«Երեսպաշտներից մինչև սկզբունքայիններ». իրավապահ մարմինների, պատգամավորների, փաստաբանների, հասարակական-քաղաքական գործիչների անդրադարձը դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցածին

article-image

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը ուղեկցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց չփոխած ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին և հարցնում են, թե արդյոք նա իրեն դասում է, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, «վնգստացող դատավորների» շարքին։

Աննա Դանիբեկյանը, երիտասարդների պահվածքը որակելով որպես անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ, ձեռնամուխ է եղել իր շահերի պաշտպանությանը։

Վաղ առավոտից համացանցում շրջանառվում է Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը՝ տարբեր որակումներով։

Դեպքի կապակցությամբ քայլեր են ձեռնարկել և հաղորդագրություններ են տարածել իրավապահ մարմինները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՀՀ Արդարադատության նախարարը։

Եվ այսպես, ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկանում ենք.

«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն»։

Հաղորդագրությանը կից ներկայացված է տեսանյութ՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է» վերնագրով։

ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»:

Իսկ ավելի ուշ Հարությունյանը գրել է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը»:

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը, որում մասնավորապես նշվում է.

«Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»:

Իսկ ԲԴԽ մամլո խոսնակ Արման Խաչատրյանը գրել է.

«Այսօր երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Տեղեկացնենք, որ այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը»:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին.

«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։

Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։

Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:

Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է.

«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: 
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածին անդրադաձել են իրավաբաններ, փաստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, ակտիվիստներ և այլն։ Անդրադարձները երկու տեսակ են՝ մի մասը դատապարտել է Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը, մյուս մասը, տեղի ունեցածը դատապարտելով հանդերձ, մեղադրել է ՀՀ իշխանություններին և իրավապահ համակարգին երկակի ստանդարտներով առաջանորդվելու մեջ և հիշեցրել դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի, Ալվինա Գյուլումյանի, Դավիթ Բալայանի և այլ դատավորների նկատմամբ տեղի ունեցած առավել ուժգին և դատապարտելի ոտնձգությունները, որոնց պարագայում ՀՀ իշխանությունները և իրավապահ մարմինները «լռում էին» և «քայլեր չէին ձեռնարկում»։

Ներկայացնում ենք իշխանության ներկայացուցիչների և վերջիններիս աջակիցների անդրադարձները դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածին.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է.

«Խնդրում եմ ուսումնասիրել ստորեւ ներկայացված տեսանյութը, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով կամ այլ հոդվածներով նախատեսված տարրեր հայտնաբերելու դեպքում հարուցել քրեական գործ։ Միաժամանակ, պահանջում եմ անհապաղ պատշաճ, բավարար միջոցներ ձեռնարկել դատավոր Դանիբեկյանի անվտանգության ապահովման ուղղությամբ»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

«Դատավոր Դանիբեկյանի պաշտպանությամբ ոստիկանությունն արդեն զբաղվում է, բայց այ փաստաբանական այն մեծ թիմը, որն ամիսներ առաջ խիստ հուզվել էր մեկ այլ դատավորի դեմ հարուցված գործից, սրան ինչպես է վերաբերվում, այս խուլիգանությունը ճնշում չէ՞, թե՞ ամբաստանյալ Քոչարյանի թիմին ամեն ինչ թույլատրելի է»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեջբերել է ՀՀ քր. օր. 332-րդ հոդվածը, որը կիրառելի չէ տեղի ունեցած դեպքի նկատմամբ, այնուամենայնիվ պատգամավորը գրել է.

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, Հոդված 332.
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»։

«Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Սիփան Փաշինյանը ևս կիսել է Ոստիկանության տեսանյութը՝ գրելով.

«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է.

1. «Քիչ առաջ մի գրառում էի արել առ այն, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին պետական պահպանություն է պետք տրամադրել։ Գրառումից հետո ստացա այս ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով արված ձայնագրությունը։ 

ԱԱԾ, Ոստիկանություն, հորդորում եմ շտապ գործել, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ու պաշտպանել դատավորին այս ստահակների ոտնձգությունից։ 

Անգործությունը ձեզ չի ներվի»։

2. « Տեղեկացնեմ, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ 

Մեղավորները անպատիժ չեն մնա»։

3. «ՈՉ ՄԻ ՄԵՂԱՎՈՐ ԱՆՊԱՏԻԺ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ!!!

Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է»։

Երևանի ավագանու «Իմ քայլխմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրել է.

1. «Հաջորդը հենց նույն կերպ պետք է ձերբակալել Նարեկ Մալյանին, ով շաբաթներ շարունակ ՀՀ քաղաքացիներին ենթարկում է հետապնդումների և ճնշումների»:

2. «Ո՞ւր են Քոչարյանին ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանի վրա բիրտ ճնշումների մասին գոռգռացողները, երբ իրական ճնշման է ենթարկվում դատավոր Աննա Դսանիբեկյանը։ 

Ոստկինությունն արդեն զբաղվում է Դանիբեկյանի անվտանգությամբ, բայց դուք խեղկատակ եք, ծախված «իրավապաշտպաններ», ում համար իրավունքն ու օրենքը գոյություն ունեն, եթե ծառայում են ոչ բարով երկրորդ նախագահի նեղ անձնական շահերին»։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը գրել է.

«Հիմա ուշադրությամբ հետևում ենք «Ստանձնում եմ դատավորի պաշտպանությունը» 100+ փաստաբանների լռությանը` դատավոր Աննա Դանիբեկյանի հետապնդման շուրջ»:

Փորձագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է.

«Թիկնապահ տրամադրել են, լավ են արել, թեպետ ուշացումով են արել։ Իսկ հետապնդողին, որ թմրանյութի գործով ազատության մեջ է դատավորի թեթեվ ձեռքով, բռնել են? Ոչ.... Ուրեմն կիսաքայլ է ու նոր հարձակումներ սպասեք....»։

«Առավոտ» թերթի ռուսերեն բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը գրել է.

1. «Վարձկան "դատապաշտպաններն" ասելիք չունե՞ն տեղի ունեցածի կապակցությամբ։ Թե՞ միայն իրենց նման կավատ "դատավորի" կամ էն անդամ-անդամուհիների համար ա սիրտները ցավում։ Թե՞ մինչեւ փողը չտան՝ չեն խոսա»։

2. «Եթե Ոստիկանությունը մինչեւ առավոտ էս վիժվածք լամուկին չձերբակալեց ասֆալտին փռելով, ուրեմն ուսադիրի պատվի մասին կլինի խոսակցություն առավոտվանից, շատ լուրջ խոսակցություն։ Հեռոսիչն աչքիս հոտառությունը սրընթաց կորցնում ա։ Առավոտյան պարզ կդառնա ով ու ինչից ա վնգստալու։
Տեսանյութը թող մնա»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրել է.

1. «Չափներդ անցաք այսօր . սա հաստատ..
իսկ ոստիկանությունը եթե էշի ականջում քնելու է, ապա ողջ հետևանքների համար անմիջական պատասխանատվությունը կրելու է անձամբ ոստիկանապետն ու իշխանությունը....»։

2. «Սա ուղղակի և հրապարակային ճնշում է դատավորի նկատմամբ։ Նման վարքագիծը տարածում է ստանում և չի կարող պաշտպանված լինել ժողովրդավարական պետությունում»։

«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ»-ը կիսել է Ոստիկանության տեսանյութը։ Ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ևս կիսել է տեսանյութը։

Ակտիվիստ Վարդգես Գասպարին գրել է.

1. «... ու ինչ գործ ունի էս Քոչարյանների վարձկանը ԿԻՆ դատավորին աշխատանքից հետո հետապնդելով հարցեր տա...ալո ոստիկանություն, ԱԱԾ կա՞ք...թե սրանց նմանների հարցերով էլ պետքա ժողովուրդը զբաղվի»։

2. «Ասա՝ ովա՞ աջակիցդ, ասեմ՝ ով ես դու...»։

Իրավաբանների և փաստաբանների անդրադարձը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.

1. «Դատավոր Ա.Դանիբեկյանի հետ կատարված միջադեպը բոլոր այն դատապարտողներին, ովքեր չեն դատապարտել դատավոր Դ.Բալայանի միջադեպը, չեն դատապարտել դատավորներ Ա.Ազարյանի և Դ.Գրիգորյանի հետապնդումները, ասեմ, որ ձեր կարծիքը ունի զրո արժեք»։

2. «Ռ. Քոչարյանի կողմնակիցներին մի խորհուրդ եմ ուզում տալ, եթե կընդունեն։ Պատկերացրեք, թե ինչ խիստ ու անմարդկային մեթոդներով կարող էին տիկին Դանիբեկյանին ստիպել կայացնել ձեր դժգոհությունը առաջացրած դատական ակտերը։ Իմ տեղեկություններով, տիկին Դանիբեկյանը համեստ ընտանիքից է, իր ուժերով և գիտելիքներով է դարձել դատավոր, չունի ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունում որևէ հովանավոր, այսինքն` միայնակ է բոլորի դեմ։ Իրեն պետք է օգնել` քաջալերելով, լինել ջենտլմեն և հիշել, եթե կինը սխալ է, ուրեմն իրենից պետք է ներողություն խնդրել»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.

1. «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածը անթույլատրելի է ու տհաճ...
Բայց քանի դեռ դատական համակարգը շտկելու փոխարեն, իշխանությունները շարունակում են վիրավորանքներն ու ճնշումները, նման երևույթները, ցավոք, սպասելի են։ Իսկ եթե գիտակցությունն այդպես էլ չհայտնվի, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»։

2. «Հիշում ե՞ք դատարանների շրջափակումը... Դեռ շատ ենք հիշելու»։

3. Երվանդ Վարոսյանը նաև հրապարակել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շրջափակման օրը դատավոր Դավիթ Բալյանի ընկնելու տեսարանը և գրել. « Վայ, նույն դատարանի շենքը...»։

4. «Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ, բոլորը բարոյագետ ու իրավաբան են դարձել։ Թե բա արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ամոթ, դատել, կախել, վառել...

Փաստորեն դուք նաև ցինիկ եք, փաստորեն «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»-ն, դատավոր Հրաչի «ուզի-չուզի»-ն, Ազարյանի վրա հարձակումը, Հայաստանի բոլոր դատարանների աշխատանքը խոչընդոտելը, Բալայանին գետնին տապալելը, Գրիգորյանին քրեորեն հետապնդելը, Գյուլումյանին ՍԴ դիմաց քաշքշելը հեչ... վարչապետի ու ԲԴԽ նախագահի արտահայտած մտքից դատավորին հարց տալը մե՞ջ։

Լավ իրո՞ք դուք իշխանություն էիք ուզում, որ զուտ իշխանություն ունենաք, այսքան տարի անարդարության ու ապօրինության դեմ պայքարում էիք, որ ընդամենը դուք դա անելու հնարավորություն ստանա՞ք, երկակի ստանդարտների դեմ խոսում էիք, որ քառակի՞ն կիրառեք, լավ էդ աթոռներին թույն է՞ քսած, որ ով նստում ցինիկանում է»։

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը գրել է. «Դատապարտում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը։ Աջակցում եմ Աննա Դանիբեկյանին և կոչ անում, որ վերջ տրվեն նման դրսևորումները։ Անթույլատրելի է»։

5. «Դատավորի էտալոն… բա չէ էն մորթապաշտները»։

6. «Մինչև 2050 թվական յուրաքանչյուր դատավոր կունենա չորս թիկնապահ, երեք հրահանգիչ, երկու զանգող ու մեկ պահապան հրեշտակ»։

Փաստաբան Գոհար Մելոյանը գրել է.

«Դատական իշխանությունն արդարադատության երաշխավորն է, և այս իշխանության նկատմամբ հասարակության կողմից հարգանքի և վստահության մթնոլորտի ապահովումը յուրաքանչյուրիս, առավել եւս՝ պետական մարմինների պարտականությունն է!

Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, անընդունելի է ցանացած իրավագիտակից անհատի համար:

Սակայն, արդյո՞ք, արդարացի է քննադատության և պատասխանատվության ենթարկել երիտասարդների, այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքն է մեր հասարակության մեջ ներմուծել «պատերի տակ վնգստացող դատավորներ» որակումը:

Արդյո՞ք համաչափ է արձագանքը, ոչ այնքան իրավագիտակից երիտասարդների արարքին.

-երբ լսում ենք հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ դատավորները հրահանգավորվում են.

-երբ Վարչապետի կոչով շրջափակվում են դատարանները.

-երբ ոչ ցանկալի դատական ակտերի համար պետական այլ մարմինների կողմից բացահայտ հետապնդման են ենթարկվում այդ ակտերը կայացրած դատավորները.

-երբ ակնհայտ թիրախավորված կերպով քաղաքական հետապնդման է ենթարկվում Սահմանադրական դատարանը.

-և երբ այս «երբերը» ուղեկցվում եմ Սահմանադրության, միջազգային նորմերի և օրենքների խախտումներով:

Ստեղված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի...

Այն համադրելի է Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ինչպես նախորդ անգամ էի կանխատեսել՝ շարունակական է լինելու !

Եւ կրկին հնչեցնում եմ նույն հարցադրումները.

-արդյո՞ք արդարացված են քաղաքացիների գործողությունները.

-արդյո՞ք իշխանությունները վրդովվելու և պատասխանատվության ենթարկելու բարոյական իրավունք ունեն.

-ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար.

-ումի՞ց է քաղաքացին օրինակ վերցնում։

Ահա, թե ինչու են անընդմեջ հնչեցվում սթափեցման կոչեր, ահա պատճառը, թե ինչու եմ անընդմեջ բարձրաձայնում հատկապես պետական մարմինների կողմից օրինականության սահմանադրական սկզբունքի խախտման անթույլատրելիության և հետագա աղետալի հետևանքների մասին:

Արդեն վաղուց ժամանակն է, որ հստակ ուրվագծվի սահմանագիծը և իշխող քաղաքական ուժը կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է նավարկելու մեր պետությունը:

Լիահույս եմ, որ այդ ճանապարհորդությունն այլևս չի հատի իրավական պետության սահմանները!»։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.

1. «Իմ դավանած արժեհամակարգում անթույլատրելի է ցանկացած դատավորի նկատմամբ անհամաչափ միջամտություն՝ պայմանավորված մասնագիտական գործունեությամբ։

Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ կատարվածը այդպիսի միջամտություն էր, ուստի ես այն միանշանակ անթույլատրելի եմ համարում։

Միևնույն ժամանակ,

1) իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները «երեսատեղ չունեն» քննադատելու կատարվածը - հենց նրանք են բացել Պանդորայի արկղը՝ դատարանները արգելափակելով, դատավորներ Ազարյանի ու Գրիգորյանի նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումներով, դատավորներին «վնգստացողներ» անվանելով։ Իմաստություն ունեցեք հնարավորինս մեղմել ձեր հասցրած վնասը։

2) գործադիրը պարտավոր էր ի սկզբանե անվտանգություն հատկացնել դատավոր Դանիբեկյանին։ Դուք ակնհայտորեն թերացել եք»։

2. «Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ»,

Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։

Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ միայն ձերբակալեցին, այլև պետությունը (նկատեք՝ ոչ լրատվամիջոցը, այլ պետությունը՝ ոստիկանությունը) հրապարակեց անձի արժանապատվությունը արատավորող ձևով այդ անձի ձերբակալման կադրերը։

Մեկնաբանությունում ներկայացված տեսանյութում երևում է, թե իշխող ուժի մի խումբ կողմնակիցներ ինչպես են ոտնձգում (ընդհուպ՝ ֆիզիկապես) Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։ Ոտնձգողներից որևէ մեկը չի ձերբակալվել, ավելին՝ նրանցից որևէ մեկի նկատմամբ որևէ ընթացակարգ չի կիրառվել։ Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել ընդամենը հունիսի 5-ին՝ հարյուր օր առաջ, ինչը նշանակում է, որ «ժամանակային խզման» փաստարկը չի աշխատի։

Հետևություն։ Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է։

ՀԳ. Երեկվանից տիեզերական ողբ դրած՝ իշխող քաղաքական ուժի սպասարկուները երեսպաշտ են և փարիսեցի։ Նրանք ոչ թե գաղափար են պաշտպանում (դատավորի նկատմամբ միջամտությունն անթույլատրելի է), այլ, իրենց ընկալմամբ, իրենց կողմնակցին։

ՀԳ-2. Երեկ արտահայտածս մոտեցումն անխախտ է - դատավոր Դանիբեկյանի հետ կատարված միջադեպն անթույլատրելի էր։ Բայց պանդորայի արկղը բացողը հենց իշխանություններն էին»։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է. «Դատավորի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է»։ Հարցին՝ դատարանների մուտքերի արգելափական արդյունք չէ, Ալումյանը պատասխանել է․ «Երկու դեպքում էլ անընդունելի է»։

Իրավաբան Արսեն Բաբայանը գրել է.

1. «Անկախ նրանից, թե ինչ կարծիք, համոզմունք կամ վերաբերմունք ունեք դատավորի կայացրած որոշման վերաբերյալ, զերծ մնացեք որևէ կերպ դատավորին հետապնդելուց:

Դատավորները գտնվում են պետության բարձր պաշտպանության ներքո և բոլորս պարտավոր ենք բարձր հարգանք ցուցաբերել դատավորի նկատմամբ: Կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ կարծիք ունենք նրա կայացրած որոշման մասին»:

2. «Քաղաքակիրթ հասարակությունում դատավորը հավասարեցվում է հոգևորականին, դատարանը` եկեղեցուն: Դատարաններն ունեն գրեթե նույն պաշտելիությունը, ինչ եկեղեցին:

Իսկ մենք հավասարաչափ վիրավորում, ծաղրում և անարգում ենք հոգևորականին ու դատավորին:

Իհարկե հասկանում եմ, որ կհակադարձեք ասելով, թե մեր եկրում որոշ հեգևորականներ ու դատավորներ իրենց վարքով ու բարքով ստիպում են արժանացնել այդ վերաբերմունքին, բայց ավելի լավ եմ հասկանում, որ մեղքն ուրիշների վրա գցելն ավելի հեշտ է»:

3. «Գործադիր իշխանությունը պարտավոր է հավասարաչափ ապահովել բոլոր դատավորների անվտանգությունն ու արժանապատվությունը:

Եթե գործադիր իշխանությունը դատավորների պաշտպանության իր պարտականությունը կատարում է ընտրողաբար (օրինակ` նույնանման արարքից պաշտպանում է մի դատավորի, բայց հրաժարվում է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի), ապա անպաշտպան թողնված դատավորի նկատմամբ պետությունը ցուցաբերում է խտրական վերաբերմունք, դրանով գործադիր իշխանությունը հաստատում է, որ ունի յուրային և իրեն չենթարկվող դատավորներ:

Այս խտրական վերաբերմունքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, մասնավորապես` հասարակության որոշ շերտեր կարող է համարեն, որ ոչ յուրային դատավորներին պաշտպանելու բեռը թողնված է հասարակության այդ շերտերի ուսերին»:

Իրավաբան, փաստաբան, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է.

1. «Անկախ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման հետ ունեցած խորը անհամաձայնությունից նրա հանդեպ կատարվածը համարում եմ անթույլատրելի։

Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՜Ք։

Ու՞ր էին ձեր լալահառաչ եւ իրավապաշտպան գրառումներն ու մտքի գոհարները, երբ ճնշում էին (էիք) դատավորներ Ազարյանին ու Գրիգորյանին։

Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո։

Հ.Գ. ԲԴԽ ղեկավարին ու անդամներին ասեք մենք ձեզ չենք հարգում, իսկ դու՞ք։

Ձեր հայտարարության փոխարեն կարող էր լինել լվացքի փոշու գովազդ»։

2. «Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:

Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպեսզի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր» ԱԺ պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը «մտցրել եք կյանք»՝ սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:

Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:

Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։

Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,

Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:

Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:

Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ: Այն պիղծ է ու թունավոր:

Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:

Ուստի պարոնայք ու տիկնայք երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել»։

Հասարակական և քաղաքական գործիչների անդրադարձը.

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը գրել է.

«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը դատապարտելի ու անընդունելի է երկու պատճառով:

Նախ ակցիայի մասնակիցները պետք է հաշվի առնեին, որ իրենց դիմաց կին է և ցուցաբերեին հայ տղամարդուն վայել հարգանք ու կոռեկտություն:

Երկրորդը, դատավորի նկատմամբ պետք է ցուցաբերել բացառիկ հարգանք, և դա վերաբերվում է բոլորիս՝ պետության ղեկավարից մինչև փողոցի ակտիվիստներ:

Միայն այսպես մեզ կհաջողվի ձևավորել հիրավի անկախ և հանրային մեծ վստահություն վայելող դատական համակարգ»:

«Ադեկվադ» կուսակցության անդամ Լիկա Թումանյանը գրել է.

«Ինչ կցանես, էն էլ կստանաս վզակոթիդ թարս բումերանգով։

Ով էր դատավորին սպառնում ՝ «խելքդ գլուխդ հավաքի» ?

Ով ա դատարանների դռները «ինքնաբուխ» փակել տվել ?

Ինչ որ մեկը պատժվել ա աշխատանքի գնացող դատավորին գետնին հրելու համար??

Ով էր դատավորին վախեցնում են չեղած,հետո եղած քրեական գործով?

ԲԴԽ-ն ձեն չհանեց նաև Ազարյանի ու մնացածի ժամանակ։

Երբ ատելությունն ու անօրինությունը դարձնում ես թուլատրելի, այն մի օր կֆռա քո դեմ։

Եվ այս իրականության մեջ ճնշման կարա ենթարկվի թե Դանիբեկյանը, թե ԲԴԽ նախագահը, թե էլ ով ասես։

Չես կարա «մեքենայի» ղեկին նստած համ «գազին» սեղմես, համ «տոռմուզին»։ Շուռ կտաս մեքենան, այ ախմախ, ու մեջը նստածներին էլ վարի կտաս...»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է.

«Թող ինձ ներեն բոլոր այն ընկերներս, որոնք արդեն հասցրեցին դատապարտել, Նիկոլ Փաշինյանի ասած, «պատերի տակ վնգստացող դատավորներից» մեկի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, բայց ես էդ մտահոգությունը հրապարակային արտահայտելու ձևաչափը չեմ ընդունում: Իսկ իշխանության հետույքը լիզող տարատեսակ «վերլուծաբաններին» ու սոռոսի վաստակներին մի բան ունեմ ասելու. երբ ՍԴ անդամ/դատավորների վրա էիք հարձակվում հենց ՍԴ բակում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական գործի տակ էր մտցնում ձեր գերագույն գլխավորը, երբ ասում էր «պատերի տակ վնգստացողներ» ու նման այլ գռեհկաբանություններ ու լակոտի պահվածք էդ ինչի՞ էդ ժամանակ լեզուներդ իշխանական հետույքներից չէիք հանում ու կոկորդներդ ճղում հանուն ճշմարտության:

Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ արվածից հազարապատիկ ավելի վատ բաներ են արել ու անում գործող իշխանությունները իրենց չհնազանդվող դատավորների նկատմամբ ու եթե էդ ժամանակ ձեր բերանից քաքի հոտ ա գալիս (հայտնի պատճառներով) հիմա դուք խոսալու իրավունք չունեք:

Իսկ իրապես մտահոգ մարդիկ, որոնք արագ արձագանքեցին հրապարակային թող իմանան, որ Նիկոլն ու իր կառավարությունը խորապես թքած ունեն իրենց կարծիքի վրա: Մաքսիմում էդ հրապարակային արտահայտած կարծիքը մի անգամ կօգտագործեն իրանց ուզածով ու վերջ:

Հ.Գ. Դատավոր Դանիբեկյանին ու մնացած այլ «պատերի տակ վնգստացող» դատավորներին էլ տենց նվեր պետք չի մատուցել տղերք դրա հակառակ էֆեկտը ավելի շատ կլինի քան ձեր ուզածը արտահայտելը: Էսքանը, լավ մնացեք»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, հրապարակելով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Բալայանի նկարները, գրել է.

«Խստորեն դատապարտում եմ դատավորներին բզբզելու պրակտիկան, ժողովրդավարական երկրում այսպիսի բան անթույլատրելի է։ Բոլոր մեղավորները ու նրանց հրահրողները պատժվելու են»։

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

«Ուրեմն նույն դատարանի շենքում աշխատող մեկ այլ դատավորին մի քանի ամիս առաջ պատուհանից ցած են գցել ու դե ոչ մի բան (դեռևս): Իսկ երեկ դատավորին փողոցում հարց տվածին սպեցնազով բաժին են տարել...»։

Նույն կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է.

«Համարյա էքստազ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես են մարդիկ, ովքեր ոգևորությամբ ծափահարում էին, երբ Նիկոլն ասում էր` «կա՞ տենց դատավոր, որ ինձ կասի չէ», երբ արգելափակվում էին դատարանի մուտքերը, երբ բռնություն էին կիրառում դատավորի նկատմամբ, երբ քրեական գործեր էին կարում Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի վրա, այսօր խստագույնս դատապարտում այն դրվագը, երբ դատավոր Դանիբեկյանին հարցնում են, թե արդյո՞ք ինքը Նիկոլի ասած պատերի տակ վնգստացող դատավորներից է...

Արա լավ, ո՞նց կարելի է այսչափ երեսպաշտ լինել: Ով էլ, որ երեսպաշտությունից մղված չի անում դա, ավելի լավ վիճակում չէ, որովհետև անուղեղ է»:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրել է.

«<Նոր Հայաստան>-ի պերճանքն ու թշվառությունը, ահա, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել։ Բոլորը այս մասին են գրում, մեկը դատապարտում է, մյուսն ասում է՝ լավ են արել, երրորդը խոսում է երկակի ստանդարտներից, չորրորդը հարցնում է՝ իսկ ինչո՞ւ ժամանակին, երբ այլ դատավորների նկատմամբ էր այդ <անհարգալիցը> դրսեւորվում, ձայն չէիք հանում, հինգերորդը թե՝ իսկ ինչո՞ւ երբ դատարանների դռներն էին շրջափակում վարչապետի կոչով, ձայն-դատապարտում չէր լսվում, երբ դատավոր Բալայանին էին հրում-գցում, խոչընդոտելով նրա մուտքը իր աշխատավայր, հորթային հրճվանք էիք ապրում, ինչու, երբ դատավոր Գրիգորյանի նկատմամբ եղավ ընտրողական վերաբերմունք,կամ քար լռություն էր, կամ՝ հրճվում էին նորեկողները, վեցերորդը՝ ինչո՞ւ, երբ, այսօր ՍԴ դատավորների նկատմամբ է տիրաժավորվում անհարգալից վերաբերմունք, ծպտուն չեք հանում, յոթերորդը՝ ինչո՞ւ երբ վարչապետի աթոռին նստածը դատավորների հասցեին անհարգալից բաներ է ասում, <պատերի տակ վնգստացողներ> եւ այլն, ոչ մեկդ չէիք շնչում-արտաշնչում․․Կարելի է այս ցանկը երկար շարունակել, հիշեցնել, թե ինչեր էր կատարվում ՀՀ ԱԺ պատգամավորների տների առաջ, սոցցանցերում նրանց/մեր/ երեխաներին/ ինչպիսի բարոյահոգեբանական ճնշումների էին ենթարկում եւ այդ ժամանակ բոլորը լուռ էին, այո, հորթային հրճվանքով դիտում էին Նիկոլի եւ նրա քալիստների վայրագությունները, ատելության եւ դաժանության շքերթը, սրանց մասին պարզապես հիշեցնում եմ, եւ այսօր, այո, ստացվեց ՝<ինչ ցանես, այն կհնձես> ժողովրդական խոսքի իրականացումը։

Իհարկե, ես դատապարտում եմ այդ կին դատավորի նկատմամբ տեղի ունեցածը, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց, չեմ ընդունում իշխանական պատգամավորների եւ նրանց արբանյակների դատապարտումները, չքմեղանալը, ձեւեր թափելը, չեմ ընդունում եւ՝ վերջ, որովհետեւ՝ նրանք են մեր հասարակությունը բաժանել մերոնքի եւ ձերոնքի, սեւի եւ սպիտակի, յուրայինի եւ օտարի եւ իրենց սրած մախաթը, վստահ եմ, մտնելու է իրենց իսկ համապատասախան տեղերը․․․Կոպի՞տ եմ ասում, այո, որովհետեւ կեղծիքը չեմ ընդունում, ստորաքարշությունը չեմ ընդունում, բռնի ուժով, սիրո եւ համերախության քողի տակ սատանայական ավերածություններ անելը եւ անողներին չեմ ընդունում․․․Եվ այս ամենը դեռ ծաղիկներն են, մեր հասարակությունն այսօր շատ երկփողկված է, իսկ ինքս համոզված եմ՝ չարությամբ եւ ատելությամբ հեռու չեք գնալու․․․Սթափվեք, զոհասեղանին մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ճակատագիրն է․․․․»։

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Նիկոլի վկաները իրար հերթ չտալով՝ դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ:

Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյո՞ք համաձայն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ:

Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ:

Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան: Պարոնայք, ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները, վայր գցում դատավորին, ո՞ւր էիք, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն էր հարձակման ենթարկվում:

Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է:

Հ. Գ. Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ Սահմանադրության առաջ՝ սկսած Նիկոլից մինչեւ ցանկացած ապօրինի հրահանգ իրականացնող կամակատար: Չկասկածեք»:

Դիրքորոշումների և փոխադարձ մեղադրանքների շարքն անսպառ է, սակայն անհերքելի է մի բան. ՀՀ դատական համակարգը վերջին 1,5 տարվա ընթացքում ենթարկվում է հրապարակային միջամտության, ճնշումների, պարսավանքի և դատարանի ու դատավորների նկատմամբ հրապարակային անհարգալից վերաբերմունքի հիմքը դրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի գաղտնալսումներով, դատավորների հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններով («ինչի կա նենց դատավոր, որ իմ ասածին կարա ասի չէ՞», «դատարանների շենքերի շրջափակման հրահանգ», «վնգստացող դատավորներ» և այլն)։ Իսկ այդ արատավոր նախադեպի «թելը թելել են» «Իմ քայլը խմբակցության պատգամավորներն ու իշխող ուժի այլ ներկայացուցիչները։

Վերջիններս ոչ միայն չեն դատապարտել վերջին 1 տարվա ընթացքում դատավորների նկատմամբ տեղի ունեցող բացահայտ ճնշումները, այլ նաև շատերն անձամբ մասնակցել են դատարանների շենքերի շրջափակմանը։

Այն, որ դատավորների գործունեության միջամտության բոլոր դեպքերը հավասարապես չեն դատապարտվել, և իրավապահ մարմիններն էլ հավասարապես գործողություններ չեն ձեռնարկել ի պաշտպանություն դատական համակարգի, անհերքելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն