Աղմուկ հանած «Վադեր» ռոք խմբի համերգը Տիկնիկային թատրոնում չեղարկվել է և տեղի կունենա «Պոլիգրաֆ»-ում

article-image

Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի պետական Տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին տեղի է ունենալու «Vader»  ռոք խմբի համերգը։ Ֆեյսբուքյան օգտատերերը դժգոհության ալիք բարձրացրին այս կապակցությամբ՝ նշելով, որ անթույլատրելի է մանուկների համար նախատեսված մշակութային հաստատությունում ռոք համերգի կազմակերպումը, այն էլ մի խմբի կողմից, որն ունի բազմաթիվ սատանիստական բնույթի երգեր, որի համերգների ժամանակ բեմահարթակի հետևի ֆոնին լինում է «Սատանայի» նկար, թարս կախած խաչեր և այլն։

Եվ իսկապես, «Vader» ռոք խմբի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խումբը հոկտեմբերի 2-ից շրջագայություն է իրականացնում տարբեր երկրներում, և ի թիվս այլ երկրների համերգ է նախատեսված նաև Երևանում։ «04.10.2019 – Երևան // Տիկնիկային թատրոն»,- նշված է խմբի հայտարարության մեջ։

Խմբի ֆեյսբուքյան էջի ետնանկարում նույնպես տեսնում ենք շրջագայության մանրամասները, որտեղ ևս նշված է, որ համերգը Երևանում տեղի է ունենալու Տիկնիկային թատրոնում։

Հետաքրքիր է, որ խմբի համերգները տարբեր պետություններում նախատեսվել են խմբի գործունեության բնույթի հետ համընկնող վայրերում՝ «Metropolis», «Bandabar», «Elektropowerk», «Fifth Corner», «Motor Club», «Retro-Metro», «Kadikoy Sahne», «Rockhouse», «La», «Bandhaus», և միայն Հայաստանում է համերգը նախատեսվել Տիկնիկային թատրոնում։

Vader-ը լեհական ռոք խումբ է, որը հանդես է գալիս դեթ մետալ (death metal) ժանրում։ Վերջինիս թվիթերյան էջում նշվում է, որ այն Արևելյան Եվրոպայի «ամենամարտունակ» խումբն է և առաջին ծայրահեղական խումբն է, որը հայտնվել է «երկաթյա վարագույրի» մյուս կողմում։ Vader խումբը թողարկել է «Sword of The Witcher», «Helleluyah (God is Dead)», «Cold Demons» և այլ տեսահոլովակներ։

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը գտանք նաև tomsarkgh.am կայքում, որտեղ տեղադրված է «Vader live in Yerevan» վերտառությամբ հայտարարություն։ Հայտարարության մեջ ևս որպես համերգի անցկացման վայր նշվում է Տիկնիկային թատրոնը։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Լեհական դեթ մետալի վետերաններ, լեգենդար Vader խումբը կայցելի Երևան իրենց հայրենակից Thy Disease խմբի ուղեկցությամբ։ Vader-ը կներկայացնի ինչպես գործեր նոր լույս տեսած "Thy Messenger" EP-ից և գալիք նոր ալբոմից, այնպես էլ հիթեր խմբի 35-ամյա պատմությունից։ Տոմսերի առաջին, սահմանափակ քանակությամբ խմբաքանակը կարժենա 10․000 դրամ։ Երկրորդ խմբաքանակը և մուտքի մոտ՝ 12․000 դրամ»։

AntiFake.am-ը Տիկնիկային թատրոնում նախատեսվելիք համերգի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Երևանի պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։

Մեզ հետ զրույցում Բաբայանը նշեց, որ եղել է համաձայնություն, որ Տիկնիկային թատրոնում ռոք խումբ է հանդես գալու, ինչպես հաճախակի հանդես են գալիս տարբեր տեսակի ռոք խմբեր՝ և՛ հայկական, և՛ արտերկրի։ Բայց հոկտեմբերի 2-ին այդ միջոցառումը Տիկնիկային թատրոնում չեղարկվել է։

Մեր այն հարցին, թե ինչ պատճառով է չեղարկվել համերգի անցկացումը Տիկնիկայինում, պարոն Բաբայանը նշեց, որ պատճառները շատ-շատ են։

«Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին ճիշտ իրազեկում չի արվել՝ բացատրելու խմբի բնույթը, ատրիբուտիկան, իմաստը, ոճը և այլն։ Եվ հանրության որոշակի մասի մոտ կարծիք է ձևավորվել, որ սա սատանիստական քարոզչություն է։ Քանի որ թատրոնը 21 տարիների ընթացքում կտրականապես դեմ է եղել ցանկացած տեսակի քարոզչությանը՝ լինի դա քաղաքական, կուսակցական կամ կրոնական, և քանի որ այդպիսի տպավորություն է ստեղծվել հանրության մի մասի մոտ, և ժամանակ չկա, որպեսզի մասնագետները իրազեկեին, բացատրեին, որովհետև ես ինքս «ծանր մետալի» մասնագետ չեմ, որպեսզի դա անեմ, մենք որոշեցինք, որ նման ձևով չի կարելի այս համերգը, և որոշեցինք այդ համերգն այստեղ չանցկացնել»։ «Մենք հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարել ենք, որ համերգն այստեղ տեղի չի ունենա»,- հավելեց Բաբայանը։

Փաստորեն չնայած նրան, որ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի կողմից պաշտոնապես հայտարարվել էր համերգը թատրոնում անցկացնելը չեղարկելու մասին, այնուամենայնիվ, հոկտեմբերի 3-ի երեկոյի դրությամբ tomsarkgh.am կայքում համերգի անցկացման վայրը նշվում էր Տիկնիկային թատրոնը։

Երեկ AntiFake.am-ի լրագրողը որպես հաճախորդ կապ հաստատեց tomsarkgh.am-ի հետ՝ համերգի տոմսեր պատվիրելու և համերգի անցկացման վայրն իմանալու համար, որտեղից ի պատասխան` tomsarkgh.am-ի աշխատակիցը նշեց, որ համերգը տեղի է ունենալու Տիկնիկային թատրոնում։

Ստեղծված անհասկանալի իրավիճակում պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք tomsarkgh.am-ի զարգացման տնօրենի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Ինչքանով որ տեղյակ եմ վայրը պետք է փոփոխվի, իսկ թե որտեղ է տեղի ունենալու, դեռևս տեղյակ չեմ»։ Վերջինս հավելեց, որ այսօր (հոկտեմբերի 3-ին) առավոտվանից տեղյակ են, որ Տիկնիկայինում տեղի չի ունենալու։ Մեր այն արձագանքին, որ tomsarkgh.am-ի աշխատակիցը քիչ առաջ նշել է, որ համերգն անցկացվելու է Տիկնիկայինում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե ասել են, ուրեմն նոր վայրը հայտնի չէ, հենց նոր վայրը հայտնի լինի, մենք բոլոր հաճախորդների տվյալներն ունենք, տեղյակ կպահենք, որ փոխվել է»։ Մեր այն հարցին, թե վաղ առավոտից տեղյակ են, որ համերգի անցկացման վայրը փոխվել է, բայց փաստորեն հաճախորդներին ասում են, որ Տիկնիկայինում է լինելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ երևի թե թյուրիմացություն է եղել։

Երեկ երեկոյան ևս մեկ անգամ կապվեցինք tomsarkgh.am-ի հետ՝ տոմսեր պատվիրելու և ճշտելու համերգի անցկացման վայրը։ Մեզ տեղեկացրին, որ համերգը տեղի չի ունենալու Տիկնիկային թատրոնում, իսկ տոմսեր պատվիրելու հնարավորությունը փակ է՝ կապված կամ տոմսերի սպառման կամ էլ անցկացման վայրի փոփոխության հետ։

Այսօր արդեն tomsarkgh.am կայքում տեսնում ենք, որ համերգի անցկացման վայրը փոփոխվել է և տեղի է ունենալու «Պոլիգրաֆ» բազմաֆունկցիոնալ տարածքում։ Փոփոխվել է նաև համերգի ժամը՝ 20:00-ից հետաձգվելով 21:00:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն