ՊՆ մամլո խոսնակը ստել է վարչապետի որդու՝ ծառայության ընթացքում ստացած արձակուրդների քանակի վերաբերյալ

article-image

Սեպտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը մի տղայի հետ թիկնազորի ուղեկցությամբ շրջում է Երևանում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մարիամին ուղեկցող երիտասարդը վարչապետի՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդին է` Աշոտ Փաշինյանը:

Այս կապակցությամբ Արծրուն Հովհաննիսանը  Aysor.am-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում։

«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ», - ասել էր ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։

«Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», - նշել էր Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակն ավելացրել էր, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։

«Լինում են արձակուրդներ՝ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», - հավելել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակն էլ գրել էր. «Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»։

Փաստորեն թե՛ վարչապետի մամլո խոսնակը, և թե՛ ՊՆ մամլո խոսնակը նշել են, որ Աշոտ Փաշինյանը տեսանյութի հրապարակման պահին գտնվել է հերթական արձակուրդում։

Արդյո՞ք Աշոտ Փաշինյանը որպես պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայող կարող էր գտնվել հերթական արձակուրդում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները՝

  1. հիմնական,
  2. Լրացուցիչ,
  3. հիվանդության պատճառով (վերականգնողական),
  4. ամսական:

Իսկ սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները՝

  1. հերթական,
  2. լրացուցիչ,
  3. հիվանդության պատճառով (վերականգնողական):

Այսպիսով՝ Աշոտ Փաշինյանին չէր կարող տրվել հերթական արձակուրդ, քանի որ վերջինս շարքային կազմի պարտադիր զինծառայող է, մինչդեռ հերթական արձակուրդը կարող է տրամադրվել սպայական կազմի պարտադիր զինծառայողներին։

Փաստացի Հովհանիսյանը Aysor.am-ին հայտնած տեղեկությունում օգտագործել է «հերթական արձակուրդ» և «երկրորդ հիմնական արձակուրդ» արտահայտությունները, որոնք ոչ միայն սահմանված չեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, այլ նաև հակասում են Պաշտպանության նախարարության` այս կապակցությամբ AntiFake.am-ի ուղարկած հարցման պատասխանին:

Antifake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտապանության նախարարություն` պարզելու համար, թե երբ, ինչ հաճախականությամբ և որքան տևողությամբ  է վարչապետ Փաշինյանի որդին գտնվել զինվորական արձակուրդի մեջ:

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Աշոտ Նիկոլի Փաշինյանին զորամասի հրամանատարի հրամանով 2019թ. հունվարի 10-ից 21-ը տրվել է հիմնական, 2019թ. մարտի 4-ից 15-ը՝ վերականգնողական և 2019թ. սեպտեմբերի 14-ից 19-ը՝ լրացուցիչ (որպես խրախուսանք) արձակուրդներ։

Ինչպես երևում է ՊՆ պատասխանից, Աշոտ Փաշինյանը ողջ ծառայության ընթացքում երեք անգամ գտնվել է արձակուրդում՝ հիմնական (10 օր), վերականգնողական (10 օր) և լրացուցիչ (5 օր):

Արծրուն  Հովհաննիսյանի հայտարարություններից կարող ենք ենթադրել, որ նա կամ համապատասխան օրենսդրության չիմացության պատճառով օգտագործել են սխալ ձևակերպումներ, որը բացարձակապես ողջունելի  չէ ՊՆ մամլո խոսնակի համար,  կամ, որ ավելի վատ է, փորձել է միտումնավոր խեղաթյուրել օրենքով հստակ սահմանված ձևակերպումները` փորձելով մեղմացնել հանրային տրամադրությունները վարչապետի որդու հետ կապված, կամ էլ տեսանյութի հրապարակումից հետ «ոտքի վրա» պարզաբանումներ է ներկայացրել՝ հաշվի չառնելով, որ հետագայում պաշտոնական հարցման պատասխանները տարբեր են լինելու իր տված պատասխաններից։

Բացի այդ, մամլո խոսնակը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ Աշոտ Փաշինյանը, բացի հիմանական և «երկրորդ հիմնական» արձակուրդներից, այլ արձակուրդում չի գտնվել և զորամասի տարածքը չի լքել, մինչդեռ Պաշտպանության նախարարությանը հասցեագրված հարցման պաշտոնական պատասխանից ակնհայտ է դառնում, որ Աշոտ Փաշինյանը, բացի հիմնական և խրախուսական արձակուրդները, մարտ ամսին 10 օր գտնվել է վերականգնողական արձակուրդում։

Այսպիսով, ՊՆ մամլո խոսնակի՝ տեսանյութին հետևած պարզաբանումները չեն համապատասխանում ՊՆ կողմից մեզ տրամադրված պաշտոնական պատասխանին, որը կասկածներ է  հարուցում Աշոտ Փաշինյանի՝ սեպտեմբերի 16-ին Երևանում գտնվելու հանգամանքների կապակցությամբ։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը