Արսեն Թորոսյանի երկակի ստանդարտները բռնությանը դեմ կամ կողմ լինելու հացրում. այս դեպքում բռնությունը խիստ տեղին և ընդունելի էր

article-image

Հոկտեմբերի 4-ին մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ վիճաբանությունը  և ծեծը տեղի են ունեցել տնօրենի պաշտոնակատարի աշխատասենյակում, երբ Վահագն Համբարձումյանը Նարեկ Մանուկյանից ցանկացել է ճշտել իր հորը աշխատանքից ազատելու պատճառները: Ծեծկռտուքի հետևանքով Վահագն Համբարձումյանը քթի կոտրվածք է ստացել։

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Վահագն Համբարձումյանին վիրահատել են, իսկ վերջինիս հորը աշխատանքից ազատել են հիվանդից ավել գումար պահանջելու համար:

Ըստ նույն աղբյուրի՝ Ֆանարջյան կենտրոնում խոսակցություններ են եղել այն մասին, որ տնօրենի պաշտոնակատարն Առողջապահության նախարարի հովանավորյալն է, ով ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից։ Ըստ այլ վարկածի, Վահագն Համբարձումյանի հայրը նախկին տնօրենին պաշտպանել է, դրա համար տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը հեռացրել է նրան:

Դեպքին անդրադարձ կատարած Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր գրառմամբ, ըստ էության, արդարացրել էր բռնությունը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:  

Չանդրադառնալով կատարված դեպքի բուն բովանդակությանը, պետք է նշենք, որ ըստ էության` Արսեն Թորոսյանի խոսքերը այն մասին, որ բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի, բռնությունը չդատապարտող հայտարարություն է, և ծեծն ու վիճաբանությունը ըստ նախարարի ընդամենը խիստ արձագանք է դրամաշորթությանը, այլ ոչ թե ֆիզիկական ուժի և բռնության կիրառում:

Հետաքրքրական է, որ  ամիսներ առաջ, երբ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը Լյուսի Քոչարյանի պատմություններն էին բռնությունների մասին, Արսեն Թորոսյանը այն պաշտոնյաներից մեկն էր, որ պարբերաբար անդրադառնում էր Լյուսի Քոչարյանի հրապարակումներին և կիրառում ոչ բռնությանը հեշթեգը՝ չհանդուրժելով սեռական և ընտանեկան բռնությանը:

Թորոսյանն իր հարցազրույցներում դատապարտում էր ծեծը որպես երևույթ:

Սակայն այս դեպքում տեսնում ենք բռնության «խրախուսում» նախարարի կողմից: Ուստի, տվյալ իրավիճակում մենք գործ ունենք երկակի ստանդարտներով առաջնորդվելու դեպքի հետ, երբ շահերի համընկնումը կամ շահերի բախումը որոշում են դեմ կամ կողմ արտահայտվել բռնությանը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն