Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան վերաբերյալ լրատվական խրոնիկան և մեդիամանիպուլյացիաները

article-image

Լրատվականների և Քննչական կոմիտեի «փոխհրաձգությունը»

Վերջին օրերին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան շուրջ տարածվող տեղեկատվական պայքարը ուղեկցվում է բազմաթիվ մանիպուլյացիաներով, փոխադարձ մեղադրանքներով, լրատվամիջոցների ուղղորդված պրոպագանդայով և քննարկումներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 23։30-ի սահմաններում, Բջնիի իր ամառանոցում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:  Մինչև այս ողբերագական դեպի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն կստացվի, լրատվականներում բազմաթիվ շահարկումներ եղան, և կատարվածի շուրջ ենթադրությունների հետ մեկտեղ եղան «բացահայտումներ»:

Նախ, «Հայելի.am» լրատվականում հրապարակվեց հոդված, որտեղ լրատվականը, հղում անելով իրեն հասանելի տեղեկություններին, հավաստում է, որ «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ,ախր նրանք  մեղավոր չեն»: Իսկ ArmLur.am կայքում հրապարակվել էին մանրամասներ Հայկ Հարությունյանի հետ կապված դեպքի առնչությամբ:

«Հայելի.am» լրատվականի հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր ներկայացրել` գրելով. «Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:

Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը:

Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:»:

Վերը նշված լրատվականներում հրապարակված հոդվածների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել լրատվականների խմբագիրներին: Նաիրա Հարությունյանը գրել է. «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:»:

ՀՀ Քննչական կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Նրանք  հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության  աղբյուրը:»

Լրագրողների հարցաքննությունից հետո «ArmLur.am» կայքում հրապարակվեց «Ժողովուրդ» օրաթերթի «ArmLur.am»-ի շտապ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «...ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է, ու մենք ապացուցել ենք, որ գրում ենք բացառապես ճշտված ինֆորմացիա եւ տեր ենք գրված յուրաքանչյուր տողին:»:

Իսկ «Հայելի.am» լրատվականի խմբագիր Անժելա Թովմասյանը «Aravot.am»-ի հետ զրույցում նշել է, որ կասկածներ ունի ազնիվ, արդար քննության նկատմամբ: Նա շեշտել է, որ վերջին 10 տարում բազմաթիվ նման հրապարակումներ են տեղ գտել իր կայքում, սակայն ոչ մի անգամ ինքը չի կանչվել հարցաքննության, բայց նաև հավելել է, որ սա չի դիտարկում որպես ճնշում լրատվամիջոցի վրա:

Լրատվականներ - Քննչական կոմիտե «լարվածության» կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ, որում Պաշտպանը նշում է, որ «…այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո:»:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում ներկայացրեց, որ «...Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

Ուղղակի և անուղղակի մանիպուլյացիա կամ ինչու են իշխանամետ լրատվամիջոցների` Հայկ Հարությունյանին վերաբերող հրապարակումները ուղեկցվում Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ լուսանկարներով

Հայկ Հարությունյանի մահվան մասին տեղեկությունները իշխանական կամ առնվազն իշխանամետ լրատվամիջոցներում ուղեկցվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարներով: Այդ լրատվամիջոցներից են «Ազատություն» ռադիոկայանը, «factor.am»-ը, «Araratnews.am»-ը, «Սիվիլնեթը», «1in.am»-ը, «galatv.am»-ը, «Առավոտը», Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը և այլն: Նման գործելակերպով լրատվամիջոցները ուղղակիրորեն կամ անուղղակիորեն ակնարկում էին Հայկ Հարությունյանի` Ռոբետ Քոչարյանի և «Մարտի 1»-ի գործի հետ առնչության մասին: Այդ տրամաբանության տակ է գործում նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի նորաբաց լրատվական կայքը` 1lurer.am-ը: 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանական և մերձիշխանական լրատվականները հերթական պրոպագանդան են իրականացնում` փորձելով ամեն գնով ազդել հանրության տրամադրությունների վրա` օգտագործելով մեդիամանիպուլյացիոն գործիքները: Նման քայլերով լրատվականները ոչ միայն իջեցնում են իրենց վարկանիշը, այլև ամրապնդում են կողմնակալ լրատվամիջոցի իրենց համբավը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը