Կառավարությունը «մերժեց» նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունը և նրանց կողմից որդեգրումը օրենքով արգելելու վերաբերյալ պատգամավորների նախաձեռնությունը

article-image

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում «32» և «33» կետերով ընդգրկված էին ՀՀ Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին հարցերը, որոնց համար իրավասու պաշտոնյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր։

Հարցերն ընդգրկված էին չզեկուցվող հարցերի մեջ։

Օրակարգի 32-րդ հարցը վերաբերվում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածում լրացում կատարելուն, այն է՝ որդեգրելու իրավունք ունեցող անձանց բացառությունների ցանկում ավելացնել նաև այն անձանց, ովքեր ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև սեռը փոխած անձանց։

Օրակարգի 33-րդ հարցն էլ վերաբերվում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում լրացում կատարելուն, այն է՝ «Արգելվում է ամուսնություն կնքել նույն սեռի անձանց միջև, ինչպես նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը»։

Հոկտեմբերի 10-ին կառավարությունը որոշել է հաստատել նախագծերի վերաբերյալ Զարուհի Բաթոյանի գերատեսչության՝ նախագծերը ներկայացված տարբերակով ընդունելուց ձեռնպահ մնալու առաջարկությունը։

Հետաքրքիր է, որ մեծ հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը ներառվել են կառավարության նիստի «չզեկուցվող» հարցերի մեջ։

Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու և նույնասեռ կամ սեռը փոխած անձանց որդեգրման իրավունքը արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Շաքե Իսայանը, Արման Աբովյանը և Հրանտ Մադաթյանը։ 

Իսկ ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու և նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունն արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Կարինե Պողոսյանը, Վարդան Վարդանյանը, Արտյոմ Ծառուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ հանդես եկող պաշտոնյա։

Վերջինս ակտիվորեն քարոզչություն է իրականացնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հետ ասոցացվող Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Բաթոյանը նաև հայտնվել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի սկանդալի կիզակետում՝ դատապարտելով գրքի շնորհանդեսի տապալումն ու գիրքն ամբողջությամբ հրապարակելով իր էջում։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը