30 միլիոն դրամ պետբյուջեից «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին. հարցը՝ կրկին «չզեկուցվող»

article-image

Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 1-ին հարցը կրկին «չզեկուցվող» հարցերի շարքում էր։

Նախագծով սահմանվում էր վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին օրենքում և «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին աջակցության տրամադրման նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացնել 30 միլիոն դրամ՝ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նախագիծը մշակվել էր վարչապետի աշխատակազմի կողմից։

Նախագծի միջոցառման նկարագրական մասում նշվում է ՀՀ անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությումբ կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին աջակցության տրամադրումը։ Իսկ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ բաժնի «այլ նպաստներ» մասից։

Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստով ընդունվեց «չզեկուցվող» հարցը և որոշվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին հատկացնել 30 միլիոն դրամ։

Հաղթողները 45-ն են, որոնց հատկացվող դրամական չափերը տարբեր են, մասնավորապես՝ 32 հոգու հատկացվել է 500,000-ական դրամ, 12 հոգու՝ 1 միլիոն դրամ, իսկ 1 անձի՝ Ռիտա Մարտիրոսյանին, 2 միլիոն դրամ։

Հաղթողների և կառավարության այս որոշմամբ դրամական աջակցություն ստացածների շարքում է Արտուշ Խաչատրյանը, ով սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 28 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ձայն խնդրելով մոտեցավ ամբիոնին, ելույթ ունեցավ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին դիմելով որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում», - հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Նշենք, որ կառավարությունը անցնող տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել «Մեր ժամանակների հերոսը» նախագծին, իսկ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 28-րդ տարելիցի հիմնական միջոցառումը նախագծի հաղթողների մրցանակաբաշխությունն էր, որը տեղի ունեցած մեծ շուքով։

Ներկայիս իշխանության առանձնահատուկ վերաբերմունքը նախագծի նկատմամբ նկատելի է նաև սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների կողմից տարբեր գրառումների շնորհիվ։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ  Լարա Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»։

Դրան ի պատասխան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մեկնաբանություններում տեղադրել էր «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագծի հղումը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն