Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն. վարչապետի մամլո խոսնակ

article-image

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում կարդում ենք.

«2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:»:

Տնտեսական խորհրդի հրավիրյալ երկրներից Սինգապուրի վարչապետը արդեն իսկ պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Հայաստանում և հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, բարձրաստիճան պաշտոնյաների և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Իսկ Իրանի նախագահը, սպասվում է, որ Հայաստան կժամանի սեպտեմբերի 30-ի երեկոյան:

Հայկական մամուլում լուրեր էին տարածվել, որ Վլադիմիր Պուտինը Երևանում լինելու է կարճ ժամանակով: Մասնավորապես, Պուտինը մասնակցելու է միայն Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին` ընդլայնված և նեղ կազմով: Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում չի նախատեսվում: Մեր տեղեկություններով` Պուտին-Փաշինյան հանդիպում տեղի չի ունենալու, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  թերթի տեղեկություններով` Պուտինը մի քանի ժամով է գտնվելու Հայաստանում:

Քանի որ այս թեմայի և Պուտին-Փաշինյան ենթադրյալ հանդիպման մասին իրարամերժ տեղեկությունները բավական շատ էին, փորձեցինք լուրերի իսկությունը պարզել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: Կարապետյանը մեր հարցին, թե արդյոք սպասվում են երկկողմ հանդիպումներ Վարչապետ Փաշինյանի և խորհրդին մասնակից պետությունների ղեկավարների հետ, դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին` արդյոք սպասվում է Նիկոլ Փաշինյան - Վլադիմիր Պուտին երկկողմ հանդիպումը, Կարապետյանը հաստատեց` ասելով, որ երկկողմ հանդիպման օրակարգում կլինեն հայ-ռուսական հարաբերությունները և այդ շրջանակում գտնվող հարցեր: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հանդիպումը, խոսնակը չպարզաբանեց` խոստանալով տեղեկացնել այդ մասին լրացուցիչ:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն