Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 1: Կատարվե՞լ է արդյոք հանրաքվեի ներդրման ինստիտուտի խոստումը

article-image

Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոստումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ:

Մարությանի նախընտրական ծրագիրը ընդհանուր առմամբ, բաղկացած էր 50 կետից, որոնք ներկայացնելիս Մարությանն առաջինն անդրադարձավ, իր խոսքերով` ամենաառանցքային քայլին, այն է` ուղիղ ժողովրդավարության մոդելի ներդրմանը, որն իրենից ենթադրում է  հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրաքվեների անցկացում: Ուղիղ ժողովրդավարության մոդելի ներդրումը, ըստ Մարությանի, պետք է բացառեր «միանձյա որոշումների ընդունման ինստիտուտը»:

Հանրաքվեների անցկացումը պետք է իրագործվեր 2 եղանակով: Առաջին եղանակը թվայինն է, այն է՝ քաղաքապետարանի կայքում պետք է ստեղծվեր առանձին բաժին, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենային քվեարկելու այս կամ այն հարցի համար, իսկ երկրորդ եղանակի դեպքում՝ «առավել մեծ և լայն հարցերի դեպքում», պետք է անցկացվեին «դասական քվեարկություններ»:

Նշենք, որ թվային քվեարկությունը կիրառելի չէ, քանի որ քաղաքապետարանի կայքում մինչ այս պահը՝ Մարությանի պաշտոնավարումից մեկ տարի անց, ներկայացված չէ առանձին բաժին թվային քվեարկության համար:

Բացի այդ, Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում եղել են այնպիսի հարցեր, որոնք կարող էին դրվել հանրաքվեի, սակայն չեն դրվել։ Օրինակ, քաղաքապետարանը բավականին թանկ գնով նոր տոնածառ էր գնել, և Մարությանը դա պատճառաբանել էր որպես հանրային պահանջի արդյունքում արված քայլ: Այս դեպքում հարց է առաջանում, արդյո՞քԵրևանի բնակչությունը պատրաստ էր 71 մլն վճարել նոր տոնածառ ունենալու համար, թե ոչ, այն դեպքում, երբ շուկայում կարելի էր գտնել ավելի մատչելի և գեղեցիկ տարբերակներ։ Նշենք, որ նման ճոխ գնումը միանշանակ չի ընդունվել երևանաբնակների կողմից, և եթե հանրաքվե չի անցկացվել, ապա ի՞նչ հիմքով է Մարությանը խոսում հանրային պահանջի առկայության մասին, կամ ո՞րն է հանրային պահանջի չափման միավորը:

Պետք է փաստենք, որ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հանրաքվեի անցկացման որևէ պրակտիկա չի գրանցվել, և դրա ներդրման համար քայլերը տեսանելի չեն։ Այստեղ հարց է առաջանում, եթե հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուծումները չեն որոշվել հանրաքվեների միջոցով, և երբ չունենք որևէ հանրաքվեի օրինակ,  ապա արդյո՞ք վերացել է «միանձյա որոշումների ընդունման ինստիտուտը», թե՞ ոչ:

Ուստի ծրագրային այս կետը Մարությանի պաշտոնավարման առաջին տարում կարող ենք համարել չիրականացված:

Շարունակելի...

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն