ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի՝ մասնագիտական չեզոքությունը խախտող և քաղաքական բնույթի գնահատականները Հ1-ի եթերում

article-image

Սեպտեմբերի 27-ի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց չփոխած դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում երիտասարդները, դատավորին ուղեկցելով և տեսաձայնագրելով, փորձում էին ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք տիկին Դանիբեկյանը իրեն համարում է «պատերի տակ վնգստացող դատավոր», բուռն արձագանք էր առաջացրել հանրության տարբեր շերտերի մոտ, որոնց մեջ էին մտնում թե՛ քաղհասարակության իրական, թե՛ երկակի ստանդարտներով առաջնորդվող կեղծ ներկայացուցիչները և թե՛ նույն տրամաբանությամբ առաջնորդվող իշխանության կարկառուն ներկայացուցիչները:

Ինչու՞ երկակի ստանդարտներ, քանի որ վերոնշյալ սուբյեկտները մեծամասամբ այն նույն անձինք են, ովքեր մասնակցել են դատարանների ելքերի ու մուտքերի շրջափակման և դատավորների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան ճնշումներ գործադրելու իշխանության «ֆլեշ մոբին» կամ էլ արդարացրել, իսկ լավագույն դեպքում` չեզոք դիրք էին ընտրել և այժմ էլ անմասն չեն մնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումներից:

Այս միջադեպի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր կարծիքն է արտահայտել մերձիշխանական և ակնհայտ «հակաքոչարյանական» կողմնորոշում ունեցող ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, ով, կարծես թե չկարողանալով պահպանել մասնագիտական և քաղաքական չեզոքությունը, Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը հրապարակայնորեն որակել է որպես դիտավորություն` կապված դատավորի գործունեության հետ, մասնավորապես` Բեքմեզյանը միջադեպը կապել է Քոչարյանի գործի հետ և հաշվի առել «ճնշում գործադրող անձի» քաղաքական հայացքները, այն ինչ նման որակումներ տալը, այն էլ հանրային տիրույթում չի մտնում ԲԴԽ անդամի լիազորությունների մեջ, քանի ԲԴԽ-ն քննարկում է դատավորի կամ դատարանի անկախությունը վտանգող հարցերը։ Իսկ արարքը տեղի է ունեցել դիտավորությամբ, թե ոչ, դա Բեքմեզյանի գնահատման տիրույթում չէ, քանի որ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում էլ կորոշվի, թե արդյո՞ք գործով ներգրավված անձինք դիտավորություն են ունեցել ճնշում գործադրելու դատավորի վրա, թե ոչ։ Այսինքն Բեքմեզյանը իրավունք ունի հրապարակային գնահատականներ հնչեցնել ոչ թե անձի և հանգամանքների կապակցությամբ, այլ զուտ դատավորի անկախության վտանգված լինելու փաստի առնչությամբ:

Նշենք, որ վերջերս Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  կատարվող խուզարկության մասով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Բեքմեզյանը այդ ամենում ինչ-որ կապ տեսնում է Քոչարյանի դատավարության հետ, ԲԴԽ անդամը պատասխանել է, որ ոչ մի գործի հետ կապված կապ չեն տեսնում:

Փաստացի մի դեպքում նմանատիպ փաստական հանգամանքներով գործով Բեքմեզյանը զերծ է մնում որակումներ տալուց, քանի որ այն կնշանակի հստակ «քաղաքական գիծ բռնել», իսկ մյուս դեպքում, երբ միջադեպի հետ առնչվող քաղաքական գիծը ձեռնտու է գործող իշխանություններին, ԲԴԽ անդամը տալիս է անկաշկանդ քաղաքական որակումներ:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն