
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր ուղիղ եթերների ընթացքում խոսում է իր տված խոստումների մասին և դրանք համարում կատարված: Նմանատիպ ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանն ասում էր, որ կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և իրենք ամեն ինչ անում են, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ, և ասում. «Հիմա հարց՝ էս խոստումը կատարվե՞լ է», և ինքն իրեն պատասխանում, որ «այո, լիարժեք` 100 տոկոսով կատարվել է»:
Սակայն կարող ենք փաստել, որ այդ խոստումը չի կատարվել, և լավագույն ավանդույթները շարունակվում են:
Ասվածին որպես օրինակ կարող ենք բերել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում կողմից արտահայտած մտքերը հաճախ «օրակարգ» են ձևավորում համացանցում: Վերջինս նաև աչքի է ընկնում նրանով, որ իր խնամիներին, բարեկամներին ու ընկերներին պաշտոնների է նշանակում:
Այն, որ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։
Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում՝
իսկ մեկ այլ բարեկամի նշանակել է իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով ներկայումս Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է:
Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո:
Մարզպետը պաշտոն է տվել նաև իր բաջանաղ Արտավազդ Նազարեթյանին, ով նշանակվել է որպես մարզպետի տեղակալ:
Իսկ մարզպետի քեռու որդին մարզպետարանում է որպես մարզպետի օգնական:
Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ մարզպետի քրոջ ամուսինը՝ Սահակ Առաքելյանը, Մոսկվայում թողել է իր բիզնեսը և տեղափոխվել Հայաստան, Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում նշանակվել որպես Վեդու ՋՕԸ-ի տնօրեն:
Եվ այն հարցին, թե ինչպես եղավ, որ նա Մոսկվայից եկավ և հաղթեց տնօրենի հաստիքի մրցույթում, Սահակ Առաքելյանը պատասխանել էր, որ տեսել էր թափուր հաստիք կա, եկել էր ու հայրենասիրական մղումներով մասնակցել մրցույթին, որ գա ու ծառայի ժողովրդին:
Գարիկ Սարգսյանի մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, ևս պաշտոն է ստացել՝ նշանակվելով Արարատի մարզային ՃՈ պետ:
Վերը թվարկված փաստերը բավականին մտահոգիչ են, քանի որ այս հարցում էլ իմքայլականները դրսևորել են անսկզբունքայնություն և հրաժարվել այն մտքից, որ խնամի-ծանոթ-բարեկամը «նոր» Հայաստանում չպետք է տեղ ունենա:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան