Վարչապետի որդին սեպտեմբերի 16-ին գտնվել է ոչ թե հերթական, այլ լրացուցիչ (խրախուսական) արձակուրդում. վարչապետի և ՊՆ խոսնակների պարզաբանումները հակասում են ՊՆ պաշտոնական պատասխանին

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ծառայությունը վերջերս լայն  հնչեղություն է ստացել, հասարակության լայն շերտերին սկսել է մտահոգել վարչապետի որդու հաճախ արձակուրդի մեջ գտվելու փաստը։

Սեպտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը մի տղայի հետ թիկնազորի ուղեկցությամբ շրջում է Երևանում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մարիամին ուղեկցող երիտասարդը վարչապետի՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդին է` Աշոտ Փաշինյանը:

Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ապա նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Կարապետյանը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»։

Իսկ Արծրուն Հովհաննիսանը  Aysor.am-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում։

«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ», - ասել էր ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։

«Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», - նշել էր Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակն ավելացրել էր, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։

«Լինում են արձակուրդներ՝ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», - հավելել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Փաստորեն թե՛ վարչապետի մամլո խոսնակը և թե՛ ՊՆ մամլո խոսնակը նշել են, որ Աշոտ Փաշինյանը տեսանյութի հրապարակման պահին գտնվել է հերթական արձակուրդում։

Արդյո՞ք Աշոտ Փաշինյանը որպես պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայող կարող էր գտնվել հերթական արձակուրդում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները՝

  1. հիմնական,
  2. Լրացուցիչ,
  3. հիվանդության պատճառով (վերականգնողական),
  4. ամսական:

Իսկ սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները՝

  1. հերթական,
  2. լրացուցիչ,
  3. հիվանդության պատճառով (վերականգնողական):

Այսպիսով՝ Աշոտ Փաշինյանին չէր կարող տրվել հերթական արձակուրդ, քանի որ վերջինս շարքային կազմի պարտադիր զինծառայող է, մինչդեռ հերթական արձակուրդը կարող է տրամադրվել սպայական կազմի պարտադիր զինծառայողներին։

Վլադիմիր Կարապետյանի հայտարությունից կարող ենք ենթադրել, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը կամ հպանցիկ, առանց համպատասխան օրենքի իմացության, պաշտոնական տեղեկատվություն է տարածել` «լրացուցիչ» արձակուրդը ներկայացնելով որպես «հերթական», կամ էլ վարչապետի մամլո խոսնակը բառախաղի միջոցով փորձել է հնարավորինս բնական որակել Աշոտ Փաշինյանի լրացուցիչ արձակուրդի փաստը՝ մեղմացնելու համար հանրային դժգոհությունները:

Առավել ուշագրավ և հակասական է Արծրուն Հովյաննիսյանի հայտարարությունը այս առիթով: Հովհանիսյանը Aysor.am-ին հայտնած տեղեկությունում օգտագործել է «հերթական արձակուրդ» և «երկրորդ հիմնական արձակուրդ» արտահայտությունները, որոնք ոչ միայն սահմանված չեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, այլ նաև հակասում են Պաշտպանության նախարարության` այս կապակցությամբ AntiFake.am-ի ուղարկած հարցման պատասխանին:

Antifake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտապանության նախարարություն` պարզելու համար թե երբ, ինչ հաճախականությամբ և որքան տևողությամբ  է վարչապետ Փաշինյանի որդին գտնվել զինվորական արձակուրդի մեջ:

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Աշոտ Նիկոլի Փաշինյանին զորամասի հրամանատարի հրամանով 2019թ. հունվարի 10-ից 21-ը տրվել է հիմնական, 2019թ. մարտի 4-ից 15-ը՝ վերականգնողական և 2019թ. սեպտեմբերի 14-ից 19-ը՝ լրացուցիչ (որպես խրախուսանք) արձակուրդներ։

Ինչպես երևում է ՊՆ պատասխանից, Աշոտ Փաշինյանը ողջ ծառայության ընթացքում երեք անգամ գտնվել է արձակուրդում՝ հիմնական (10 օր), վերականգնողական (10 օր) և լրացուցիչ (5 օր):

Վերոնշյալ պաշտոնատար անձանց հայտարարություններից կարող ենք ենթադրել, որ նրանք կամ համապատասխան օրենսդրության չիմացության պատճառով օգտագործել են սխալ ձևակերպումներ, որը հատկապես ողջունելի չէ ՊՆ մամլո խոսնակի համար,  կամ, որ ավելի վատ է, փորձել են միտումնավոր խեղաթյուրել օրենքով հստակ սահմանված ձևակերպումները` փորձելով մեղմացնել հանրային տրամադրությունները վարչապետի որդու հետ կապված, կամ էլ տեսանյութի հրապարակումից հետ «ոտքի վրա» պարզաբանումներ են ներկայացրել՝ հաշվի չառնելով, որ հետագայում պաշտոնական հարցման պատասխանները տարբեր են լինելու իրենց տված պատասխաններից։

Բացի այդ, մամլո խոսնակը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ Աշոտ Փաշինյանը, բացի հիմանական և «երկրորդ հիմնական» արձակուրդներից, այլ արձակուրդում չի գտնվել և զորամասի տարածքը չի լքել, մինչդեռ Պաշտպանության նախարարությանը հասցեագրված հարցման պաշտոնական պատասխանից ակնհայտ է դառնում, որ Աշոտ Փաշինյանը, բացի հիմնական և խրախուսական արձակուրդները, մարտ ամսին 10 օր գտնվել է վերականգնողական արձակուրդում։

Այսպիսով՝ վարչապետի մամլո խոսնակի և ՊՆ մամլո խոսնակի՝ տեսանյութին հետևած պարզաբանումները չեն համապատասխանում ՊՆ կողմից մեզ տրամադրված պաշտոնական պատասխանին՝ կասկածներ հարուցելով Աշոտ Փաշինյանի՝ սեպտեմբերի 16-ին Երևանում գտնվելու հանգամանքների կապակցությամբ։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն