Ինչո՞ւ Հայաստանում 2018թ․ տեղի ունեցած իրադարձությունները չեն համարվում «հեղափոխություն»՝ բառի դասական սահմանմամբ

article-image

Ներկայիս իշխանական ուժի ներկայացուցիչները ներպետական և միջազգային հարթակներում ելույթ ունենալիս պարբերաբար նշում են այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։ Մինչդեռ պետք է նշել, որ քաղաքագիտական եզրութաբանության շրջանակներում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2018թ․-ին, սահմանվում են որպես իշխանափոխություն, ինչը հեղափոխության իրականացման փուլերից մեկն է, սակայն ոչ հեղափոխություն։

Պատմության ընթացքում պետությունում առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական կոնֆլիկտներն ու ճգնաժամերը կարգավորվել են հիմնականում բարեփոխումների և հեղափոխությունների միջոցով։ Բարեփոխումները, ի տարբերություն հեղափոխությունների, հասարակության որոշ ոլորտներում մասնակի փոփոխություններ են, որոնք արմատական բնույթ չեն կրում։ Հեղափոխության էությունը բացահայտելու համար հարկավոր է ուսումնասիրել տարբեր տեսաբանների կողմից առաջ քաշած սահմանումները։ Հույն պատմիչ Արիստոտելը, անդրադառնալով հեղափոխություններին, նշել էր, որ  քաղաքական հեղափոխությունները հանգեցնում են կա՛մ առկա սահմանադրության ամբողջական վերափոխմանը մեկ այլ սահմանադրության, կա՛մ առկա սահմանադրության խորքային բարեփոխմանը (Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո Սահմանադրությունում փոփոխություններ չեն եղել)։

Հեղափոխությունների քաղաքական վերլուծությունը սկզբնապես իրականացվում էր գաղափարախոսական մոտեցման շրջանակներում։ Այսպես, իռլանդացի քաղաքական տեսաբան Էդմունդ Բըրքը սահմանում էր հեղափոխությունը պահպանողականության տեսանկյունից, ըստ որի՝ հեղափոխությունը հանրային չարիք է, որը բացահայտում է մարդկանց էության ամենավատ կողմը։ Հեղափոխության պատճառները պահպանողականները տեսնում էին նախ և առաջ ոչ ճշմարիտ և վտանգավոր գաղափարների առաջացման և տարածման մեջ։

Մինչդեռ վաղ լիբերալիզմի ներկայացուցիչները, ինչպիսին էր, օրինակ, ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն, արդարացնում էին հեղափոխությունը այն դեպքում, երբ իշխանությունը խախտում էր հասարակական դաշինքի պայմանները, այն է՝ մարդկանց իրավունքները, մասնավորապես՝ «ապստամբելու իրավունքը»։

Գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը սոցիալ-տնտեսական հեղափոխության առաջացման պատճառ էր համարում արտադրության ներսում առաջացող կոնֆլիկտը, այն է՝ արտադրական ուժերի անհամատեղելիությունը արտադրական հարաբերությունների հետ, որի արդյունքում առաջանում էր տնտեսական ճգնաժամ։ Իսկ քաղաքական հեղափոխության առաջացման պատճառը Կարլ Մարքսը համարում էր հասարակական խավերի միջև առկա կոնֆլիկտը, որը, ըստ նրա, հանդիսանում էր հասարակության զարգացման հիմնական խթանիչը։

Շարունակելով հեղափոխության մարքսիստական մեկնաբանությունը՝ լենինիզմի ներկայացուցիչները հեղափոխությունների առաջացման համար անհրաժեշտ պայման էին համարում համազգային ճգնաժամի առկայությունը, որի ժամանակ ոչ միայն ցածր խավի ներկայացուցիչներն էին հրաժարվում ենթարկվել գործող ռեժիմին, այլև բարձր խավի ներկայացուցիչները հրաժարվում էին կառավարել առկա մեթոդներով (2018թ․ Հայաստանում առկա չէր ո՛չ տնտեսական, ո՛չ էլ համազգային ճգնաժամ)։

Ֆրանսիացի սոցիոլոգ Ալեքսիս դը Տոկվիլը հեղափոխության առաջացման պատճառ էր համարում ոչ թե տնտեսական ճգնաժամը, ի տարբերություն մարքսիզմի և լենինիզմի ներկայացուցիչների, այլև մարդկանց ձգտումը դեպի բարեկեցություն։ Ժամանակի ընթացքում մարդիկ հարմարվում են կառավարության կողմից արված սահմանափակումներին, սակայն հարմար առիթի դեպքում սկսում են ընկալել այդ սահմանափակումները որպես անտանելի իրողություն (1789թ․ Ֆրանսիական հեղափոխություն)։ Այսինքն, հեղափոխության պատճառ է դառնում ոչ թե տնտեսական բարեկեցությունը և կառավարության կողմից իրականացվող քաղաքական ճնշումը, այլև մարդկանց մոտ առաջացող դրանց հոգեբանական ընկալումները։

Հայաստանում 2017թ․ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրազանգվածի մեծամասնությունը քվեարկել էր Սերժ Սարգսյանի կուսակցության օգտին (49,15%), որը իշխող ուժ էր եղել 2008թ․-ից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը ստացել էր 7,78%։ Ստացվում է, որ հնարավոր քաղաքական ճնշումների իրագործումը ու սոցիալ-տնտեսական բարեկեցության ոչ բարձր մակարդակը չէին նպաստել ընտրազանգվածի հոգեբանական ընկալումների վերափոխմանը, ավելին, հանգեցրել էին Սերժ Սարգսյանի վերընտրմանը։

Նմանատիպ պատկերացում ուներ նաև ամերիկացի սոցիոլոգ Ջեյմս Դեյվիսը, ըստ որի՝ հեղափոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետությունը, գտնվելով տնտեսական ու սոցիալական վերընթացում, որը մեծ հույսեր է ներշնչում հասարակությանը, կտրուկ ճգնաժամի մեջ է հայտնվում։  Արդյունքում ոչ թե հիասթափությունն ու կարիքն են դրդում մարդկանց «ապստամբության» և հեղափոխության իրականացմանը, այլև բարեկեցիկ կյանք ունենալու պատկերացումները պետության վերընթացի ժամանակ։

Բարեկեցության մասին խոսելիս պետք է  անդրադառնալ նաև գերմանաամերիկյան քաղաքագետ Հանա Արենդտի  դիրքորոշմանը, ըստ որի՝ հեղափոխական փորձը հանդիսանում է վերակառուցման մի տեսակ, որտեղ «ապստամբողները» փորձում են վերականգնել իրենց  ազատություններն ու արտոնությունները։

Ըստ ֆրանսիացի հոգեբան Գուստավ լը Բոնի՝ հեղափոխությանը բնորոշ է «ամբոխի իշխանությունը», որի ժամանակ մարդկանց վարքագիծը՝ ներազդված համընդհանուր ոգևորվածությամբ (էյֆորիայով), զգալիորեն տարբերվում է մարդկանց վարքագծից անհատական մակարդակում, այն է՝ մարդիկ կորցնում են քննադատական կարողությունները, որոնք առկա են իրենց մոտ առօրյա կյանքում։

Նման վարքագիծ առկա էր նաև 2018թ․ «հեղափոխության» ընթացքում, մասնավորապես՝ պետական հիմնարկներ՝ Հանրային ռադիոյի շենք, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք ներխուժման ժամանակ։

Ֆրանսիացի սոցիոլոգ Օգուստ Կոնտը հակադրում էր հեղափոխությունը էվոլյուցիային, որը աստիճանական և երկարաժամկետ հասարակական փոփոխություններն են՝ իրականացվող քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների միջոցով։

Անդրադառնալով արմատական և կարճաժամկետ փոփոխություններին, որոնք տեղի են ունենում հեղափոխությունների արդյունքում՝ ամերիկացի սոցիոլոգ Ջեֆ Գուդվինը առաջ էր քաշել հեղափոխության երկու սահմանում.

  • Լայն իմաստով՝ հեղափոխություն է համարվում այն գործընթացը, որտեղ հանրային շարժման ներկայացուցիչները տապալում են գործող քաղաքական ռեժիմը կամ պետական իշխանությունը և սկսում են զբաղվել դրա ձևափոխմամբ, որպես կանոն, ապօրինի, հակասահմանադրկան և բռնի եղանակով,
  • Նեղ իմաստով՝ հեղափոխությունը գործընթաց է, որը հանգեցնում է ոչ միայն զանգվածների մոբիլիզացմանը և քաղաքական ռեժիմի փոփոխմանը, այլև արագ և արմատական փոփոխությունների քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտներում իշխանություն ձեռք բերելու պայքարի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություններ չեն լինելու, իսկ հայտարարված տնտեսական ու մտքի «հեղափոխությունները» շարունակում են «գործել» մենաշնորհային ու մի շարք սոցիալական խնդիրների միջավայրում։

Ըստ ամերիկացի պատմաբան Քրեյն Բրինթոնի՝ վերոնշյալ ոլոտներում իրականացվող արմատական փոփոխություններն են հեղափոխությունը տարբերակում հեղաշրջումից, որը պետական ապարատի շրջանակներում զինված կամ այլ էլիտաների կողմից պետության անօրինական և բացահայտ բռնազավթումն է (1926թ․ Պորտուգալիա, 1967թ․ Հունաստան, 1973թ․ Չիլի)։

Ամերիկացի քաղաքագետ Գիզաչու Թիրունեն տարբերակում էր հեղափոխության երկու տեսակ` ինքնաբուխ (1917թ․ Ռուսական հեղափոխություն) և պլանավորված՝ (1927թ․ Չինական հեղափոխություն)։ Բացի այդ, նա նշում էր, որ պետք է տարբերակել հեղափոխության հաջողությունը պարզ հարձակումից։

Հեղափոխությունը չի համարվում հաջողված, անգամ եթե հանրային զարթոնքին մասնակցել են հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ։ Հեղափոխականների նպատակը իշխանություն ձեռք բերելն է, սակայն իշխանություն ձեռք բերելը ինքնին չի վկայում հեղափոխության մասին, եթե առկա չեն արմատական փոփոխություններ։ Տվյալ դեպքում տեղի ունեցածը իշխանափոխություն է, այսինքն, երբ իշխանությունը մեկ էլիտայից կամ անհատից անցնում է  մեկ այլ էլիտայի կամ անհատի։

2018թ․ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հիմք հանդիսացան իշխանափոխության, այլ ոչ հեղափոխության իրականացման համար։

Հեղափոխությունը համարվում է հաջողված միայն այն դեպքում, երբ հին քաղաքական կամ տնտեսական կարգին փոխարինելու է գալիս նորը։ Ինքնաբուխ հեղափոխությունները հաջողության են հասնում այն ժամանակ, երբ զինվորականները սկսում են աջակցել հանրային զարթոնքին։ Իսկ պլանավորված հեղափոխությունները հասնում են հաջողության այն ժամանակ, երբ ցուցարարները պարտության են մատնում զինվորականներին։ Բացի այդ, պլանավորված հեղափոխությունների հաջողությունը կախված է կազմակերպվածության մակարդակից, առկա ռեսուրսներից, հանրային աջակցությունից և գաղափարախոսությունից։

Հեղափոխության առավել համապարփակ սահմանում է առաջարկել ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգթոնը, ըստ որի` հեղափոխությունը (լատ․ «revolutio»՝ շրջադարձ) գերիշխող արժեքների և քաղաքական առասպելների, քաղաքական ինստիտուտների, սոցիալական կառուցվածքի, կառավարական գործունեության, առաջնորդության ու քաղաքականության արագ, արմատական, որպես կանոն, ուժի միջոցով փոփոխությունն է։ Հանթինգթոնն առանձնացնում էր հեղափոխության երկու մոդել՝ Արևմտյան և Արևելյան։ Հեղափոխության արևմտյան մոդելի համաձայն՝ հին ռեժիմի քաղաքական ինստիտուտները քայքայվում են, և ի հայտ են գալիս քաղաքական շահեր հետապնդող նոր խմբեր, ստեղծվում են քաղաքական նոր ինստիտուտներ։ Իսկ հեղափոխության Արևելյան մոդելի համաձայն՝ սկսում են ի հայտ գալ քաղաքական նկատառումներ ունեցող խմբեր և ստեղծել նոր ինստիտուտներ՝ փորձելով քայքայել առկա քաղաքական ինստիտուտները և հասարակական կարգը։

Ըստ Հանթինգթոնի՝ հեղափոխության արդյունքը կարող է երկակի բնույթ ունենալ։ Մի կողմից հեղափոխությունը կարող է տանել պետության արագ և արմատական վերակառուցման, իսկ մյուս կողմից՝ այն կարող է ձախողել վերակառուցման գործընթացը։ Այդ իսկ պատճառով հեղափոխության իրական քաղաքական արդյունքները կարող են հակասել այն կարգախոսներին, որոնք առկա էին դրա սկզբում։

Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «հեղափոխությունը» սահմանափակվեց միայն իշխանափոխությամբ՝ առանց այլ ոլորտներում որևէ արմատական փոփոխությունների իրականացման։

Առկա հակասությունն էլ կարող է տեղիք տալ հակահեղափոխության առաջացմանը, որը իրենից ներկայացնում է քաղաքական գործընթաց, այն է՝ արձագանք արդեն իսկ տեղի ունեցած հեղափոխությանը (Վանդեական պատերազմներն ընդդեմ Ֆրանսիական հեղափոխության, Սպիտակ շարժումն ընդդեմ Ռուսական հեղափոխության)։

Այսպիսով, հեղափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում ավտորիտար վարչակարգերում, որոնց նպատակն է ճնշման միջոցով, սովորաբար բռնի եղանակով վերացնել գործող հասարակական կարգը՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում արմատական փոփոխությունների իրականացման միջոցով։ Մինչդեռ Հայաստանում 2018թ․ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ներկայացվում են որպես «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն», իրականում ոչ ավելին են, քան պարզապես իշխանափոխությունը՝ հաշվի առնելով սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում արմատական փոփոխությունների բացակայությունը, ինչը իշխանությունների կողմից քողարկվում է պոպուլիստական ու մանիպուլյատիվ հայտարարությունների ներքո։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Աղբյուրներ՝

  1. Revolution  
  2. Tanter R., Midlarsky M., A theory of revolution, Conflict Resolution, № 3, pp. 265-280
  3. Tiruneh G., Social Revolutions: Their Causes, Patterns, and Phases, SAGE Open, 2014, № 3, pp. 1-12
  4. Venter, J.C.M. & Bain, E.G., 2015. "A deconstruction of the term “revolution". KOERS — Bulletin for Christian Scholarship, 80(4)
  5. Ланцов С., Политическая конфликтология, Питер, Москва, 2008, 319 с.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն