Բիզնես միջավայրի «բարեփոխումները» իշխանափոխությունից հետո

article-image

Գաղտնիք չէ, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին իշխանափոխություն պահանջելու հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վատթար վիճակն էր, ինչը մինչ օրս շարունակում է ծառայել նոր կառավարությանը որպես իրենց կողմից տրված խոստումների ու «բարեփոխումների» հիմնական կրող: Վարչապետի և կառավարության կողմից շարունակվում է տնտեսության մեջ դրական տեղաշարժերի՝ իրենց հարմար ձևով մեկնաբանելու արշավը, մասնավորապես՝ երկրում բիզնես միջավայրի բարելավման և նոր ներդրումների ուղղությամբ: Տնտեսական ցուցանիշներն ու տերմինները նույնականացվում են, իսկ դրանց բովանդսկությունը՝ ուռճացվում և աղավաղվում:

Այսպես, մեծ ոգևորությամբ նշվում է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման մեջ կապիտալ ապրանքների կշիռը կազմել է 19,2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 14,8%-ի փոխարեն, իսկ արտադրական պաշարների ներմուծումը 868,8 մլն դոլարից աճել է մինչև 1 մլրդ 133,7 մլն դոլար: Այն, որ այս թվերը մեկնաբանվում են որպես արտադրական գործընթացների զարգացման և հետագայում արտահանման ծավալների մեծացման հնարավորություն, միանգամայն ճիշտ մոտեցում է: Սակայն չի նշվում այն հանգամանքը,  որ ակնահաճո այս թվերը նոր բեռ են տնտեսության համար, և հետագայում «դրա տակից դուրս գալը» խնդիր կլինի: Արտահանումը կրճատվում է, և կապիտալ ապրանքներով ու սարքավորումներով տնտեսությունը ծանրաբեռնելը դեռ չի նշանակում արտադրության խթանում և աճ: Չի նշվում նաև այն հանգամանքը, որ այս գումարները մեծ մասամբ ուղղված են Ամուլսարի ծրագրի սարքավորումներին, որոնք առայժմ հավելյալ արժեք չեն ստեղծում: Հարկ է նաև նշել, որ նախորդ կառավարությունը կապիտալ սարքավորումներին գումարում էր նաև միջանկյալ սպառման ապրանքների ծավալները՝ նպատակ ունենալով ստանալ նույն, մեծ հեռանկարներ խոստացող պատկերը: Փաստորեն քաղաքականությունը չի փոխվել: Իսկ այն, որ բարձր տեխնոլոգիաները վերջին տարիներին անընդհատ զարգացել են, և նոր կառավարությունը փորձում է այդ բնականոն զարգացման մի մասը իրեն վերագրել, ակնհայտ է:

Շարունակվում են հրապարակվել  ցուցանիշներ նաև ներդրումների վերաբերյալ, որտեղ, կարծես թե, նույնականացվում են բոլորովին տարբեր երկու ցուցանիշներ՝ ընդամենը ներդրումներ և ուղղակի ներդրումներ: Առաջինում դրական տեղաշարժ է նկատվում 2017թ.-ի համեմատ, ինչը նորմալ է, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ (նոր կառավարության օրոք) նվազում: Իսկ ահա ուղղակի ներդրումները, որոնց սովորաբար  ավելի մեծ կարևորություն է տրվում, շարունակում են նվազել թե՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, թե՛ նախորդ եռամսյակի համեմատ: Անկատար են մնացել նաև միկրոբիզնեսին հարկերից ազատելու խոստումները:

Փոխարենը ապամոնտաժվում են կենտրոնական փողոցների սրճարանները, կասեցվում փողոցային առևտուրը, իսկ քաղաքացիների արդար բողոքը լվացվում է նոր խոստումներով:

Ինչպես տեսնում ենք, ներկայումս կառավարության տնտեսական քաղաքականությունը  հիմնված է  միայն խոստումների վրա, որոնց սահուն կերպով հաջորդում են չոր թվերի հրապարակումը և դրանց՝ իշխանություններին ցանկալի ձևով մեկնաբանությունները: Ընդունվում են միայն ծախսերի կրճատման և օպտիմալացման որոշումներ, իսկ այն փաստը, որ  ամիսներ առաջ տրված խոստումների իրականացումը հնարավոր է տնտեսության մեջ միայն լուրջ արմատական և որակական  փոփոխություններ իրականացնելու շնորհիվ (հարկային, մաքսային օրենսգիրք, պետական պարտքի կրճատում և այլն) և տնտեսության մեջ քաղաքական գործընթացները բացառելով, շարունակվում է մնալ անտեսված :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն