նա ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին ես և իմ ընկերները զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից։Իր վաշինգտոնյան զառանցանքը նույնն է, ինչ ոտքերը վթարում կորցրած գեր մարդուն համոզես, որ երկու վերջույթների ամպուտացիան նրան շանս է տվել քաշ գցել։ Սա նույն ցինիզմն է, երբ երեխաներին կորցրած հորն ու մորն ասես, թե՝ ձեր որդիների մահով դուք շանս ստացանք ավելի շատ ուտելու։ Պատկերացրեցի՞ք նրա ասածի ողջ ողբերգականությունն և նրա քարոզիչների ողջ անբարոյականությունը։ Ի դեպ, ֆիքսեք նաև աշխարհի թիվ մեկ և ամենաուժեղ կայսրությունում արված նրա մեկ այլ անհեթեթ հայտարարությունը. «Բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես»։ Պատկերացնո՞ւմ եք ամերիկյան վերնախավի դեմքը՝ սա լսելիս»։
Հարց. «Ի՞նչ է կատարվում Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, և ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտվել դրանից»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը։
Ռուսական շրջանակները կուլ էին տվել այս խայծը, և փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում էին Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։ Իրականում սա Էրդողանի քավորությամբ Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիան է Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։
Եթե 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն անվանեց «нож в спину», ապա Ալիևի պահվածքը Մոսկվայի հանդեպ հանգիստ կարող է կոչվել «удар ниже пояса»։
Պատասխանիցս ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»։
Հարց. «Նիկոլը շարունակում է քայքայել մեր ինքնությունը՝ հիմա էլ սևեռվելով Հայոց ցեղասպանության դեմ արշավի վրա։ Դրա դեմը ո՞նց առնենք»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային և խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ։ Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքական օրակարգի մի մասն է, և տարբեր երկրներ այն հաշվի են առել կամ աչք փակել՝ սեփական շահերից ելնելով, ինչպես այլ ցեղասպանությունների դեպքում։
Այդպես են վարվել գրեթե բոլորը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Իսրայելը։ Եվ այդ հարցում միջազգային բարենպաստ իրավիճակից ճշգրիտ և շահավետ օգտվելն է եղել հայկական դիվանագիտության ուղղություններից մեկը։
Աշխարհը կարող է շարժվել և առաջնորդվել սեփական շահերով՝ ըստ անհրաժեշտության ճամարտակելով կամ մոռանալով արժեքների մասին: Բայց բացահայտ սրիկայություն է Հայաստանում և Հայաստանի ղեկավարի աթոռին նստած մարդու կողմից նման պահվածքը։ Եվ կատարյալ հիմարություն է որպես սեփական մանկուրտության «փաստարկ»՝ օգտագործել սովետական կայսրության մասին թեզերը։
Համաձայնեք, որ առողջ բանականություն ունեցող մարդը դժվար հավատա, որ սովետական/ռուսական հատուկ ծառայությունների կամ քարոզչության շնորհիվ է Եվրոպական Միությունը 1987-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ նույն որոշումն ընդունել են Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Չեխիան, Հունաստանը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Բալթյան երկրները, Իտալիան և այլք։
Ի դեպ, Բրյուսելը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև «նախկինների» օրոք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դիտում էր որպես Անկարայի՝ Միությանն անդամակցելու նախապայման»։
Հարց. «Մոսկվայում սպանված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան շուրջ ծանր քննարկումներ եղան Հայաստանում։ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Չմտնելով բուն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ՝ այդ սպանությունից մի քանի հետևություն ներկայացնեմ, որոնք վերաբերում են հենց հայ ժողովրդին։
1. Ուկրաինական պատերազմում երկու կողմից էլ ներառված են մեր հայրենակիցները, ինչն անխուսափելի էր՝ հաշվի առնելով Ռուսաստանում բնակվող՝ մոտ 2.5 միլիոն, և Ուկրաինայում՝ մոտ 300 000 հայերի ներկայությունը։
2. Այդ հսկայական մարդկային ռեսուրսը ներգրավված է այլոց ազգային և պետական շահերի գործընթացներում, երբ բուն Հայրենիքը նույնպես խոր ճգնաժամի մեջ է հայտնվել։
3. Այդ համատեքստում հենց հայի կողմից հայի սպանությունը վկայում է այն մասին, որ ազգային համերաշխության կարմիր գծերը տոտալ տրորվում են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում։
4. Հայաստանն իր հերթին՝ փաշինյանական ռեժիմի պարագայում ոչ թե տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների համար միավորող և հաշտեցնող հարթակ է, այլ ազգային տրոհման և քայքայման հիմնական աղբյուր։
5. Արձանագրելով Հայաստանում իշխանամերձ շրջանակների անթաքույց հրճվանքն այդ սպանության շուրջ, փաստենք, որ բռնությունն ու հակառակորդների ֆիզիկական ոչնչացումը նիկոլենց համար ֆուլլ օկ են։ Հետևություններն արեք ինքներդ»։
Դիտել տեսանյութը՝ ստորև