#ՈՉ_ԲՌՆՈՒԹՅԱՆԸ, #ՈՉ_ՍՏԱՄԲՈՒԼԻՆ նախաձեռնությունը ներկայացրել է փաստեր, թե ինչու է դեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ #ՈՉ_ԲՌՆՈՒԹՅԱՆԸ, #ՈՉ_ՍՏԱՄԲՈՒԼԻՆ նախաձեռնությունը ներկայացրել է փաստեր, թե ինչու է դեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

Կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ստամբուլի կոնվենցիայի պաշտոնական անունն է. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին եվրոպական կոնվենցիա»։

Այսինքն այն պետք է վերաբերեր միայն երկու հարցի.

  1. Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում ու դրա դեմ պայքար,
  2. Ընտանեկան բռնության կանխարգելում ու դրա դեմ պայքար։

Մինչդեռ Կոնվենցիան անդրադառնում է նաև կանանց և տղամարդկանց սոցիալական դերերին վերաբերող ազգային պատկերացումներին, «գենդեր» տերմինի մեկնաբանմանը՝ դրա սահմանման հիմքում դնելով ոչ թե կենսաբանական, այլ «սոցիալական» սեռը, ինչով ըստ էության վերաձևում է «ընտանիք» հասկացությունը (քանի որ «գենդերի» այն սահմանմամբ, որն օգտագործվում է կոնվենցիայում, ընտանիք կարող է համարվել նույն կենսաբանական սեռի երկու անձանց միությունը):

Ինչ ենք ստանալու «օրվա վերջում»

Թեպետ Ստամբուլյան կոնվենցիան ուղիղ չի սահմանում ԼԳԲՏ անձանց կարգավիճակը, այդպիսի զույգերին որպես ընտանիք ճանաչելու, նրանց կողմից երեխաներ որդեգրելու իրավունքը, բայց այն պարունակում է այնպիսի դրույթներ, որոնց տրամաբանական զարգացումը, առանձին «անմեղ» դատական հայցերի հիման վրա մեկնաբանումը և կիրառումը ինչ-որ մի պահի (ամիսներ կամ տարիներ անց) անխուսափելիորեն հանգեցնելու է նշված իրավունքների ճանաչմանը։

«Ընտանեկանի» սահմանումը

Այսպես, կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետը ընտանիքին զուգահեռ ներմուծում է «ընտանեկան միավոր» և «զուգընկերներ» հասկացությունները՝ ստեղծելով, օրինակ, երկու ԼԳԲՏ զուգընկերների «միությունը» որպես «ընտանեկան միավոր» պաշտոնականացնելու բոլոր իրավական նախադրյալները։ Չէ՞ որ ըստ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝ խտրականությունը անկախ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ (այլ ոչ թե սեռից) արգելվում է։Այս դրույթն ընդունելուց հետո վաղ թե ուշ հարց կտրվի. ինչու՞ ԼԳԲՏ «զուգընկերները» պետք է ենթարկվեն «խտրականության» և չունենան հնարավորություն պաշտոնապես գրանցել իրենց «ընտանեկան միավորը» (այսինքն՝ զագսավորվել), իսկ հետո էլ՝ երեխա որդեգրել։

«Գենդերայինի» սահմանումը

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է «գենդերային պատկանելություն» հասկացությունը՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»։ Այսինքն, որպես «կին»՝ Կոնվենցիան դիտում է ոչ թե ՍԵՌՈՎ կնոջը, ոչ թե ԸՍՏ ԾՆՈՒՆԴԻ կնոջը՝ ինչպես Հայաստանի Հանրապետության գործող իրավունքը, այլ կնոջ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐ ՍՏԱՆՁՆՈՂԻՆ կամ ԸՍՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ կնոջը։ Այլ կերպ ասած՝ ըստ Կոնվենցիայի, կինը ոչ թե նա է, որ կին է ծնվել, այլ նա, ով ցանկանում է հասարակության մեջ որպես կին հանդես գալ։

Քարոզչություն և կրթություն

Այս պնդմանը թվացյալ հակասում է սահմանման վերջին հատվածը՝ «…որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»։ Սակայն այս հակասությունը միայն թվացյալ է, քանի որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ԴԵՐԱԲԱԺԱՆՄԱՆ գաղափարի վրա»։

Ավելին, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ԶԵՐԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԴԵՐԵՐԻ, … հարցերով ուսումնական նյութերն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում և հարմարեցված լինելովուսումնառողների զարգացող ընդունակություններին»։

Ի՞նչ է ստացվում

Կոնվենցիան թվացյալ հարգանք է դրսևորում տվյալ հասարակությունում գոյություն ունեցող սովորույթներին, սակայն միաժամաակ պետություններին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է փոխել այդ սովորույթները՝ քարոզչության միջոցով։

Փաստորեն, Կոնվենցիան վավերացնելուց հետո մեր երեխաներին դպրոցներում սովորեցնելու են, որ վատ է, որ տոլմա փաթաթելը կնոջ գործ է, իսկ խորոված անելը՝ տղամարդու, քանի որ դա «գենդերային կարծրատիպ» է։

Գրիչն այլևս մեր ձեռքում չի լինելու

Կոնվենցիան սահմանում է դրա գործողությունը վերահսկելու համար հատուկ մարմինների՝ ԳՐԵՎԻՈ-ի և Մասնակից պետությունների ԿՈՄԻՏԵ-ի ձևավորումը։ Կոնվենցիայի 66-րդ հոդվածը սահմանում է, որ հենց ԳՐԵՎԻՈ-ն է ըստ էության լիազորված մեկնաբանելու Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, դրա հիման վրա ընդունելու համապատասխան զեկույցներ և եզրակացություններ, իսկ դրանց հիման վրա ԿՈՄԻՏԵ-ն իր հերթն կարող է ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ տալ առանձին պետություններին։

Ո՞վ կարող է երաշխավորել, թե ինչպիսի մեկնաբանություններ և հանձնարարականներ կտրվեն Հայաստանի իշխանություններին 2-3-4 տարի հետո։ Չէ՞ որ գրիչն արդեն մեր ձեռքում չի լինելու։

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ ոչ բոլոր պետություններն են շտապում այն վավերացնել.

2011 թվականից ի վեր Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել, բայց մինչ օրս չեն վավերացրել Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան, Հունգարիան, Սլովակիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան, Ուկրաինան։ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը նույնիսկ հակասահմանադրական է ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 16:15-ից «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ մի շարք անդամներ և համակիրներ Երևանի տարբեր հատվածներում իրականացրել են իրազեկման ակցիաներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ «#Ոչ_Բռնությանը#Ոչ_Ստամբուլին» խորագրով։

Ակցիայի մասնակիցները իրազեկող թռուցիկներ են բաժանել անցորդներին և ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն