
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Oragir.News-ը փողոցում հարցում է արել. հիշո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ով էր Սոնա Մնացականյանը։
Մարդկանց մի մասը չէր հիշում, նույնիսկ երբ լրագրողն իրենց պատմում է դեպքի մասին, մյուսները դեպքը հիշում էին, բայց զոհի անունը ոչ։
Վերջում մի մարդ էլ սկսեց կրկնել նիկոլական քարոզչական կեղծ թեզերից մեկը, թե «ինքն էր մեղավոր»։
Վերջին օրերին տարբեր մարդկանց հետ եմ խոսել ու համոզվել, որ նույնիսկ ընդդիմադիր շրջանակներում նիկոլական քարոզչությունը հստակ աշխատել է։ Շատերը հավատացել են, թե Սոնայի մեղքով էր (չկա այդպիսի բան, դա երևում է գործի նյութերից), մյուսները, որ, իբր, հենց իր ծնողները չեն ուզում, որ այդ մասին խոսվի (դա էլ այդպես չէ), երրորդները, թե. «բայց ախր սովորական դժբախտ պատահար էր» (կրկին ոչ)։
Եւ այսպես մանիպուլյացիաների ու ստերի մի մեծ շարան ...
Ապշել կարելի է, թե ինչպես է աշխատել Նիկոլի քարոզչական «ծանր հրետանին»։ Ամեն ինչ համարյա թե գիտական մանրկրկիտությամբ արել են, քայլ առ քայլ։
Կասկածներ ունեմ, որ դրսից էլ են մասնագետներ հրավիրել այդ PR-ճգնաժամը կառավարելու համար։
Վաղը լրանում է Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության 3 տարին։
Մեղավորներն անպատիժ են և մեծ հավանականությամբ, կմնան անպատիժ այնքան, քանի դեռ Նիկոլն իշխանության է։
Սոնայի ընտանիքը պայքարում է, որպեսզի վարույթ հարուցվի նաև շարասյան ղեկավարների դեմ, բայց այս պահին դեռ չի հաջողվել դա անել։
Դատվում է միայն Սոնային հարվածած մեքենայի վարորդը, սակայն նա ոչ միայն չի կալանավորվել, այլև շարունակում է աշխատել իր տեղում։ Մեղադրյալի պաշտպաններն ամեն ինչ անում են, որպեսզի դատը ձգձգվի այնքան, որ վաղեմության ժամկետը լրանա (5 տարուց 3-ն արդեն «բարեհաջող» կերպով գլորել են) ու ես կասկած չունեմ, որ իշխանության լիակատար աջակցությունն ունեն այս հարցում. 2024 թվականին ընդամենը 3 նիստ է կայացել։
Իսկ Նիկոլն ու իր մերձավորներն իրենց շաՌասյուներով՝ անպատժելիությունից հարբած, գժավարի էս կողմ-էն կողմ են անում, իրենց հետևեից թողնելով վթարների ու միջադեպերի հետք։ Բայղուշություն չանեմ, բայց կարծում եմ, որ հաջորդ ողբերգությունը զուտ ժամանակի հարց է։
Վաղը՝ շաբաթ օրը, 18:30, ես էլ՝ այլ ծանոթ և անծանոթ մարդկանց հետ գնալու եմ Լեո-Պարոնյան խաչմերուկ, մոմ վառեմ ու ծաղիկ դնեմ սպանության վայրում»: