Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար

article-image

Օրերս AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել այդ ամենի համար՝ շուրջ 2 միլիոն դոլար։

Տեղեկությունը ճշտելու համար AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իսկ մինչ կստանանք պաշտոնական պատասխանը, մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել հրապարակային աղբյուրներում։

Եվ այսպես, e-gov.am կայքում «Կառավարության նիստերի օրակարգ» բաժնում գտնում ենք սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում ներառված 19-րդ՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայասատանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» հարցը: Հարցի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը նշված են որպես «գաղտնի», իսկ հարցը «Չզեկուցվող» հարցերի շարքում է։

Նախագծի և հավելվածների ուսումնասիրությունն ավելի հետաքրքիր հանգամանքներ է բացահայտում։

Եվ այսպես, ՀՀ կառավարության որոշման նախագծով հասանելի է միայն որոշման 1-ին կետը, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի մոտ նշվում է «հույժ գաղտնի»։

Նախագծի 1-ին կետով սահմանվում է, որ կառավարությունը որոշում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարել։ Իսկ նախագծի ընդունման հիմնավորումներում նշված է, որ նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Այս աշխատանքների կատարման համար նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար)

Իսկ նախագծին կից հավելված 1-ում կարդում ենք, որ 291.687.400 դրամը հատկացվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, հարակից տարածքի հիմնանորոգման համար։ Ընդ որում, որպես վերը նշված ծրագրի անվանում` նշված է «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովումը», որպես ծրագրի նպատակ` նշված է «Աջակցել կառավարության՝ վարչապետի և փոխվարչապետերի գործունեությանը», իսկ որպես վերջանական արդյունքի նկարագրություն` նշված է «ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողության ապահովումը»։

Արդեն կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի ընթացքում միաձայն ընդունվել է չզեկուցվող հարցերի փաթեթը, այդ թվում` 19-րդ հարցը և կառավարության 1238-Ն որոշմամբ գումար է հատկացվել վարչապետի աշխատակազմին։

Ենթադրելի է, որ կառավարությունը հենց սեպտեմբերի 19-ի` 19-րդ չզեկուցվող հարցով ընդունված որոշմամբ էլ պետական բյուջեից, բացի հրապարակված 290 միլիոնից ավելի գումարից, մյուս «հույժ գաղտնի» կետերով գումար է հատկացրել Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ընտանիքին սպասարկող առանձնատունը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կես միլիոն դոլարից ավելի գումար է անհրաժեշտ ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունն ապահովելու համար։

Իսկ թե հասարակությունից «հույժ գաղտնի» պայմաններում որքան գումար է հատկացվել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար՝ շուրջ 2 միլիոն դոլար, թե ավելի, պարզ կլինի, երբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չմերժի մեզ և մեր հարցմանը պատասխան տրամադրի՝ պետական բյուջեից իր և իր ընտանիքի անձնական կարիքների համար արվող ծախսերը հանրությանը ներկայացնելու համար։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը