Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջիուլիանին Հայաստան չի գա. ինչն է պատճառը

article-image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Ռուդոլֆ Ջիուլիանին հայտարարել է, որ չի մասնակցի Հայաստանում կայանալիք կոնֆերանսին, որին հավանաբար մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Washington Post-ի հետ զրույցում Ջուլիանին, տեղեկացնելով, որ չի մասնակցում  Եվրասիական տնտեսական միության կողմից Երևանում կազմակերպվող «Եվրասիական մայրցամաքում տրանզիտային հնարավորությունը» միջազգային ֆորումին, նշել էր, որ «չգիտեի, որ նա [Վլադիմիր Պուտինը] գալու է»:

Նշվում է, որ Ջիուլիանին Երևանում Եվրասիական ֆորումի շրջանակներում մասնակցելու էր պանելային քննարկմանը, որը վարելու էր Ռուսաստանի նախագահի խորհրդական, ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Սերգեյ Գլյազևը:

Սակայն շատ լրատվականներ, այդ թվում նաև The New York Times-ը գրում են, որ Ջիուլիանին ավելի կարևոր գործեր ունի ԱՄՆ-ում, քանի որ դեմոկրատները պատրաստվում են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել, և նա պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի ԱՄՆ նախագահի հետ:

Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մեդիադաշտը ողողվել էր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններով, հավանական պատմություններիով և մեղադրանքներով:  Թրամփի ընդդիմախոսները մեղադրում են վերջինիս այն բանում, որ ԱՄՆ նախագահը ստիպել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում քննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի  և նրա ընտանիքի հավանական կոռուպցիոն գործարքների գործը: Թրամփը, սակայն,  ժխտում է բոլոր մեղադրանքները: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ հենց Ջիուլիանին է բանակցություններ վարել ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ Հանթեր Բայդենի գործը հետաքննելու համար:

Թեմայի շուրջ AntiFake.am-ը զրուցեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ: Ամերիկագետը չի կարծում, որ Ջիուլիանիի` ֆորումին չմասնակցելու որոշումը կապված է Վլադիմիր Պուտինի հետ: «Պատճառը ԱՄՆ-ի ներքին գործընթացներն են, սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է հենց ինքը` Ջուլիանին», - հավատացած է Սարգսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք դեմոկրատների գործունեությունը, մասնավորապես Ադամ Շիֆի ներկայությունը Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ինչ-որ առնչություն կարող է  ունենալ Ջիուլիանիի որոշման փոփոխության վրա, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ազդեցություն ունենա, բայց պետք է հաշվի առնել, որ, իրոք, Թրամփի և Ադամ Շիֆի հարաբերությունները շատ լարված են, և Ադամ Շիֆը հենց այն դրոշակակիրներից է իմպիչմենտի գործընթացների, որ սկսել են նախագահ Թրամփի դեմ: Ոչինչ բացառել պետք չէ»: Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ չի կարծում, թե Փաշինյանի և Ադամ Շիֆի լավ հարաբերությունները կխանգարեն Թրամփի հետ հարաբերություններ կառուցելուն:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, մոտ աղբյուրների պնդմամբ՝ հրաժարական է տվել նաև Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը: Վոլքերի անունը նշվում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին հետևած բողոքի մեջ: Նշվում է, որ հենց Վոլքերն է հանդիսացել Ջիուլիանիի և ուկրաինացի պաշտոնյաների միջև կապ հաստատողը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն