Որքա՞ն է արժեցել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ պետական բյուջեի վրա. 400 հազ., 330 հազ. ԱՄՆ դոլար, թե՞...

article-image

Երեկ մեդիայում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ պետական բյուջեի վրա արժեցել է 400.000 ԱՄՆ դոլար։ 

Այս մասին գրառում էր կատարել Կոնստանտին Տեր-Նակալյանը. «... նոլիկենք, ըստ օդում կախված խոսակցությունների, թռել են չարթերով, ընդ որում՝ շատ թանկ չարթերով։ Երկու իրար հետ որևէ կապ չունեցող աղբյուրից ինձ էսօր ասել են, որ էդ վոյաժը բյուջեի վրա արժեցել է ոչ ավել, ոչ պակաս՝ 400․000 դոլար»։

Այս մասին ուշագրավ ուսումնասիրություն է կատարել Politik.am-ը.

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52: 

Նորից հետևելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը 08:55:

www.flightradar24.com կայքի օգնությամբ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին ժամը 15:41(վարչապետ Փաշինյանին օդում արված լուսանկարի հրապարակվելուց ուղիղ 11 րոպե առաջ) Գյումրու Շիրակ օդանավակայանից թռիչք է իրականացրել միայն մեկ ինքնաթիռ՝ Gulfstream G550: 

Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41

Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41։

Վարչապետ Փաշինյանի համար պատվիրված ինքնաթիռը Գյումրիից ուղևորվել է Իռլանդիա, որտեղ լիցքավորվելուց հետ ուղղություն է  բռնել դեպի ԱՄՆ, Լոս Անջելես:

Երեկ Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնսանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այս թռիչքը պետության համար արժեցել է 400 հազար դոլար, ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե որքան է իրականում արժեցել վարչապետի Լոս Անջելես մեկնելը Gulfstream G550 ինքնաթիռով:

Նախ նկատենք, որ ըստ վարչապետի հրապարակած լուսանկարների թռիչքը տևել է մոտ 17 ժամ: Gulfstream G550 ինքնաթիռը գերթանկարժեք ինքնաթիռների շարքին է դասվում: Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ զբաղվող Jets.ru կայքում նշված է, որ Gulfstream G550 ինքնաթիռ կարելի է վարձակալել ժամը 7400-10200 եվրո արժողությամբ: 

Մենք արդեն գիտենք, որ վարչապետի Լոս Անջելես թռիչքը տևել է 17 ժամ: Մեր տեղեկություններով նույն ինքնաթիռով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մեկնել նաև Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:

Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով մենք պատվեր գրանցեցինք կայքում:

Ընկերությունից մեզ հետ կապ հաստատեցին և փոխանցեցին իրենց գնային առաջարկը: Ըստ այդ առաջարկի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը,  13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այլ քաղաքներ ևս մեկնել նշված ինքնաթիռով, բայց կարող ենք ենթադրել, որ գերթանկարժեք վոյաժը շարունակվելու է, քանի որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործու­ղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության այս 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միայն»:

AntiFake.am-ը ևս ձեռնամուխ է եղել տարածվող տեղեկությունների ուսումնասիրությանը և պաշտոնական հարցում է ուղարկել՝ հայցելով մանրամասներ տրամադրել Նիկոլ Փաշինյանի և կառավարական պատվիրակության՝ ԱՄՆ աշխատանքային այցի, պետական բյուջեից ծախսված միջոցների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել տեղեկությունները հիմնավորող փաստաթղթեր։ Տեղեկություններ ձեռք բերելուն պես դրանք կներկայացնենք հանրությանը։

 

Պատրաստեց՝ Աստղիկ Մաթևոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն