Իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաները Հրայր Թովմասյանի անվան շուրջ ՔԿ հաղորդագրության կապակցությամբ

article-image

Արդեն մի քանի ամիս է, Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանական տարբեր օղակների կողմից արշավ է իրականացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Գործին լծվել են գործադիր և օրենսդիր մարմինների իշխանական հատվածն ամբողջությամբ։ Արշավն ուղեկցվում է իշխանական մեդիայի հարձակումներով և մանիպուլյացիաներով։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից  տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանի անունը առանձնակի շեշտելը, ինչպես նաև իշխանական և իշխանամետ լրատվականների գլխագրերում տեղեկությունը Հրայր Թովմասյանի անվամբ ու նկարով հրապարակելը վկայում են, որ տեղի ունեցածը հերթական արշավն է Հրայր Թովմասյանի դեմ։ Այդ լրատվականների կողմից տեղեկության հրապարակումն ուղեկցվում է մեդիամանիպուլյացիաներով։

Եվ այսպես՝ «1in.am»-ը հրապարակել է ՔԿ հաղորդագրությունը, սակայն նյութը վերնագրել է՝ «Ձեռք են բերվել փաստեր՝ Հրայր Թովմասյանի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ․ՔԿ», ինչն ակնհայտ մանիպուլյացիա է և շփոթմունքի մեջ է գցում ընթերցողին, քանի որ հաղորդագրության մեջ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը վերաբերվում է ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ ԱՆ և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին։

Հանրային հեռուստաընկերության և դրան կից լուրերի՝ 1lurer.am կայքերում ևս հրապարակվել է ՔԿ հաղորդագրությունը՝ վերնագրերում Հրայր Թովմասյանի անվամբ և նկարով։ Դեռ ավելին, թե՛ Հ1-ի և թե՛ 1lurer.am-ի կայքերի հիմնական առաջին էջերում նյութերի հրապարակումից մինչ այս պահն «ամրակցված են»  այդ նյութերը։

Իշխանական քարոզչամեքենաներ հանդիսացող Armtimes.com  («Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան՝ Հրայր Թովմասյանի սանիկը»), Armlur.am («Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան՝ Հրայր Թովմասյանի սանիկը»), Novostiarmenia.am («Արդարադատության նախարարի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ տեսչություններից մեկի պետը չարաշահել է լիազորությունները. վերջինս ձերբակալվել է») լրատվականների կողմից ևս օգտագործվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունը Հրայր Թովմասյանի անվան հետ կապելու մանիպուլյացիոն «հնարքը» ։

Այս գործելաոճը նորություն չէ վերևում թվարկված լրատվամիջոցների դեպքում։ Հանրային ընկալումներում վերջիններս ձեռք են բերել քաղաքական օրակարգերով առաջնորդվող և կողմնակալ լրատվամիջոցների համբավ, որոնք ծառայում են ներկայիս իշխանությանը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն