«Տանկերով ե՞նք էս գույքը պահելու». ի՞նչ ճակատագիր է ունենալու Գոլդեն Փելիս հյուրանոցը կառավարության ձեռքում

article-image

2018թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ավետիսյանների ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորում գործող Գոլդեն Փելիս հյուրանոցը նվիրում է պետությանը: 

Փաշինյանի հայտարարությունից շուրջ կես տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում էր արել այն մասին, որ Հայաստանում գործող ամենաշքեղ հյուրանոցներից մեկը շուտով վերածվելու է աղբանոցի կամ թալանվելու է, եթե պատշաճ վերահսկողություն չիրականացվի, և պետությունը թալանված վիճակով է աճուրդի հանելու հյուրանոցը: Ինչպես ֆիքսել էին օրաթերթի լրագրողները, հյուրանոցի մի քանի ապակի կոտրված են եղել, իսկ հետնամասի դռների բռնակները՝ պոկված:

Հյուրանոցում պատշաճ վերահսկողություն չիրականացնելու առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ էր հաստատել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ, ով ասել էր. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, և հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»:

Պարզելու համար, թե արդյոք ոստիկանության և հյուրանոցի սեփականատերերի միջև առկա է նման պայմանագիր, AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն և ստացել բացասական պատասխան։

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հետքերով միանման ռեպորտաժներ էին պատրաստել Առաջին ալիքը և Ֆակտոր TV-նցույց տալով Ծաղկաձորում գործող ամենաշքեղ հյուրանոցում տիրող իրավիճակը: Տեսանյութերում պարզ երևում է, որ խնամքի բացակայության պայմաններում հյուրանոցը ամայացած վիճակում է, իսկ ոստիկանական վերահսկողությունը բացակայում է:

Հյուրանոցը` որպես նվիրատվություն, կառավարության որոշմամբ ՀՀ-ին է փոխանցվել միայն այս տարվա սեպտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներից ամիսներ անց օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հարց էր ուղղել Նարեկ Բաբայանին և հետաքրքրվել Գոլդեն Փելիս հյուրանոցի ճակատագրով. «արդյո՞ք պետությունը պատրաստվում է արդեն իր կառավարման ներքո գտնվող հյուրանոցը օգտագործել ըստ նշանակության, թե՞ պետական կառավարման ենթակայության տակ գտնվող այլ շենքերի և շինությունների ճակատագրին է արժանանալու, որոնք կամաց-կամաց քանդվում են»:  

Թովմասյանի հարցադրմանը ի պատասխան` Բաբայանն ասաց. «Առայժմ թեև որոշումը կայացվել է, հանձման-ընդունման աշխատանքները չեն ավարտվել և ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատացնի որպես հյուրանոց, և կամ հանվելու է սակարկությունների ձևով, սակարկություններով մրցույթի կամ աճուրդի: Այսինքն, մենք չենք պահելու հենց այնպես  և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման և/կամ վաճառել»: Բաբայանի խոսքերով` կարճ ժամկետը մինչև Նոր Տարի ընկած ժամանակահատվածն է:

Ինչպես երևում է, կառավարությունը հստակ տեսլական, առավել ևս ծրագիր չունի հյուրանոցի ճակատագրի հետ կապված։ Ավելին, կառավարության իմիջիայլոց վերաբերմունքն ակնհայտ է եղել թե՛ մինչև հյուրանոցը պետությանը փոխանցվելը, թե դրանից հետո։ Մասնավորապես, մեր ունեցած տեղեկություններով՝ մինչ պետությանը փոխանցվելը եղել են գնորդներ, ովքեր ցանկացել են ձեռք բերել հյուրանոցը, սակայն կառավարությունը մերժել է: Բաբայանն ինքն էլ իր խոսքում ասել է, որ հյուրանոցը գնելու ցանկություն հայտնողներ եղել են:

Իսկ արդեն պետությանը փոխանցվելուց հետո՝ նման շքեղ և թանկարժեք հյուրանոցի պահպանման համար բնականաբար անհրաժեշտ են ահռելի գումարներ։ Խոսքն ամսական 6,5 մլն դրամի մասին է, սակայն փոխվարչապետ Ավինյանը, կառավարության նիստի ընթացքում լսելով գույքի պահպանման արժեքի մասին, հեգնել է. «Տանկերով ե՞նք էս գույքը պահելու, թե՞ իրապես էդքան գումար ահնրաժեշտ է»:

Նման պայմաններում անկհայտ է դառնում, որ կառավարությունը հյուրանոցը որպես նվիրատվություն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համար՝ հաշվի չառնելով դրա ճակատագիրը։ 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի իր գործունեությունը դադարեցրած, Ծաղկաձորում գործող Գոլդեն Փելիսը նախկինում հանդիսացել է խոշոր հարկատու, և համարվել է Հայաստանում գործող ամենաշքեղ հյուրանոցներից մեկը: Գոլդեն Փելիսը ամբողջությամբ գնահատվել է մոտ 15 մլն դոլար՝ հյուրանոցի անշարժ գույքը գնահատվել է 7 մլրդ 223 մլն դրամ, իսկ շարժական գույքը՝ 312 մլն 889 հազար դրամ: Եվ բնական է, որ հյուրանոցի երկարատև չշահագործումը հանգեցնելու է հյուրանոցի արժեքի նվազմանն ու գույքի վիճակի վատթարացմանը:

Հաշվի առնելով Ալսեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը փոխանցված գումարների և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը փոխանցած տարածքների անհայտ ճակատագրերը` կարելի է եզրակացնել, որ այս դեպքում ևս գործ ունենք համանման իրավիճակի հետ։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը