Իշխանական քարոզչամիջոցներ՝ «Баграмян 26» և «Re:public of Artsakh» տելեգրամյան ալիքներ

article-image

Վերջին ամիսներին իշխանության ներկայացուցիչները հաճախ մեղադրում են այս կամ այն լրատվամիջոցին կողմնակալ կամ ընդդիմադիր լրատվություն մատուցելու, նախկին իշխանություններին սպասարկելու համար: Այնինչ, քիչ չեն այն լրատվականները, որոնք սպասարկում են ներկայիս իշխանության շահերը, առաջ են տանում իշխանական թեզերը և ունեն կողմնակալ բնույթ:

Այդ լրատվականներին անդրադարձ ենք կատարել մեր տարբեր հրապարակումներով։ Սակայն ներկայիս իշխանությունները ոչ միայն լրատվականներն են օգտագործում որպես քարոզչամեքենա, այլ նաև արդեն Հայաստանի հասարակության մեջ մեծ տարածում ստացած տելեգրամյան ալիքները։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք տելեգրամյան «Баграмян 26» և «Re:public of Artsakh» ալիքներին և նրանց կողմից վարվող քաղաքականությանը:

Տելեգրամյան Баграмян 26 ալիքը բացվել է 2018թ. փետրվարի 12-ին և ներկայումս ունի ավելի քան 10000 բաժանորդ: Ալիքի բացման հաջորդ օրը հաղրոդագրություն տեղադրվեց այն մասին, որ ալիքում տեղ է գտնելու ներքին տեղեկատվություն (Insider information), որը հայտնի է միայն որոշակի շրջանակների համար, և ըստ էության` այդ տեղեկատվությանը տիրապետում են միայն իրենց տեղեկատվության աղբյուրին մոտ գտնվող մարդիկ:

Նման հրապարակումը և մեր կատարած ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ ալիքը ստեղծվել է հենց «ներքին շրջանակների» կողմից, հատուկ ընտրված ժամանակամիջոցում, որը որպես գործիքակազմ օգտագործվելու էր «ներքին շրջանակնների» շահերի սպասարկման նպատակով: Իսկ թե ովքեր են ներքին շրջանակների անձինք, արդեն բացահայտում է Баграмян 26 – ի վարած քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք այն մասին, որ ըստ օդում կախված լուրերի Баграмян 26 – ը ղեկավարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանի՝ Արտաչոկի կողմից։

Հետաքրքիր է, որ Баграмян 26  տելեգրամյան ալիքը սկզբնական շրջանում բավականին քիչ նորություններ էր տեղադրում, որոնք չունեին կարևոր բնույթ և «ինսայդերային» չէին և միգուցե ծառայում էին լսարան հավաքելուն:

Баграмян 26-ը սկսեց ակտիվանալ ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների օրերին՝ լայնորեն լուսաբանելով դրանք և զուգահեռաբար ավելացնելով իր լսարանը:

Ալիքը ապրիլ-մայիսյան դեպքերը ակտիվորեն սկսեց լուսաբանել ապրիլի 16-ից, երբ տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև, որը նաև «կանխատեսվել էր» ալիքի կողմից: Մի քանի օրինակ ներկայացնում ենք ստորև`

Ակտիվ լուսաբանումները շարունակվել են նաև հաջորդ օրերին: Կարճ ժամանակահատվածում ալիքը արագորեն ավելացրել է հետևորդների և ընթերցողների թիվը։

Баграмян 26  ալիքը իր հրապարակումներում նաև ցույց էր տալիս անձնական դիրքորոշումներ և առաջ տանում Փաշինյանի աջակիցների կողմից առաջ քաշվող «պրո» և «անտի» քարոզչական թեզերը՝

Ավելի ուշ՝ 2018թ. հուլիսի 24-ին, տելեգրամում բացվեց Re:public of Artsakh ալիքը, որը, ըստ էության, նույնաբովանդակ է տելեգրամյան Баграмян 26 ալիքին: Նշենք, որ Re:public of Artsakh ալիքը ունի շուրջ 700 հետևորդ, սակայն ալիքում տեղադրվող նյութերը ընթերցում են մինչև 4000 բաժանորդներ:

Նշենք, որ Re:public of Artsakh-ը սկզբնական շրջանում բավականին քիչ հրապարակումներ էր անում, որոնց հիմնական մասը կապված էր և հիմա էլ կապված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, որոնք նաև լուսաբանվել են Баграмян 26- ի կողմից, իսկ Արցախին վերաբերվող նյութերը զգալիորեն սակավաթիվ են եղել՝ չնայած ալիքի անվան ընտրությանը։

Օրինակներ՝

Հարկ է նշել, որ տելեգրամյան այս ալիքը իր հրապարակումներով առաջ է տանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարած թեզը. «Արցախը Հայաստան է և վերջ»` այսպիսով խթանելով և պառակտելով Արցախի ներկայիս իշխանությունների և գեներալիտետի դեմ արշավը: 

Տելեգրամյան այս ալիքները լայնորեն լուսաբանել են նաև 2018թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի ընթացքում էլ Re:public of Artsakh ալիքը սկսեց ակտիվ հրապարակումներ անել: Եթե նախկինում այն օրական 1- 3 գրառում էր անում, կամ գրառումները բացակայում էին, ապա դեկտեմբերի 9-ից սկսած` ալիքը ավելի ակտիվ գրառումներ սկսեց կատարել:

Դեկտեմբերյան ընտրությունները ավելի օպերատիվ կերպով լուսաբանվում էին Баграмян 26- ի կողմից: Օրինակներ՝

Բացի այն, որ տելեգրամյան երկու ալիքները տեղադրում են բացառապես ռուսալեզու հրապարակումներ, նրանք նաև նույնաբովանդակ են, կապված են  նույն հակաքարոզչական և քարոզչական թեմաներով:

Օրինակ, տելեգրամյան երկու ալիքներն էլ լուսաբանել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցների` Ստեփանակերտում կայացած ակցիան։ Ալիքները թեման լուսաբանելիս շեշտը դրել են հավաքի սակավաթվության վրա: Իսկ թե ինչ սկզբունքով են հաշվարկ կատարել, թե քանի անձ է մասնակցում հավաքին, հայտնի չէ։

Այս ալիքներն իրար են կապվում նաև հրապարակումների սկզբնաղբյուրներով: Օրինակ երկուսն էլ ակտիվորեն հրապարակում են Инфотека 24 լրատվականի նյութերը, որը ևս իշխանական քարոզչամեքենա է հանդիսանում։

Ալիքները նաև հաճախ մեկը մյուսի համար են հանդիսանում նյութի սկզբնաղբյուր՝ կիսելով մեկը մյուսի հրապարակումները.

Баграмян 26-ը  և Re:public of Artsakh-ը, «միասնական» են գործում նաև վերջին օրերին, երբ իշխանական քարոզչամեքնենան կրկին լծվել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «հեղինակազրկմանը»: Ալիքները պարբերաբար հրապարակումներ են անում գեներալի մասին «կարծիք» հայտնած անձանցից մեջբերումներով, կիսվում մեկը մյուսի ալիքներում արված հրապարակումներով։

Վերը թվարկված փաստերը ցույց են տալիս, որ տելեգրամյան ալիքները ստեղծվել են հատուկ ընտրված ժամանակամիջոցներում, օգտագործվել են և շարունակում են օգտագործվել իշխանության քարոզչության և իշխանության «հակառակորդների» հակաքարոզչության նպատակով:

Տելեգրամյան այս ալիքները աչքի են ընկնում կողմնակալ հրապարակումների մատուցմամբ և ներկայացնում են իշխանության դիրքորոշումը, իսկ ընդդիմության կողմից բարձրաձայնվող հարցերը կամ բողոքի ակցիաները մնում են չլուսաբանված: Հաշվի առնելով ալիքների թե՛ հետևորդների, թե՛ ընթերցողների քանակը` տելեգրամյան ալիքների կողմից վարվող քաղաքականությունը հանդիսանում է մտահոգիչ, քանի որ ընթերցողը չի ստանում բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն