Արդյո՞ք ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին քաշքշելու և վիրավորելու դեպքը դատարանի գործունեությանը միջամտություն չէր, ինչպես պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը

article-image

Antifake.am-ի նախորդ հրապարկման մեջ անդրադարձել էինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ գրառումներին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վերաբերյալ։

Այժմ ավելի մանրամասն կներկայացնենք դատախազության ոչ օբյեկտիվ և կանխակալ մոտեցումների վերաբերյալ մեր դիտարկումները ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ու Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի շրջանակներում։

Ինչպես գիտենք, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց չփոխած դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում երիտասարդները, ուղեկցելով և տեսաձայնագրելով դատավոր Դանիբեկյանին, փորձում էին ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք տիկին Դանիբեկյանը իրեն համարում է «պատերի տակ վնգստացող դատավոր», բուռն արձագանք էր ստացել։ Այս առիթով դատախազությունում  հարուցվեց քրեական գործ, և վերոնշյալ անձանց մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։

Առաջին հայացքից՝ հարուցված քրեական գործի և առաջադրված մեղադրանքի մեջ համապատասխան հանցակազմի առկայության հիման վրա չկա ոչ մի արտառոց բան, սակայն երբ տեսնում ենք Գոռ Աբրահամյանի մեկնաբանությունները կոնկրետ գործի հանցակամի վերաբերյալ և պրոյեկտում ենք դրանք ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջադեպի հետ կապված սույն անձի կատարած համեմատության և այդ կապակցությամբ տրված մեկնաբանությունների վրա, ապա նույնիսկ իրավաբանական տարրական գիտելիքներ չունեցող անձանց համար ակնհայտ է դառնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Անդրադառանլով այս երկու միջադեպերի համեմատությանըч Գոռ Աբրահаմյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Ալվինա Գյուլումյանի պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ, 332-րդ, 343-րդ և 225.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը, որոնք դատախազությունում քննության առարկա էին դարձել սույն գործով, առկա չեն, քանի որ Ալվինա Գյուլումյանի դեմ ուղղված գործողությունները կապված չեն եղել որպես դատավոր նրա մասնագիտական գործունեության հետ։

Այսինքն՝ դատավորին վիրավորել, քաշքշել են, խոչընդոտել են նրա աշխատանքը (արդարադատության իրականացմանը) ոչ կոնկրետ գործի հետ կապված, այսինքն՝ Գոռ Աբրահամյանի գրառումից կարող ենք հասկանալ, որ արդարադատության իրականացմանը ուղղակի միջամտություն չի եղել։

Հասկանալու համար, թե արդյո՞ք քրեական օրենսգրքի տվյալ հոդվածները կիրառելի են վերոնշյալ դեպքերի համար, նախ պետք է վերլուծենք դրանցով նախատեսված հանցակազմերը։

1․ ՀՀ քր. օր. 332-րդ հոդված՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը.

Գոռ Աբրահամյանը իր պարզաբանման մեջ նշում է, որ սույն հոդվածը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ առկա է ցանկացած ձևով միջամտություն դատավորի կոնկրետ գործի հետ կապված։ Սակայն եկեք հասկանանք՝ արդյո՞ք օրենսդիրը արդարադատություն տերմինը սահմանելիս նկատի է ունեցել հենց կոնկրետ գործով հանցավորի  միջամտությունը, թե՞ արդարադատությունը ավելի լայն հասկացություն է, և օրենսդիրը այն սահմանելիս նկատի է ունեցել դատավորների ցանկացած գործողություն, որն ուղղված է արդարադատության իրականացմանը։

Իրականում պարտադիր չէ, որ անձանց գործողությունները դատարանի դեմ կապված լինեն կոնկրետ գործի հետ, հնարավոր է որ անձանց դիտավորությունը ոչ կոնկրետացված լինի և կապված լինի նախկինում կայացված և ապագայում կայացվելիք  դատավորի  ենթադրյալ «անօրինական»  որոշումների հետ։ Այսինքն՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին քաշքշելը, նրան վիրավորելը նպատակ է հետապնդել դատավորին ստիպել կայացնել այնպիսի  որոշումներ, որոնք հանրության որոշ զանգվածի «սրտով» կլինեն կամ «կպատժեն» նախկինում կայացրած ենթադրյալ ապօրինի որոշումների համար։

Հիշեցնենք, որ դատարանների շրջափակումը անմիջականորեն կապված էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման հետ, որին էլ հենց հաջորդել էր դատարանները  շրջափակելու Նիկոլ  Փաշինյանի հրահանգը։

Այս հանցակազմը դատախազությունում քննության առարկա  է  դարձել և՛ Ալվինա Գյուլումյանի, և՛ Աննա Դանիբեկյանի գործերով, սակայն մի դեպքում դատախազությունը համարել է, որ առկա են համապատասխան հանցակազմի բոլոր տարրերը և այդ առիթով առաջադրել մեղադրանք, իսկ մյուս դեպքում հարուցված քրեական գործը կարճվել է։

2. ՀՀ քր. օր. 316-րդ հոդված՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ.

Այս հանցակազմը մեկնաբանելիս Գոռ Աբրահամյանը կարծես թե գիտակցաբար խուսափել է դրա ամբողջական բովանդակությունը ներկայացնելուց, ավելի կոնկրետ՝ իր գրառման մեջ չի նշել հոդվածի հետևյալ հատվածը՝ «․․․ կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Նաև իր ֆեսբուքյան էջում գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ հետևյալ հանցակազմի առկայությունը նույնպես պետք է պայմանավորված լինի իշխանական ներկայացուցչի ծառայողական պարտականություններով և որպես դրա բացակայության ապացույց՝ մեջբերել է Ալվինա Գյուլումյանի բացատրությունը, որտեղ Գյուլումյանը իբրև թե նշել էր, որ վիրավորական արտահայտությունները ուղղված չեն եղել իր անձի դեմ, որին արդեն անդրադարձել ենք և պարզել, որ նման բացատրություն դատախազությանը Գյուլումյանը չի տվել։ Սակայն տեսանյութի մեջ հստակ երևում է, որ ՍԴ-ն պաշարած անձինք քաշքշում և վիրավորական արտահայտություններ են հնչեցնում հենց դատավոր Գյուլումյանի հասցեին։

Բնականաբար, այս ամենը աբսուրդի ժանրից է, և ակնհայտ է, որ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շրջափակման հետևանքով առաջացած ապօրինությունների և հենց դատարանները շրջափակելու փաստով քրեական գործ չի հարուցվում, կամ հարուցված քրեական գործը կարճվում է, իսկ զուտ այն փաստը, որ Աննա Դանիբեկյանը հանդիսանում է իշխանության համար լոյալ դատավոր, այսինքն, կայացնում է իշխանահաճո որոշում, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց չփոխելը, հիմք է հանդիսանում, որ նրա նկատմամբ  լայն իմաստով արդարադատությունը  գործի օրենքի ամբողջ ուժով, ոչ թե կիրառվի քաղաքական նկատառումներով պայմանավորված սելեկտիվիզմ։

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն