Ի՞նչն է ստիպել ըստ օդում կախված լուրերի բանակից խուսափած Տիգրան Ավինյանին կոշտ գնահատականներ հնչեցնել սպայի պատվի և ուսադիրների վերաբերյալ

article-image

Օրեր առաջ հրաժարական ներկայացրեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հրաժարականի մասին ի սկզբանե հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում։ Դրան հաջորդեց Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, որում տեղ էին գտել հետաքրքիր գնահատականներ Նիկոլ Փաշինյանի՝ պետության կառավարման վերաբերյալ ունեցած մոտեցումների մասով։

Հայտարարությունը բուռն քննարկումների առարկա դարձավ։ Այն առաջացրեց իշխանական շրջանակների զայրույթը, որը դրսևորվեց ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Արթուր Վանեցյանի հայտարարությունը հեռացնելով։

Հետաքրքրական է, որ զարգացող իրադարձությունների սկզբնական շրջանում հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ հնչում էին ուղիղ վարչապետի աշխատակազմից (մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստան)։ Իսկ իշխանական մյուս շրջանակները «խորշում» էին անդրադառնալ թեմային կամ տալիս էին ոչինչ չասող պատասխաններ։

Օրինակ՝ ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններին, արդյո՞ք դժգոհություն եղել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կառույցների աշխատանքներից, պատասխանել է. «Ես` որպես փոխվարչապետ, ուժային կառույցների աշխատանքներին այդքան էլ շատ չեմ առնչվել։ Նաև չեմ կարծում, որ լիազորված եմ գնահատականներ տալ։ Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասվել է։ Դա, ընդհանուր առմամբ, վարչապետի որոշումն է եղել»։

Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ իր այցի շրջանակներում Լոս Անջելեսում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանն ու հայտարարությունը պաշտոնական կայքից և էջից հեռացնելու հարցին, կոշտ արձագանքելով նշեց. «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության` հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»։

Սրան հաջորդեց նաև Արթուր Վանեցյանի հայտարարությունը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին։ (…) Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության  մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն  հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել: (…)»։

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայտարարությունից և Արթուր Վանեցյանի պատասխանից հետո «կրքերն ավելի թեժացան», քանի որ դրան հաջորդեց իշխանական ողջ ապարատի անցումը լռությունից դեպի ակտիվ գրոհի։

Օրինակ՝ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը, անդրադառնալով լրագրողի՝ Վանեցյանի հրաժարականի և դրա վերաբերյալ արվող մեկնաբանությունների հարցին, պատասխանել է. «Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել։ Նմանատիպ ձևով հեռացումը ինձ համար ուղղակիորեն անհասկանալի է և անընդունելի»։

Ակնհայտ նկատելի է Տիգրան Ավինյանի հռետորաբանության տարբերությունը սեպտեմբերի 21-ին և 24-ին տված պատասխանների միջը։

Թե հատկապես ինչն էր ստիպել անհասկանալի պատճառներով պարտադիր զինվորական ծառայություն չանցած, իսկ օդում կախված և չհերքված լուրերի համաձայն՝ զինվորական ծառայությունից խուսափած պաշտոնյային իր նախկին պատասխանին հակասող խիստ գնահատականներ հնչեցնել սպայի, սպայի պատվի և ուսադիրների մասին, այդքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի չառնենք, որ Վանեցյանի հասցեին խիստ գնահատականներ հնչեցնելու «ցանկությունը» առաջացավ իշխանական շրջանակների մոտ միաժամանակ։

Հաջորդիվ կանդրադառնանք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեին Արթուր Վանեցյանի վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչեցված գնահատականներին։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի չծառայելու հանգամանքները պարզելու նպատակով AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ և ՀՀ վարչապետին։ Մեզ պատասխանել էին, որ Տիգրան Ավինյանը Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականների համար, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար  տարկետում է ստացել, որից հետո առողջական խնդիրների պատճառով  օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Իսկ թե ինչ առողջական խնդիրների պատճառով է Տիգրան Ավինյանն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, պատկան մարմինները մերժել էին պատասխանել՝ օդում կախված թողնելով Տիգրան Ավնիյանի՝ բանակից ոչ օրինական ճանապարհով բանակից խուսափելու մասին լուրերը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն