Վարչապետի ամերիկյան այցը և նրա հագեցած օրակարգը. Ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում

article-image

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել աշխատանքային այցով ԱՄՆ կառավարական պատվիրակություն գործուղելու վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ պատվիրակության կազմում ընդգրկվել է 35 պաշտոնյա՝ ներառյալ վարչապետ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նախարարներ Տիգրան Խաչատրյանը, Զոհրաբ Մնացականյանը և Հակոբ Արշակյանը:

Որոշումը ուսումնասիրելիս նկատում ենք, որ կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ՝ Կառլեն Ասլանյանը՝ «Ազատություն» ռ/կ-ից (որի ծախսերը հոգում է պատվիրակող լրատվական կազմակերպությունը), Մկրտիչ Կարապետյանը՝ «Սիվիլնեթ» լրատվականից, Մերի Մարտիրոսյանը՝ «24news.am»-ից, Գոհար Հայրապետյանը, Վազգեն Համբարձումյանը և Վլադիմիր Մովսեսյանը՝ «1in.am»-ից, որոնց պատվիրակության կազմում ծախսերի զգալի մասը վճարվելու է 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հարկ է նշել, որ թեև վարչապետի տիկինը, որոշմանը կից հավելվածի համաձայն, ընդգրկված է կառավարական պատվիրակության կազմում, սակայն որոշման՝ ծախսերին վերաբերող հատվածում ներկայացված չէ։ Ուստի պարզ չէ, թե ում կամ ինչ միջոցների հաշվին է վարչապետի տիկինը մեկնում ԱՄՆ:

Մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից ԱՄՆ է ուղևորվել հատուկ ինքնաթիռային չվերթով, որը արժեցել է 330 հազար ԱՄՆ դոլար, նախ հաստատեց «Politik.am» լրատվականի հետաքննությունը, ապա տեղեկությունը պաշտոնապես հաստատեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հայտնելով, որ չվերթի արժեքը կարող է հասնել 165 մլն դրամի (շուրջ 347 հազար ԱՄՆ դոլար): Չարթերային թռիչքից օգտվելու հիմնական պատճառ խոսնակը նշում է Նիկոլ Փաշինյանի «խիստ հագեցած» օրակարգը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չարթերային թռիչքներից օգտվելու է այցի ամբողջ ընթացքում, ներառյալ՝ Երևան վերադարձը, ինչը ապացուցվում է վերը նշված որոշման 6-8-րդ կետերը ուսումնասիրելիս, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրի- Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին՝ Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորք-Երևան երթուղով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելես է ժամանել սեպտեմբերի 22-ին: Ինչպես տեղեկանում ենք primeminister.am կայքում տեղադրված մամլո հաղորդագրություններից, Նիկոլ Փաշինյանն իր այցը սկսել է հանդիպելով Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության, Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի, Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների, Դաշնակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ղեկավարների հետ: Այնուհետև վարչապետը անցկացրել է ասուլիս, որտեղ պատասխանել է լրագրողների, այդ թվում՝ Հայաստանից իր հետ ժամանած լրագրողների հարցերին՝ առավելապես խոսելով Հայաստանի ներքաղաքական պայքարի, նախկին իշխանությունների մասին՝ բազմաթիվ մանիպուլյատիվ հայտարարություններով հանդերձ:

Այնուհետև Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցել է Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի հայությունը: Նիկոլ Փաշինյանը ամերիկահայության համար արտասանել է Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը: Իր ելույթի վերջում, համարելով, որ Պարույր Սևակից հետո մի փոքր մեծամիտ է հնչում, այնուամենայնիվ վարչապետը արտասանել է նաև իր հեղինակային ստեղծագործույթունը, որը ավելի վաղ տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում:

Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքի մասին ամերիկյան ABC լրատվականը նշում է, որ հազարավոր մարդիկ են հավաքվել հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ, որը առաջին անգամ է այցելում Լոս Անջելես:

Իսկ Los Angeles Daily News-ը նշում է հանրահավաքի մոտ 10.000 մասնակիցների մասին: Լրատվականը հրապարակել է նաև ուսանկար, որում հանրահավաքի մասնակից քույրերը հանուն Ամուլսարի պաշտպանության պաստառներով են:

Մոտավորապես 10.000 մասնակից է հաշվարկել նաև «FOX11» հեռուստաալիքը, որին ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել: Հարցազրույցի ընթացքում Փաշինյանը, պատմել է, որ 2018թ. ցույցերի սկզբում նրա նպատակը վարչապետ դառնալը չէր. «Պարզապես մեր երկիրը ավելի լավը տեսնել»,-ասել է Փաշինյանը: Պատասխանելով լրագրող Արաքսյա Կարապետյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կառավարությունը «նախկին ռեժիմի» կողմից մեծ դիմադրության է հանդիպում կոռուպցիայի դեմ պայքարում: Փաշինյանը նշել է նաև, որ նա սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը նույնպես ասի, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի համար»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ամերիկյան իշխանությունների հետ հանդիպումներին, ապա նկատում ենք, որ դեռևս 3 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետը: Այս ամենը ի հեճուկս արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարության, որտեղ նա նշում է, որ այսօր գոյություն ունի հայ-ամերիկյան ծավալուն օրակարգ. «Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որն  այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Բայց նորից եմ ցանկանում կրկնել և ընդգծել, որ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ։ Եվ եթե ուղղակի դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ ենք մենք հանդիպում, եթե դատեք, թե երկխոսության ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում...»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Մնացականյանը: Կարելի է նկատել նաև, որ նախկինում արտաքին գործերի նախարարի հանդիպումները ամերիկյան ղեկավարության հետ ավելի բարձր մակարդակով են եղել, քան Նիկոլ Փաշինյանի հանդիպումները:

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ, մասնակցել վերջինիս անունից տրված պաշտոնական ընդունելությանը, ներկա գտնվել գալա ընդունելությանը, որին մասնակցել են համայնքի շուրջ 700 ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին:  

Չենք կարող ասել, թե որքան հաջող են անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, և ինչ գործնական արդյունքների է հասել վարչապետը լոսանջելեսյան հանդիպումներում, սակայն այն հանգամանքը, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի համար Լոս Անջելեսը «անմոռանալի» էր, վկայում են Հակոբյանի ինստագրամյան էջի լուսանկարները:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ կատարած թանկարժեք այցից հետո պարտավոր է հասարակությանը ներկայացնել այցի ընթացքում իր ամբողջ գործունեությունը և ներկայացնել գրանցած հաջողությունները` արդարացնելով Հայաստանում մեկնարկած ռազմավարական զորավարժություններից իր բացակայությունը, պետական բյուջեից ահռելի գումարների հատկացումը և չարտերային թռիչքների արժեքը, հակառակ դեպքում` այս գործուղումը ևս կարող է դասվել թանկարժեք և անարդյունավետ այցերի շարքին: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն