Ավելի քան 25 միլիոն դրամ պետբյուջեից ԱԺ-ում հունիսի 1-ի միջոցառման համար. «մտերիմ» կազմակերպություններն ու ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքը

article-image

Հասարակության շրջանում վերջերս մեծ արձագանք են գտնում այս կամ այն միջոցառման համար պետական բյուջեից կատարված ծախսերը և այն, թե ովքեր կամ ինչ կազմակերպություններ են մատուցում ծառայությունները, և ինչ մրցութային ընթացակարգով են ընտրվել նրանք:

AntiFake.am-ը դեռևս օգոստոսին հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին` հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև հուլիսի 28-ին` Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում Վարդավառի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների ծախսերի և դրանք իրականացրած կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Հարցման պատասխանը ԱԺ-ն մեզ տրամադրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բոլոր ժամկետների խախտմամբ։

Ազգային ժողովի պատասխան նամակում մեզ փոխանցում են հունիսի 1-ի միջոցառումն իրականացրած կազմակերպությունների անվանումները, ՀՎՀՀ-ները, ղեկավարների անունները` կցելով նաև այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը:

Պատասխանում նշվում է, որ հունիսի  1-ի միջոցառումների իրականացման համար Ազգային ժողովը պետական բյուջեից հատկացրել է 25,540,300 ՀՀ դրամ, իսկ Վարդավառի տոնի կապակցությամբ հատկացրել է 4,941,300 ՀՀ դրամ:

Պատասխան նամակում ԱԺ աշխատակազմից տեղեկացնում են, որ «կազմակերպությունները ընտրվել են` հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը և միջոցառման գնառաջարկը»:

Նշենք, որ հանրությունը բավականին մեծ դժգոհություն էր բարձրացրել Վարդավառի տոնի առթիվ ԱԺ-ի կողմից պետական բյուջեից հատկացված շուրջ 5 միլիոն դրամի կապակցությամբ, որը, ըստ շրջանառվող կարծիքների, անիմաստ ծախս էր, իսկ միջոցառումն այնքան անկազմակերպ էր, որ շատ քիչ մարդիկ մասնակցեցին դրան։ Մինչդեռ միևնույն ժամանակ Գյումրիում առանց պետական բյուջեից արված ծախսերի մեծ խանդավառությամբ նշում էին տոնը։

Աղմուկ էր բարձրացել նաև Վարդավառի տոնը ԱԺ-ում կազմակերպած սուբյեկտների մասով, որոնք, ինչպես պարզ դարձավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ծանոթներն ու նախկին գործընկերներն են։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ովքեր են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպել են Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումները, որի համար ստացել են ավելի քան 25 միլիոն դրամ։

«Անի Ջուլհակյան» Ա/Ձ – 11,140,500 ՀՀ դրամ

Հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման համար ամենամեծ գումարը հատկացվել է «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ին՝ 11,140,500 ՀՀ դրամ։ Ուշագրավ է, որ Անի Ջուլհակյանը Վարդավառի «չստացված» տոնի կազմակերպման համար էլ ստացել էր 2,526,300 դրամ, իսկ ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա ևս նախկինում աշխատել է «Radio Van»-ում և կապ ունի Լուսինե Բադալյանի հետ։

Ա/Ձ-ի ճշգրիտ անվանումը «Անի Ջուլհակյան Հրաչիկի» Ա/Ձ է։ Այն գրանցված է հարկ վճարողների փնտրման համակարգում, սակայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում որոնելիս պարզ է դառնում, որ «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն ունի 1 գրանցված աշխատող, պարտադիր վճարներն իրականացրել է միայն 2018թ.-ին, իսկ 2019թ.-ի համար որևէ վճարում չի արվել:

Ըստ ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրի` Անի Ջուլհակյան Ա/Ձ-ը, ի դեմս «Zilina Event lab»-ի, մատուցել է միջոցառումների կազմակերպման ծառայություններ։

«Zilina Event lab»-ի ֆեյսբուքյան էջը կառավարվում է «Radio Van»-ի ևս մեկ աշխատակից Արտաշես Աղաջանյանի կողմից, որը կա հունիսի 1-ի միջոցառումների լուսանկարներում:

Ուշագրավ է, որ 2016 թվականին հաշվառված «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն և նույն թվականից միջոցառումներ կազմակերպող «Zilina Event Lab»-ը պետական միջոցներից ֆինանսավորվող միջոցառումներ է սկսել կազմակերպել 2018 թվականի օգոստոսից։ Խոսքը գնում է Artsakh Wine Festival-ի մասին։ Որից հետո արդեն պետական ֆինանսավորմամբ կազմակերպել է հունիսի 1-ի միջոցառումը։ Սա ակնհայտ է դառնում «Zilina Event Lab»-ի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելու դեպքում։ Ուստի՝ անհասկանալի է, թե ԱԺ աշխատակազմն ինչ նկատի ունի «կազմակերպություններն ընտրվել են հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը» ասելով կամ ինչպես կարող էր իմանալ այդ կառույցի կազմակերպած միջոցառումների որակը առանց մրցույթի անցկացման, եթե Ա/Ձ-ն նախկինում չի իրականացրել պետական ֆինանսավորմամբ միջոցառումների կազմակերպում։

«Գևորգ Աղաբալյան Հակոբի» Ա/Ձ - 7,770,000 ՀՀ դրամ

Ստացած գումարի մեծության չափով հաջորդը Գևորգ Աղաբալյան Ա/Ձ-ն է։ Վերջինիս հետ պայմանագիր է կնքվել հունիսի 1-ին միջոցառումների տեխնիկական ապահովման նպատակով, որի համար վճարվել է 7,770,000 դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա տվյալներից պարզ է դառնում, որ Ա/Ձ-ն ունի 1 աշխատող: 2019թ.-ի համար որևէ վճարում կատարված չէ:

Վերոնշյալ կազմակերպությունը բավական ակտիվ ներգրավվածություն է ունեցել պետական ֆինանսավորմամբ 2019թ. Երևանում և  այլ քաղաքներում տեղի ունեցած միջոցառումների կազմակերպման ընթացքում՝ միայն 2019 թվականի համար մրցույթներով անցկացված միջոցառումների համար ստանալով 20,780,000 ՀՀ դրամ։

Tender-monitoring.am կայքում կարող ենք տեսնել այն միջոցառումները, որոնց կազմակերպմամբ զբաղվել է Ա/Ձ-ն:  Օրինակ՝ բազմաթիվ քննադատությունների արժանացած «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման համար կառույցը ստացել է 17,880,000 ՀՀ դրամ։

Իսկ հունիսի 1-ի միջոցառման կազմակերպիչները, ինչպես արդեն նշել ենք, ընտրվել են առանց մրցույթի։ Այսինքն, «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ն 7,770,000 դրամ էլ պետական բյուջեից ստացել է առանց մրցույթի։

Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վերջինս ղեկավարում է «EX production event»-ը, որի էջը բավական ակտիվ է, և կարող ենք տեսնել կազմակերպության կատարած աշխատանքները:

Աղաբալյանի էջում կարող ենք նաև տեսնել բազմաթիվ լուսանկարներ ներկայիս իշխանականների հետ:

Հարկ է նշել, որ «Ex production event»-ի ֆեյսբուքյան էջից ակնհայտ է դառնում, որ Ա/Ձ-ն ներգրավված է եղել նաև 2018 թ. ՀՀ Անկախության օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման տեխնիկական աշխատանքներին։

Տպավորություն է ստեղծվում, որ այս Ա/Ձ-ն ձեռք է բերել մենաշնորհ դիրք պետական ֆինանսավորմամբ կազմակերպվող մշակութային և այլ բնույթի միջոցառումների կազմակերպման ծառայություններում։

«ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ – 500.000 ՀՀ դրամ

«ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ն, ի դեմս ընկերության տնօրեն Ս. Մեսրոպյանի, մայիսի 30-ին կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի` ընկերությունը պարտավորվել է մատուցել միջոցառման շրջանակներում Բաղրամյան փողոցում թվով 10 մետաղական կամարների մոնտաժման և ապամոնտաժման ծառայություններ: Ընկերության մատուցած ծառայության արժեքը կազմում է 500,000 դրամ:

Կազմակերպությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 1995 թվականից: Այժմ ընկերությունն ունի 8 աշխատող:

Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք նաև, որ ընկերության վրա Հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառված է սահմանափակում։

Գրանցված է ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում: Գործունեությանը տեսակը` Սպասարկման այլ ծառայություններ:

Նախորդ տարիների լրատվական հոսքերից տեղեկանում ենք, որ «Ձևավորում» ՓԲԸ-ն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի կողմից` 100 տոկոս բաժնեմասով: Լրատվականներում շատ են շահարկումները այն մասին, որ բավական մեծ գումարներ են հատկացվում Երևանի քաղաքապետարանի կողմից այս ընկերությանը սպասարկման տարբեր ծառայությունների մատուցման համար, և որ այն կապ ունի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ: Փաստորեն նոր իշխանությունների օրոք ևս կազմակերպությունը շարունակում է ծառայություններ մատուցել բավականին բարձր գնով։

Ավետիս Կոպյան Ա/Ձ - 3,580,000.10 ՀՀ դրամ

Հունիսի 1-ի միջոցառումների ընթացքում միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների վարձակալության ծառայություններ է մատուցել Ավետիս Կոպյան Ա/Ձ-ն, որի համար վճարվել է 3,580,000.10 դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում Ա/Ձ-ն ներկայացված է մեկ աշխատողով, որի կողմից պարտադիր վճարը կատարվել է միայն 2017թ.-ին, 2018 և 2019թթ.-ի ընթացքում որևէ վճարում առկա չէ:

ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում Ա/Ձ-ի գործունեությունը ներկայացվում է որպես «Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն»:

Ուշագրավ է, որ azdarar.am կայքում 2019թ. մայիսի 10-ին տեղադրված է «Ավետիս Կոպյան» Ա/Ձ-ի (ՀՎՀՀ` 87490971/ արգելանքի ենթակա այլ գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը», համաձայն որի` հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով 658,169 դրամի հարկային պարտավորություն պետք է գանձվի, ըստ այդմ էլ` արգելանք է դրվել արգելանքի ենթակա այլ գույքի վրա` 658,169 դրամի չափով:

Հետաքրքիր է, թե ինչպես է ԱԺ աշխատակազմը պայմանագիր կնքել հարկային պարտավորությունները չկատարող կազմակերպության հետ:

«ԱԼՖԱ ՀՈԼԻԴԵՅՍ» ՍՊԸ և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ ՊՈԱԿ - 2,389,600 և 120,000 ՀՀ դրամ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի ստորագրությամբ մեզ ուղարկված պատասխանում նշված են ևս երկու կազմակերպությունների անուններ. «ԱԼՖԱ ՀՈԼԻԴԵՅՍ» ՍՊԸ և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ ՊՈԱԿ, որոնց վճարվել է, համապատասխանաբար, 2,389,600 և 120,000 դրամ: Թե ինչն է եղել պատճառը, որ մեզ չեն ուղարկվել վերոնշյալ պայմանագրերը, հայտնի չէ:

«ԱԼՖԱ ՀՈԼԻԴԵՅՍ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018թ.-ի դեկտեմբերին: Էլեկտրոնային ռեգիստրում նշված է, որ կազմակերպության հիմնադիրները 3-ն են`Անի Գևորգյան, Բելլա Սաֆարյան, Հովհաննես Սիմոնյան: Կազմակերպության տնօրենը Անի Գևորգյանն է:

Tender-monitoring.am կայքում նշված է, որ այս կազմակերպության ծրագրերից ԱԺ աշխատակազմը օգտվել է նաև մարտին. կազմակերպությունը մատուցել է  «պաշտոնական պատվիրակության անդամների համար հյուրանոցային սպասարկման ծառայություներ:

Թե ինչ կազմակերպչական ծառայություններ պետք է մատուցեր զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունը ԱԺ բակում և Բաղրամյան փողոցում, առնվազն անհասկանալի է:

Ինչ վերաբերում է  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին, ապա պետք է նշենք, որ, ԱԺ պաշտոնական էջում տեղադրված հայտարարության` մեջ, ինչպես նաև Մարզահամերգային համալիրում անցկացվող որևէ միջոցառման մասին տեղեկություն մարզահամերգային համալիրի կայքում և էջում նշված չէ: Զարմանալի է, թե ինչ ծառայություններ է մատուցել Մարզահամերգային համալիրը հունիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ:

ԱԺ աշխատակազմից տեղեկություններ էինք հայցել նաև հուլիսի 28-ին Վարդավառի տոնին պետական բյուջեից հատկացված գումարի և կազմակերպությունների վերաբերյալ։

Ինչպես արդեն նշել ենք,  Վարդավառի տոնի կազմակերպումը դրվել էր Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ների վրա: Հետաքրքիր է, որ «Radio Van»-ում է աշխատում նաև Մերի Սոլոյանը: Մերի Սոլոյանը նաև նշվել էր «Zilina event lab»-ի կողմից կազմակերպված միջոցառումների լուսանկարներում:  Իսկ լուսանկարներից մեկում նշվում է, որ Մերի Սոլոյանը Անի Ջուլհակյանի գլխավորած «Zilina Event Lab»-ի թիմի անդամ է։

Հետաքրքիր է, որ Մերի Սոլոյանը իր Ա/Ձ կարգավիճակը ձեռք է բերել միջոցառումների կազմակերպումից 5 օր առաջ:

Չենք կարող չնշել ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքի մասին, որն այս անգամ էլ դրսևորվել է մեզ ուղարկված հարցման պատասխանում և դրան կցված փաստաթղթերում։ Այսպես. 

1. ԱԺ-ի կողմից մեզ ուղարկված «Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման» 2 պայմանագրերում, որոնք կնքվել են Անի Ջուլհակյանի և Մերի Սոլոյանի հետ, բացակայում են պայմանագրերի կնքման ամսաթվերը:

2. Պայմանագրերը կազմված են բավականին անփույթ ձևով, մասնավորապես` Ա/Ձ-ներին գումարի վճարման ժամանակացույցների մասով։

Մերի Սողոյանի հետ կնքված պայմանագրի վճարման ժամանակացույցից այնպես է ստացվում, որ ԱԺ աշխատակազմը օգոստոսից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս Մերի Սոլոյանին պետք է վճարի 2,415,000 դրամ, և որպես բոլոր ամիսների ընդհանուր գումար կրկին նշվում է 2,415,000 դրամ, ինչը, համաձայնեք, աբսուրդային է:

Նույն իրավիճակը Անի Ջուլհակյանի հետ կնքված պայմանագրում է. 5 ամիսներից յուրաքանչյուրի համար վճարել 2,526,300 դրամ, ընդհանուր` դարձյալ 2,526,300 դրամ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի, ի դեմս Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի, անփույթ և ոչ պատասխանատու աշխատանքին գումարվում է նաև այն փաստը, որ Մերի Սոլոյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին, իսկ Անի Ջուլհակյանը աշխատել է Լուսինե Բադալյանի նախկին աշխատավայրում։ Ստացվում է, որ ԱԺ կողմից միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցում են մեծամասամբ այն ընկերությունները կամ Ա/Ձ-ները, որոնք աշխատում են «Radio Van»-ում կամ հանդիսանում են Լուսինե Բադալյանի ծանոթները:

Նշենք նաև, որ դեռևս օգոստոսին Tert.am-ի հետ զրույցում Լուսինե Բադալյանը, ընդունելով, որ Մերի Սոլոյանը իր ընկերուհին է, նշել էր, որ ընդհանապես տեղյակ չի եղել մրցույթի արդյունքներից: Այնինչ, հարկ ենք համարում նշել, որ միջոցառումների կազմակերպման համար ոչ մի մրցույթ չի անցկացվել և, ինչպես նշված է վերևում, կազմակերպությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը և միջոցառման գնառաջարկը:

4. ԱԺ աշխատակազմը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ ԴԱՀԿ կողմից կիրառված են սահմանափակումներ։

5. ԱԺ աշխատակազմը մեզ տրամադրած պատասխանում նշել է, որ հունիսի 1-ի միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 25,540,300 ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր կազմակերպությանը հատկացված գումարների ընդհանուր հաշվարկից ստանում ենք այլ թիվ՝ 25,500,100  ՀՀ դրամ։

Արդյունքում կարող ենք եզրակացնել, որ հանրության շրջանում մեծ աժիոտաժ առաջացրած միջոցառումների կազմակերպումը եղել է անփույթ, սխալ պայմանագրերով և մութ գործարքներով, հարկային պարտավորություններ չկատարած կազմակերպություններով։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն