
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «1in.am»-ին տված հարցազրույցում վիրավորական և անուղղակի հայհոյանքներ պարունակող արտահայտություններ էր կատարել Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ Հովհաննիսյանը ասել է, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։
Հովհաննիսյանին ի պատասխան` Անդրանիկ Քոչարյանը ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով. «Պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքերը այնքան են բարկացրել հասարակական-քաղաքական շրջանակներին, որ երեկ ողջ համացանցը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն Արփինե Հովհաննիսյանից ներողություն էր հայցում այդ խոսքերի համար:
Անդրանիկ Քոչարյանին դատապարտել են՝
- ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Ռուստամ Մախմուդյանը, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բասդասարյանը.
- ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Մանե Թանդիլյանը, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը.
- ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
- «ՔԳ» ԱՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը.
- Փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աթանեսյանը (1, 2), Երվանդ Վարոսյանը.
- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.
- Թեմայի վերաբերյալ խոսել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես` ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
- Թեմային նաև անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ով իր էջում կիսվել է ՄԻՊ Արման Թաթոյանի գրառմամբ:
Հատկանշական է նաև, որ որոշ իրավապաշտպաններ այդպես էլ ոչ մի խոսք չեն ասել դեպքի առնչությամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ իրենք քաղհասարակություն կեղծ ներկայացուցիչներ են, օրինակ՝ ֆեմինիստական շարժման «առաջամարտիկ» Լարա Ահարոնյանը, ՀՔԱՎ նախագահ, «իրավապաշտպան» Արթուր Սաքունցը և այլն։
Իհարկե որոշ շրջանակներ էլ Անդրանիկ Քոչարյանի քայլը, դրական են որակել, օրինակ՝
- Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը, ում կարծիքով Քոչարյանը կարող է իրեն կրկին նման բան թույլ տալ:
- Նման կարծիք ունի նաև ֆեյսբուքյան Մաեստրո/Maestro էջը, որը, ըստ որոշ տեղեկությունների, կառավարվում է վարչապետին կից ՊՈԱԿ-ի կողմից:
Այսօր լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ով լրագրաողի այն հարցին, թե պե՞տք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից, ասաց. «Ինչի՞ համար: Նախ պարոն Քոչարյանը հասուն տղամարդ է, եթե կարիք զգա ներեղություն խնդրելու ես չէ, որ պետք է նրան դա ասեմ,…եթե գտնի, որ պետք է ներեղություն խնդրի, պարոն Քոչարյանը էնպիսի անձնավորություն է, որ հանգիստ նույնիսկ կասի, եթե գտնի, որ դրա կարիքը կա»:
Ի տարբերություն Քրիստինե Պողոսյանի` Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում դատապարտել էր Անդրանիկ Քոչարյանի խոսքերը և ասել. «Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական դաշտին, ուղղակի չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում»:
Իր հերթին, Անդրանիկ Քոչարյանը, ով այսօր զրուցել էր լրագրողների հետ, նեղսրտել էր երեկ համացանցում ստեղծված իրավիճակից, և հայտնել, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր խոսքերի համար, և կրկնեց նույն միտքը. «Պարզապես հակադարձել եմ և պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովել, ենթադրենք մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի: Ըստ Քոչարյանի՝ բոլորը վիրավորվել են բացի Արփինե Հովհաննիսյանից, և անգամ Ստրասբուրգից են մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Քոչարյանին հատկապես մտահոգել էր Թևան Պողոսյանի անդրադարձը:
Հեղինակ՝ Մարի Ավագյան