Իշխանության ներկայացուցիչների՝ իրարից տարբերվող և փոփոխական դիրքորոշումները Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ

article-image

Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ  ԱԱԾ տնօրեն Արթուր  Վանեցյանը հրաժարական էր ներկայացրել։ Վանեցյանի հրաժարականի մասին իր մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքից հետո ԱԱԾ պաշտոնական էջերում հրապարակվեց Վանեցյանի հրաժարականի տեքստը, որը սակայն օրեր անց հեռացվել էր ԱԱԾ պաշտոնական էջերից։

Վարչապետը իր Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկ անգամ էլ անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի բովանդակությանը՝ կոշտ գնահատականներ հնչեցրեց վերջինիս հասցեին։ Դրան հաջորդեց Վանեցյանի արձագանքը՝ ոչ պակաս կոշտ գնահատականներով։

Հետաքրքրական է, որ մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից Լոս Անջելեսում հնչեցրած գնահատականները, իշխանական շրջանակները խուսափում էին անդրադառնալ Վանեցյանի հրաժարականի թեմային, կամ էլ տալիս էին ոչինչ չասող պատասխաններ։ Սակայն բոլորի կողմից ընդհանուր շրջանառվող թեզն այն էր, որ վարչապետն է հեռացրել Վանեցյանին, ոչ թե Վանեցյանն է հրաժարական ներկայացրել։

Օրինակ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց. «Ուզում եմ արձանագրենք, հարգելի գործընկերներ, հետևյալ իրողությունը, որ հայտնի պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ և ըստ էության ավելացնելու որևէ բան այս պահին չկա։ Կարևորագույն շեշտադրումն այն է, որ դա եղել է վարչապետի որոշմամբ»։ Լրագրողների այն հարցին, թե ինչու չեք հայտում պաշտոնանկությունների պատճառների մասին, Աղաջանյանը պատասխանեց. «Պատճառների մասին կարող եմ ասել հետևյալը, որ երկու պաշտոնյաների գործունեությունը (խմբ. Վանեցյան, Օսիպյան) վարչապետին չի գոհացրել, չի բավարարել»։

Նմանատիպ խուսափողական պատասխան էր տվել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անկախության օրը՝ սեպտմբերի 21-ին, լրագողների հետ զրույցում. «Ես` որպես փոխվարչապետ, ուժային կառույցների աշխատանքներին այդքան էլ շատ չեմ առնչվել։ Նաև չեմ կարծում, որ լիազորված եմ գնահատականներ տալ։ Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասվել է։ Դա, ընդհանուր առմամբ, վարչապետի որոշումն է եղել»։

Իսկ լոսանջելեսյան կոշտ գնահատականներից հետո թեմայից խուսափողները ևս սկսեցին կոշտ գնահատականներ հնչեցնել Վանեցյանի վերաբերյալ։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելեսում հնչեցրած խոսքերը կարմիր լույս էին իշխանական շրջանակների համար, որ սկսեն հիմնավորել Փաշինյանի գնահատականները։ Իհարկե եղան նաև պաշոնյաներ, ովքեր իրենց դուրս դրեցին այս քարոզչական գծից՝ գնահատելով Վանեցյանին ըստ իրենց հետ անցած ճանապարհի, այլ ոչ թե ըստ Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ ընկալումների։

Օրինակ՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում,  անդրադառնալով Վանեցյանի հրաժարականին, նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա անհատական որոշում է եղել»: Նա հավելեց, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը նույնպես չի կարող մեկնաբանել. «Որովհետեւ մեկնաբանություներնն իր իրավասությունն է, և Վանեցյանը դա կանի ժամանակին: Կարծում եմ՝ առանց պատճառի չի լինում որևէ հրաժարական»:

Դավիթ Տոնոյանը հրաժարականի վերաբերյալ նաև նշեց. «Ազգային անվտանգության տնօրենը ինքն է որոշում կայացրել, և որքան հասկանում եմ, վարչապետը համաձայնել է»։

Տոնոյանը նաև հավելեց. «ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն  իրեն»

Իսկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի թեմային, նշեց. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»։ Իսկ լրագրողի՝ ուսադիրները աղբամանը նետելու վերաբերյալ հարցին պատասխանեց.«Ոչ մեկ իրավունք չունի ասի ուսադիրների մասին նման բան։ Ես էլ եմ ուսադիր կրել, ոչ մեկ իրավունք չունի նման բան ասի»։

Մինչդեռ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով լրագրողի՝ Վանեցյանի հրաժարականի և դրա վերաբերյալ արվող մեկնաբանությունների հարցին, հնչեցրեց իր նախորդ պատասխանից տրամաբանորեն տարբերվող պատասխան. «Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել։ Նմանատիպ ձևով հեռացումը ինձ համար ուղղակիորեն անհասկանալի է և անընդունելի»։

Իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը նշեց, որ բացասական է գնահատում և համարում է, որ մարդը, սպան, որն իր տեքստը ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությունով, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, շփում, աշխատելով, ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձևով և նման ոճով աշխատել կամ արձագանքել։ «Առավել ևս այդպիսի պաշտոն զբաղեցրած անձնավորությունը պետք է դա շատ-շատ ավելի լավ գիտակցի, քան, օրինակ մեկ այլ պաշտոնյա»,-հավելեց Սիմոնյանը։

Լրագրողի արձագանքին, թե նա թեկուզ Ձեր ընկերն է, բայց Դուք անընդունելի եք համարում  նրա այս պահվածքը, Սիմոնյանը պատասխանեց. «Ես իհարկե անընդունելի եմ համարում, բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ Հայաստանի Հանրապետությունում, ես ունեմ իմ ամենամեծ ու իմ ամենակարևոր ընկերը, դա իմ քաղաքական թիմն է»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ սեպտեմբերի 25-ին նշել էր. «Սպային հարիր գործողություն չէր, ինչպես նաեւ՝ հետագա ասելիքը, երբ նա սպառնում էր խոսելու եւ ինչ-որ բաներ բացահայտելու: Եթե ասելիք կա, թող օգտվի ազատ խոսքի իրավունքից եւ ասի, բայց պետական անվտանգության եւ ազգային անվտանգության ծառայության մեջ գտնված անձը նման խոսքեր չպետք է շռայլեր»։

Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական պաշտոնյաները միահամուռ ջանքերով շրջանառում են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «սպային հարիր չէր» թեզը, իսկ Վանեցյանի հրաժարականի տեքստում բարձրաձայնված մտահոգությունները, որոնք իրականում լուրջ վերաբերմունքի էին արժանի, այս քարոզչական արշավի պատճառով մղվեցին երկրորդական պլան։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն