Փաշինյանի արտաքին քաղաքական շաբաթը՝ հաջողություններն ու ձախողումները. բարձրանու՞մ է արդյոք վարչապետի ՕԳԳ-ն այս ոլորտում

article-image

Անցած շաբաթը բավական ակտիվ ստացվեց Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

Շաբաթվա սկզբում` սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելես ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես անդրադարձել էինք,  հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանրահավաք կազմակերպեց Լոս Անջելեսի Grand Park-ում: Կալիֆոռնիայում Փաշինյանի միակ գործնական ձեռքբերումը թերևս երկկողմ շրջանակային համաձայնագրի կնքումն էր: Վարչապետը Լոս Անջելեսի FOX հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց, որում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հանգուցալուծման գործընթացին` ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման» իր «ֆորմուլան»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկնեց Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ սպասվում էր նաև վարչապետի ելույթը ՄԱԿ բարձր ամբիոնից: Վարչապետը իր ելույթում հիմնականում կրկնեց այն, ինչի մասին խոսում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ամբողջ ժամանակահատվածում:

Վարչապետի ամերիկյյան այցին, սակայն, հետևեց Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը այն մասին, որ ուկրաինական իշխանությունները խորհուրդ են տալիս Արցախ (Լեռնային Ղարաբաղ) և հարակից տարածքներ, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսեթիա (Ցխինվալիի շրջան) այցելելիս առաջնորդվել համապատասխանաբար Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ` միաժամանակ ճանաչեով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերոնշյալ տարածքները համարելով` «օկուպացված»:

Հայաստանի ԱԳՆ-ից մեկնաբանել էին վերոնշյալ հայտարարությունը` «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»:

Հայաստանի նկատմամբ ուկրաինական իշխանությունների նման վերաբերմունքը ունի մի քանի պատճառ: Թերևս գլխավորը այն է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցը, որի հետ Ուկրաինան առնվազն չունի բարիդրացիական հարաբերություններ: Ուկրաինան և Հայաստանը Ղրիմի հարցում ևս միաբան չեն: Հայաստանը նախորդ տարիներին դեմ է քվեարկել ՄԱԿ-ում ուկրաինական պատվիրակության առաջ քաշած հակառուսական բանաձևերին, որոնք վերաբերում էին Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակին (2017թ., 2018թ.):

Հետաքրքիր է նաև հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱՄՆ-ում` Հայաստանը որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդի դառնալու հնարավորության մասին: ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ իր երկու բարեկամների հետ:

Ուկրաինայի արտգործնախարարության մամլո խոսնակի հայտարարությունը հայկական մամուլում հայտնվեց մանիպուլյացիոն վերնագրերով` ամբողջովին չարտացոլելով հայտարարության իմաստը` տպավորություն ստեղծելով, որ Արցախ այցելած ուկրաինացիները կարող ենք ենթարկվել քրեական կամ վարչական ենթադատության Ուկրաինայում: Ավելի ուշ, «Այսօր» լրատվականը, Հայաստանի արտգործնախարարությունից ճշտումներ ստանալով, հրապարակել է բոլոր ճշգրտումներն ընդգրկող հոդված: Հետաքրքիր է, որ նման «բացթողում» թույլ է տալիս առաջին հերթին  Հանրային հեռուստաընկերության «1lurer.am» կայքը, որից էլ նյութը արտատպել էին հայկական մյուս լրատվամիջոցները: 

Որոշ ժամանակ անց նյութի գլխագիրը փոխվել է և համապատասխանեցվել բովանդակությանը:

Ինչպես արտաքին քաղաքական մյուս հարցերում, Նիկոլ Փաշինյանը այս հարցում ևս ձախողվում է իր պետության օգնությունը առաջարկելով մի պետության, որը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Արցախ:

Հարկ է նշել, որ դեռևս  2019 թվականի սկզբին նման հայտարարություն էր տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` խորհուրդ տալով իր երկրի հայազգի քաղաքացիներին գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը Ադրբեջանի Հանրապետություն այցելությունից առաջ:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առաջարկած բանաձևին, ապա ադրբեջանական կողմը, ի դեմս նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, պատասխանել էր վերոնշյալ հայտարարությանը:

Պետք է նշել, որ չնայած այն հսկայական ծախսերին, որոնք արվեցին Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը կազմակերպելու և հայկական արտաքին քաղաքական առաջնահերթություններին ոչ այնքան համապատասխան հանդիպումների և հայտարարությունների համար, երկրի վարչապետի օգտակար գործողության գործակիցը չի բարձրանում:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն