Ազգային ժողովի աշխատակազմում տիրող «բարդակը» և օրենքի խախտումները շարունակվում են, իսկ վերջը՝ չի երևում

article-image

Օրերս հոդված էինք հրապարակել, որում ներկայացրել էինք ԱԺ աշխատակազմի, մեղմ ասած, անփույթ, իսկ իրականում` անմխիթար փնթի աշխատանքի պատկերը։

Խնդիրը վերաբերվում էր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր ժամկետների խախտմամբ տրամադրված հարցման պատասխանի հետ ուղարկված կից փաստաթղթերին, որոնցում առկա էին մի շարք խայտառակ բովանդակային և տեխնիկական թերություններ։ Մասնավորապես.

  • Մեզ ուղարկված ստորագրված և կնքված պայմանագրերում բացակայում էին պայմանագրերի ամսաթվերը։
  • Պայմանագրերը կազմված էին բավականին անփույթ ձևով, մասնավորապես` Ա/Ձ-ներին գումարի վճարման ժամանակացույցների մասով։ Մերի Սողոյանի և Անի Ջուլհակյանի հետ կնքված պայմանագրերի վճարման ժամանակացույցից այնպես էր ստացվում, որ ԱԺ աշխատակազմը օգոստոսից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս Մերի Սոլոյանին պետք է վճարի 2,415,000 դրամ, իսկ Անի Ջուլհակյանին՝ 2,526,300 դրամ, մինչդեռ այդ գումարները, ըստ պայմանագրերի, 6 ամսվա ընթացքում ծառայությունների մատուցման ընդհանուր և ոչ թե յուրաքանչյուր ամսվա գներն էին։
  • ԱԺ աշխատակազմը ծառայությունների մատուցման պայմանագրեր էր կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ ԴԱՀԿ կողմից կիրառված էին սահմանափակումներ։
  • ԱԺ աշխատակազմը մեզ տրամադրած պատասխանում նշել էր, որ հունիսի 1-ի միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 25,540,300 ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր կազմակերպությանը հատկացված գումարների ընդհանուր հաշվարկից ստանում էինք այլ թիվ՝ 25,500,100 ՀՀ դրամ։

Վերոգրյալը ընդամենը մեկ հարցման պատասխանում տեղ գտած անփութություններն էին։ Սակայն սա ԱԺ աշխատակազմում տիրող «բարդակի» դրսևորման ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն էր։

Մեկ այլ հարցման կապակցությամբ էլ, որն AntiFake.am-ը ուղարկել էր սեպտեմբերի 9-ին, սեպտեմբերի 30-ին ԱԺ աշխատակազմից տեղեկացրին, որ ԱԺ աշխատակազմն այն «չի ստացել»։ Հարցումը «Forward» անելուց հետո էլ նշեցին, որ հարցման ժամկետի սկիզբը կհաշվարկեն ոչ թե սեպտեմբերի 9-ով, այլ սեպտեմբերի 30-ով, որի պատասխանն էլ ստացանք կրկին օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ հոկտեմբերի 4-ին։



Ցավոք սա էլ վերջին փնթի աշխատանքը չէր։ Հոկտեմբերի 4-ին տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի և պաշտոնյաների հետ։ Հարցը վերաբերվում էր ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Բելգրադ կատարած այցին, որի կապակցությամբ ունեինք մի քանի փոքրիկ բանավոր հարցադրումներ, սակայն պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ Ազգային ժողովում մեր բանավոր հարցերին պատասխանելու կոմպետենտ աշատակից և պաշտոնյա չկա։ 5-6 հեռախոսահամարներով զանգահարելուց հետո բոլորի պատասխանը նույնն էր. «ուղարկեք գրավոր հարցում, խոստանում ենք չսպասեցնել 5 օր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանել հնգօրյա ժամկետում) և հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել»։ Խոստումը ոչ միայն չպահպանվեց, այլ գրավոր հարցումն ուղարկելուց 6 օր անց՝ հոկտեմբերի 11-ին, երբ արդեն իսկ անցել էր հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը, մեր զանգին ի պատասխան ԱԺ աշխատակիցը նշեց, որ աշխատանքային շաբաթվա վերջ է, և մենք պետք է շուտ զանգեինք հիշեցնելու համար։ Մեր այն դիտարկմանը, որ մենք ձեր պարտականությունները կատարելու համար ձեզ որևէ բան հիշեցնելու պարտականություն չունենք, ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակիցը նշեց, որ երկուշաբթի առավոտյան կգա և անմիջապես կզբաղվի մեր հարցմանը պատասխանելու հարցով։

Խոսակցությունից անցել է ևս 2, իսկ հարցումից՝ 13 օր, սակայն, ինչպես երևում է, ԱԺ-ում այդպես էլ մեր հարցով կոմպետենտ աշխատակից չի գտնվել։

Հոդվածի հրապարակումից առաջ կրկին կապ հաստատեցինք ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի հետ, որտեղից ԱԺ ինչ-որ աշխատակից պատասխանեց, որ ինքը կոմպետենտ չէ պատասխանել մեր հարցերին, քանի որ ինքն այդ բաժնի աշխատակից չէ, լսել է հեռախոսազանգը կողքի սենյակից և եկել, վերցրել հեռախոսը։ Վերջինս խնդրեց զանգահարել 2 ժամ անց, ինչև բաժնի աշխատակիցները կվերադառնան։

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը օրենքների և իր պարտականությունների չիմացության հետևանքով պարբերաբար հայտնվում է օրենքից դուրս, սակայն շարունակում է պաշտոնավարել այդ կարևորագույն պաշտոնում։ Խոսքը վերաբերվում է ԱԺ աշխատակիցների` ապօրինի զանգվածային աշխատանքից ազատման դեպքին։ Եվ սա էլ ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ ԱԺ աշխատակազմը չի իրականացնում կամ ոչ պատշաճ է իրականացնում իր գործառույթները, կամ էլ խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ օրենքները։

ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք հետևողական լինել ՀՀ ԱԺ աշխատակազմում տիրող փնթի իրավիճակը վերացնելու ուղղությամբ, պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին բարեխղճորեն կատարել իրենց պարտականություններն ու գործառույթները, լրատվական գործունեությամբ զբավող սուբյեկտների հետ հարաբերություններում հարգանք և պատասխանատվություն դրսևորել վերջիններիս մասնագիտական գործունեության նկատմամբ և լրացուցիչ խոչընդոտներ չստեղծել լրատվական գործունեության աշխատանքներում՝ հարցումների պատասխանների ժամկետների խախտումներով ու արհեստական ձգձգումներով։

Իսկ ոչ կոմպետենտ պաշտոնյաներին, որոնք չեն կարող իրենք իրենց վերաբերյալ 2 հարցի պատասխանել և պահանջում են գրավոր հարցում, կամ ընդհանրապես չեն տիրապետում իրենց գործառույթներին, ինչպես օրինակ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, հեռացնել աշխատանքից և ՀՀ օրենսդիր մարմին վերադարձնել օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն