Ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի «փոխհատուցումը» նարդիով ու շախմատով. ովքեր են Սորոսի գրասենյակի մոտ ակցիա իրականացրած «իրավապաշտպաններն» ու պատգամավորները

article-image

Մի քանի ամիս է` «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ակցիաների շարք է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կամ Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի դիմաց։

«ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը և շարժման անդամները հավատացած են, որ «շուրջ 22 տարի է, ինչ այս հիմնադրամն՝ իր հավաքագրած արտասահմանյան գործակալական ցանցի միջոցով ֆինանսավորում է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց»։

«Այս սինդիկատը, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման միջոցով, իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ, որոնց օգնությամբ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով հերոսացնում է մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկում է պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները»,-նշված է շարժման ֆեյսբուքյան էջում։

Շարժումը որպես նպատակ սահմանել է Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության արգելումը և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փակումը։

Այս կապակցությամբ «ՎԵՏՕ»-ն նախաձեռնել է նաև շտապ հավաք, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին Մատենադարանի դիմաց։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Սորոսի հայաստանյան գրասենյակի մոտ տեղի է ունեցել ակցիա` ի պաշտպանություն հիմնադրամի և ընդդեմ «ՎԵՏՕ» շարժման։ Վերջիններս ակցիան իրականացնում էին նարդի և շախմատ խաղալով։

Ակցիայի հիմնական լուսաբանումն իրականացրել է Factor.am տեղեկատվական կենտրոնը «Իրավապաշտպանների ակցիան՝ ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի առջև» վերնագրով։ Լուսաբանել են նաև «Ազատություն» ռադիոկայանը, armtimes.com-ը։

AntiFake.am-ը հետևել է ակցիայի ընթացքին և փորձել հասկանալ, թե ինչ իրավապաշտպանների մասին էգնում խոսքը,  հետևաբար՝ ո՞րն է այդ անձանց՝ ԲՀՀ-Հայաստանի շահերը պաշտպանելու մոտիվացիան։

Այսպես, ակցիային մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը։

Ավելի ուշ ակցիայի վայր են ժամանել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Հարկ է նշել, որ վերը նշված անձինք իրենց ղեկավարած կառույցներով տարիներ շարունակ ահռելի չափերի դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից, ինչն էլ, բնականաբար, հանդիսանում է նրանց՝ հիմնադրամին աջակցություն հայտնելու մոտիվացիան։

Այսպես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, ԲՀՀ հայաստանյան գրասենյակից դրամաշնորհներ է ստացել սկսած 2006 թվականից, և մինչ օրս այդ կառույցից ստացած դրամաշնորhների չափը կազմում է 1.117.069 դոլար։ Բացի այդ, նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար ՀՔԱՎ-ը ստացել է 82.300 դոլարի դրամաշնորհ, իսկ ՀՔԱՎ Սպիտակի մասնաճյուղը ստացել է 9.070 դոլարի դրամաշնորհ։

Միայն 2019 թվականին ՀՔԱՎ-ը ստացել է 220.900 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

«Ասպարեզ» ակումբը՝ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2003 թվականից։ Մինչ օրս կազմակերպությունը ստացել է 18 դրամաշնորհ, ընդհանուր՝ շուրջ 780,000 ԱՄՆ դոլար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը` ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, ԲՀՀ-ից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2016 թվականից։ Մոտ 426.500 դոլարի դրամաշնորհ Դանիել Իոաննիսյանը ԲՀՀ-ից ստացել է միայն 2,5 տարվա ընթացքում։

Միայն 2019 թվականին կազմակերպությունը ստացել է 137.500 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` հիմնադիր Սոնա Այվազյանի գլխավորությամբ, միայն ԲԲՀ-Հայաստան գրասենյակից 2002-2018 թվականների ընթացքում ստացել է ավելի քան 848.000, իսկ ԲՀՀ-Բուդապեշտի գրասենյակից՝ ավելի քան 1.200.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախագահ Ավետիք Իշխանյանի հետ ԲՀՀ-ից սկսել է դրամաշնորհներ ստանալ 2002 թվականից։ Մինչ օրս կազմակերպությունը ստացել է 471.223 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականի հուլիսին կազմակերպությունը ստացել է 100.000 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից որպես «իրավապաշտպաններ» ներկայացված անձինք և վերջիններիս ղեկավարած կառույցները տարիներ շարունակ ահռելի չափերով դրամաշնորհներ են ստացել Բաց հասարակության հիմնադրամներից, ուստի՝ վերջիններիս հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ և օբյեկտիվ։ Այս հանգամանքով է պայմանավորված այն, որ չենք անդրադառնում նրանց հայտարարությունների բովանդակությանը։

Նշենք, որ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի հիմնական դոնորը ևս Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպությունն է։ Միայն 2019 թվականին «Ֆակտորը» ԲՀՀ-ից ստացել է 94.317 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Ինչ վերաբերվում է ակցիայի վայր ժամանած պատգամավորներին, ապա պետք է նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը կապվում է Սորոսի հիմնադրամի հետ։ Վերջինս 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն։ Կառույցը համագործակցում է «Ալիք Մեդիայի» հետ, որը դրամաշնորհներ է ստանում Վրաստանի ԲՀՀ-ից։

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գայանե Աբրահամյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ հիմնադիր-նախագահն է, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ԲՀՀ-ից 2016 թվականից մինչ օրս ստացել է 284.380 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականին կազմակերպությունը ԲՀՀ-ից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորի՝ Արթուր Հովհաննիսյանի կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2012-2013թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2016-2017թթ.` «www.1in.am. Առաջին լրատվական» կայքի լրագրող, լրատվական թողարկումների մեկնաբան, տեսանկարահանման բաժնի պրոդյուսեր։ 2018-2019թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ։

Նշենք, որ A1+ և www.1in.am լրատվական կայքերը ևս «ճանապարհ են անցել» Սորոսի հիմնադրամի հետ։

Այսպես, «ԲՀՀ-Հայաստանի» 2008 և 2010 թվականների տարեկան հաշվետվություններում գտնում ենք A1+-ի մասին տեղեկություններ, իսկ 2010 թ.-ի հաշվետվության մեջ նաև՝ www.1in.am-ի մասին տեղեկություններ։ Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ ԲՀՀ-Հայաստանը աջակցել է A1+ և www.1in.am լրատվականներին իրենց օնլայն հեռարձակման հնարավորություններն ընդլայնելու համար, բայց վերջիններիս համագործակցությունն այդքանով չի սահմանափակվել։ 2012 թվականին, երբ ներկայիս պատգամավորն աշխատում էր A1+-ում որպես լրագրող, լրատվականը ստացել է 15.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Այսպիսով`  ի պաշտպանություն Սորոսի ֆոնդի և ընդդեմ «ՎԵՏՕ» շարժման` այսօր «ակցիա» են իրականացրել այն անձինք, որոնց ղեկավարած կառույցները տարիներ շարունակ շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի դրամաշնորհներ են ստացել Սորոսի հիմնադրամից։ 

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը