ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մանիպուլյացիաները Վանեցյանի հրաժարականի և Փաշինյանի՝ ոչ պատերազմական ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար լինելու վերաբերյալ

article-image

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում արել է մի շարք մանիպուլյատիվ և վիճահարույց արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն նման կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձին, այլ նաև հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Հատկապես ուշագրավ են ԱԽՔ հայտարարությունները նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պատերազմական ժամանակ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու մասով:

Արմեն Գրիգորյանի մանիպուլյացիան Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը փորձել է մանիպուլյատիվ կերպով, բառախաղերի միջոցով Արթուր Վանեցյանի՝ իր դիմումի հիման վրա պաշտոնից ազատվելու փաստը ներկայացնել որպես վարչապետի հրահանգ և նշել է, որ նման (նշանակովի) պաշտոն զբաղեցնող անձինք կարող են միայն ազատման դիմում ներկայացնել, այլ ոչ թե հրաժարական:

Որպեսզի ավելի պարզ լինի մանիպուլյացիայի աստիճանը, նշենք, թե ինչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետում  նշված է, որ վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, միևնույն ժամանակ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հովածի 5-րդ կետում հստակ նշված է, որ ազգային անվտանգության ծառայողը պաշտոնից կարող է ազատվել նաև իր դիմումի համաձայն: Ստացվում է այնպես, որ  Արմեն Գրիգորյանը փորձել է իրավական ընթացակարգը ներկայացնել որպես վարչապետի կամք և բացառել Վանեցյանի` ինքնակամ պաշտոնից ազատվելու փաստը, այսինքն ֆորմալությունը հասարակությանը հրամցնել որպես վարչապետի դժգոհության հետևանքով առաջացած որոշում:

Արմեն Գրիգորյանի մանիպուլյացիան՝ Նիկոլ Փաշինյանին ոչ պատերազմական ժամանակ «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակելու մասով

Գրիգորյանի հաջորդ ուշագրավ արտահայտությունը կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ ինքն իրեն ոչ պատերազմական ժամանակահատվածում «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակելու հետ: Այս մասով Արմեն Գրիգորյանը ասել է, որ վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը, և փորձել է Սահմանադրության 155-րդ հոդվածը կամայականորեն մեկնաբանել։

Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Արմեն Գրիգորյանը այս դրույթը փորձել է ներկայացնել յուրովի՝ ասելով, որ Սահմանադրությունը իրականության հետ որոշակի խնդիրներ ունի, և Հայաստանը փաստացի (դե ֆակտո) պատերազմի մեջ է:

Բացի այն, որ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է ոչ թե «գերագույն գլխավոր հրամանատար» այլ «գերագույն հրամանատար» տերմինը, Արմեն Գրիգորյանը կարծես գիտակցական մոռացության կամ անգիտության էր մատնվել՝ չնշելով Սահմանդրության այն դրույթները, որտեղ հստակ նշված են, թե որ դեպքերում և ինչ մարմինների կողմից է դե յուրե պատերազմ հայտարարվում, որն էլ հենց նկատի է առնված Մայր օրենքի 155-րդ հոդվածի 4-րդ կետում:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն