Ինձ ոչ թե նշանակել են Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, այլ գնահատել են իմ ունակությունները: Ի՞նչ է գրում մամուլը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մասին

article-image

Անցած տարի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավարի՝ Ռազմիկ Մկրտչյանի նշանակումը բավականին քննարկվեց համացանցում, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումների էին հայտնվում նոր ղեկավարի մասին:

Վերջինիս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակման մասին տարբեր վարկածներ էին շրջանառվում: Առաջ քաշվող վարկածներից մեկն այն էր, որ Ռազմիկ Մկրտչյանը այն ժամանակ դեռևս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է:

Ինչպես ցույց են տալիս Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները, նա պարբերաբար կիսվում է իմքայլականների հրապարակումներով, սակայն ամենաշատ կիսումները հենց Արայիկ Հարությունյանի էջից են, ինչը թույլ է տալիս այս վարկածը համարել իրական: Օրինակներ՝

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որը, ըստ մամուլում առկա տեղեկությունների, իր համակիրների միջոցով Ֆեյսբուքում ուղղակի «տեռոր էր անում գործող իշխանություններին»:  Օրինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Մակարյանը, ով ներկայումս աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի աշխատակազմում, իր էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

Տիգրան Մակարյանի գրառումը ևս քննարկումների տեղիք տվեց, քանի որ շատերը համարում էին, որ Ռազմիկ Մկրտչյանը այդ պաշտոնը ստացավ բացառապես շանտաժի միջոցով։

«Նա իր ընկերների միջոցով իսկական հակահեղափոխություն էր խոստանում իրականացնել, եթե չնշանակվեր վարչական շրջանի ղեկավար»,- գրում է ՀՀ ԱԺ աշխատակից Գևորգ Ստեփանյանը:

Ինչպես ցույց են տալիս Տիգրան Մակարյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները, նա ևս ջերմ հարաբերություններ ունի Արայիկ Հարությունյանի հետ:

Ըստ մամուլում առկա այլ տեղեկությունների՝ Ռազմիկ Մկրտչյանին այդ պաշտոնը ստանալու համար օգնել է նաև վարչապետի եղբոր տղան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան  Փաշինյանը:

Ըստ մամուլում առկա տեղեկութունների՝  Ռազմիկ Մկրտչյանը Սիփան Փաշինյանի ջանքերով է ընդգրկվել ԱԺ արտահերթ ընտրությունների ՔՊ ցուցակում, և չընտրվելով որպես պատգամավոր, Սիփան Փաշինյանի ջանքերով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:

Այս ամենից բացի շատ է քննարկվում Ռազմիկ Մկրտչյանի տարիքը, ով վարչական շրջանի ղեկավար նշանակվելու պահին 26 տարեկան էր: Այն հարցին թե ինչ կենսագրություն ունի նա, ասել են չի հասցրել աշխատել, սովորել-ավարտել է:

Իսկ այն, հարցին թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ընտրությունը ինչու է կանգ առել Ռազմիկ Մկրտչյանի վրա, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է.  «Ռազմիկ Մկրտչյանն ունի աշխատանքային փորձ: Ես մինչև չեմ հետազոտում, մինչև չեմ համոզվում, որ մարդը կարող է աշխատել այդ պաշտոնում, երբեք ոչ մի նշանակում չի լինում»:

Սակայն ինչպես տեղեկանում ենք yerevan.am կայքից, Ռազմիկ Մկրտչյանը, մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը, աշխատանքային փորձ չի ունեցել:

Բացի վերը թվարկվածից, մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ռազմիկ Մկրտչյանը այդ պաշտոնը ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, և նա հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալած ակտիվիստ:

Այդ վարկածին անդրադառնալիս Ռազմիկ Մկրտչյանը պատասխանել է. «Ես քմծիծաղով կպատասխանեմ նման կարծիքներին եւ, գնահատելով նման խոսակցությունները, կասեմ, որ դրանց լուրջ չեմ վերաբերվում: Մեկ-երկուսի կարծիքն է, բոլորինը չէ, ուղղակի մարդիկ ֆանտազիայի ժանրից բաներ են ասում, ես չեմ նեղվում դրանից: Ինձ ոչ թե նշանակել են Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, այլ գնահատել են իմ ունակությունները»:

Ըստ նույն աղբյուրի՝ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարվել է մանրամասնել, թե հատկապես իր որ ունակությունների մասին է խոսքը՝ ասելով, որ իր կենսագրությունը զետեղված է համայնքապետարանի կայքում:

Ամփոփելով վերոգրյալը` կարող ենք փաստել, որ Ռազմիկ Մկրտչյանը բավականին երիտասարդ է նման պաշտոն զբաղեցնելու համար, սակայն ինչը նորմալ երևույթ է իմքայլականների դեպքում, իսկ նրա աշխատանքային փորձի բացակայությունը, գումարվելով այդ ամենին, էլ ավելի «բարդ իրավիճակ» է ստեղծում հենց երիտասարդ թաղապետի համար: Խնամի-ծանոթ-բարեկամի ինստիտուտը ևս նորմալ երևույթ է իմքայլականների շրջանում, և Ռազմիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը և դրանում առկա բովանդակությունը հիմնավորում է այն, որ նա ինչ-որ մեկի հովանավորյալն է:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն