Աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը. Վեհափառը՝ Հռոմի նորընտիր Պապին

article-image

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ։

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը՝ ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու Կաթոլիկ Եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը։

Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու Քույր Եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»։

Նորին Սրբությունը մաղթել է Սրբազան Քահանայապետին քաջառողջ երկար տարիներ և հոգևոր անսպառ զորություն՝ առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն