Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել «Մի սենսացիոն լուսանկարի հետքերով. Աննա Հակոբյանը գիտե որտեղ ինչ հագուստ կրել» վերնագրով։
Հոդվածի առարկան ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ժնևում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանի կրած երեկոյան երկար, ուսերը և ոտքերը բաց, կարմիր զգեստի շուրջ ստեղծված աժիոտաժն էր։
«… այն ընկալվեց որպես ոչ պատշաճ վեհափառի հետ հանդիպման համար։ Որոշներն էլ ուղղակի անցան չափի և զգացողության բոլոր սահմաններն ու սկսեցին բացահայտ վիրավորանքներ հասցնել տիկնոջը»,- նշված է հոդվածում։
Հոդվածագիրը ջանք չէր խնայել հիմնավորելու համար, որ Աննա Հակոբյանը գիտի՝ ինչպես հագնվել կաթողիկոսի հետ հանդիպումների ժամանակ։ Ասվածը հիմնավորելու համար հեղինակը հոդվածում տեղադրել էր նաև նկարներ՝ Աննա Հակոբյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին հանդիպումներից։
Հոդվածագիրը նշել էր, որ Աննա Հակոբյանը կրել է այդ զգեստը ոչ թե կաթողիկոսի հետ հանդիպման, այլ Ժնևում շվեյցարական Կարմիր խաչի ամենամյա բարեգործական երեկոյի համար, որի համար սահմանված «դրեսս կոդը» երեկոյան զգեստն էր։
«Հետևաբար` արձանագրում ենք, որ լուսանկարի շուրջ քննարկումներն ու մեկնաբանությունները կոնտեքստից կտրված էին ու մեկ լուսանկարն ու դրա շուրջ բարձրացված այս աղմուկն ուղղակի փոթորիկ էր մեկ բաժակ ջրում»,-հավելել էր հեղինակը։
Հետաքրքրական է, որ հասարակությունը միանշանակ չընդունեց «Արմենպրես»-ում տեղ գտած հրապարակումը։ Դրա պատճառը ոչ թե Աննա Հակոբյանի կարմիր զգեստն էր, այլ «Արմենպրես»-ի՝ հեղինակավոր և օրինակելի լրատվականի՝ նախկինում ձեռք բերած համբավը։
► Հանրային հեռուստաընկերությունն օգտագործվում է իշխանության օրակարգը սպասարկելու և դատական իշխանության հակաքարոզչության նպատակով
► Հանրային Ռադիոն հրապարակել է կողմնակալ վերնագրով նյութ և հանրային միջոցներն օգտագործել այդ նյութը ֆեյսբուքում գովազդի միջոցով տարածելու համար
► Հանրային հեռուստատեսությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ պատրաստել է միակողմանի ռեպորտաժ՝ «բաց թողնելով» հնչող քննադատությունները նախագծի վերաբերյալ
Ինչ վերաբերվում է զգեստին, ապա պետք է նշել, որ հասարակության քննադատությունը վերաբերվում էր ոչ այնքան Աննա Հակոբյանի կրած կարմիր զգեստին, որքան կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում նրա նստելու դիրքին, որի պատճառով ավելի էր ընդգծել վերջինիս կարմիր զգեստի «ողջ հմայքն» ու մերկ ոտքերը։ Սակայն այս հրապարակման թեման Աննա Հակոբյանի զգեստը չէ, այլ «Արմենպրես»-ի նախկին և ներկա գործունեության տարբերությունը։
«Արմենպրես»-ի գործունեության պատմության ընթացքում դժվար է գտնել որևէ հրապարակում, որով անդրադարձ է կատարվել պետության որևէ ղեկավարի կամ պաշտոնյայի ընտանիքի անդամների հետ կապված որևէ միջադեպի կապակցությամբ առաջացած «քննադատություններին»։ Առավել ևս, «Արմենպրես»-ը երբևէ չի օգտագործվել նման մակարդակի «քննադատություններին» «հակահարված» հասցնելու և նման հուզականությամբ պաշտոնյաների ընտանիքների անդամներին «արդարացնելու» համար։
«Արմենպրես»-ում տեղ գտած հոդվածը, դրանում արված դիտարկումներն ու հնչեցված գնահատականները բնորոշ են իշխանական քարոզչամիջոցներ հանդիսացող, կողմնակալ բնույթ ունեցող լրատվականներին, ինչպես օրինակ, «Հայկական ժամանակ», «1in.am», «Civilnet.am» և այլն։
Բայց ինչպես երևում է, վարչապետի տիկնոջ զգեստի շուրջ ստեղծված քննադատությունների «արժանի» հակահարվածը պետք է հասցվեր ավելի բարձր մակարդակով՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող, օրինակելի ԶԼՄ-ի համբավ և բավականին մեծ լսարան ունեցող աղբյուրով։
Նշենք, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Գործակալությունը ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
Ցավալի է, որ այսօր «Արմենպրես»-ն իր տարիներով ձեռք բերած համբավի հաշվին իշխանական քարոզչամիջոցին բնորոշ նման որակի հրապարակումներ է անում վարչապետի «տիկնոջ կարմիր զգեստը» պաշտպանելու համար։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան