Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով. ՄԱՍ 2: Ի՞նչ փուլում է գտնվում տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը

article-image

Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոստումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ: Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք հանրաքվեի ինստիտուտի ներդրմանը: Այս հրապարակմամբ կանդրադառնանք Հայկ Մարությանի մեկ այլ նախընտրական խոստման:

Հայկ Մարությանի ծրագրային կարևոր կետերից մեկը վերաբերվում էր տրանսպորտի խնդրին: Ըստ Մարությանի՝ տրանսպորտի խնդիրը «պատվի հարց է»:

Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինակ էր բերում եվրոպական քաղաքների տրանսպորտային համակարգերը և դրանց զարգացվածությունը համեմատում  իշխանությունների՝ իրենց քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի հետ: Մարությանն ամոթալի էր համարում Երևանի քաղաքացիների «կռացած գործի գնալն ու գալը»:

Նա ակտիվորեն դեմ էր արտահայտվում «մարշրուտկաներին», «մերժում  գծերի և գծատերերի ինստիտուտը»:

Մարությանը տրանսպորտի խնդրի լուծման համար առաջարկում էր ամբողջությամբ փոխել տրանսպորտային համակարգը՝ ներդնելով նորը, որն իր մեջ նաև ներառում էր աշխատանք պրոֆեսիոնալ օպերատորների հետ, նոր երթուղիների, նոր կանգառների կառուցում: Նախատեսվում էր ներմուծել բարձրակարգ ավտոբուսներ, որոնք լինելու էին 3 չափսի՝ մեծ, միջին, փոքր:

Ներմուծվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեին միջազգային ստանդարտներին, ունենային տաքացման և սառեցման համակարգեր:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է լիներ սայլակով մուտք գործելու հնարավորություն: «…և բնականաբար այս հնարավորությունից օգտվելու են նաև փոքրիկ բալիկներով մայրերը, որոնք սայլակներով երեխաներին տեղափոխում են, որոնք այսօր ուղղակի շանս չունեն այս երթուղային տաքսիներով իրենց երեխաների հետ կայլասկաներով գնալ»,- ասում էր Մարությանը:

Նշենք, որ Երևանի քաղաքացիները Մարությանի պաշտոնավարումից մեկ տարի անց շարունակում են «կռացած գործի գնալ և գալ», քանի որ տրանսպորտի խնդիրը լուծված չէ: Եվրոպական ստանդարտներին համապատասխան գեթ  մեկ տրանսպորտային միջոց քաղաքում առկա չէ, և հետևաբար չկա այնպիսի տրանսպորտային գոնե մեկ փոխադրամիջոց, որում առկա կլինի տաքացման և սառեցման համակարգ, հաշմանդամների, երեխա-մայրերի համար հարմարություններ, չկան նոր երթուղիներ և նոր կանգառներ: Քաղաքում շարունակում է գործել «գծերի և գծատերերի ինստիտուտը»: Երևանի քաղաքացիները ամեն օր Ա կետից Բ կետ են տեղափոխվում, «մահվան գազելներով», որոնցում քաղաքացիները այնքան խիտ են «լցվում», որ վարորդը կարողանա գծատիրոջ «նալոգը փակել», և մի քիչ էլ գումար հավաքել «տուն պահելու» համար:



Ամփոփելով վերը թվարկվածը պետք է փաստենք, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում չի կարողացել լուծել տրանսպորտային խնդիրները:

Նշենք նաև, որ այս տարվա ամռանը քաղաքապետը անդրադարձել էր տրանսպորտային խնդրին և ասել, որ տրանսպորտային բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել 2 տարվա ընթացքում, ինչը իրենից ենթադրելու է միջազգային չափանիշների առկայություն, բարձր սպասարկման ոլորտ, դա էլ չի բացառում ուղեվարձի թանկացումը: Մարությանի խոսքերով, եթե լինի թանկացում, այն չնչին է լինելու: Իսկ պատրա՞ստ է, կամ կարո՞ղ է արդյոք քաղաքացին ավել գումար վճարել տրանսպորտի համար. վիճահարույց է (կարող ենք հիշել «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան, որի ակտիվիստներից մեկն էլ հենց Մարությանն էր, ով իր մեքենայով իրականացնում էր «Free Car» ակցիան):

Կարևոր է նշել նաև, որ  նոր ցանցի վերջնական նախագիծը, որով գործելու է Երևանի տրանսպորտային ցանցը, մշակվել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից՝ նախորդ իշխանությունների պատվերով։ Այն արժեցել է 850 հազար դոլար: Ուստի Մարությանն իր թիմի հետ միայն շարունակում է նախկինների սկսած աշխատանքը:

Բացի վերը թվարկվածից` կարևոր է անդրադառնալ մասնավոր ընկերություններից մեկին պատկանող, միջազգային ստանդարտներին համապատասխան տրանսպորտային միջոցի  փորձնական երթուղի մտնելուն: Խոսքը 26 համարի ավտոբուսի մասին է, որը մի քանի օր փորձնական աշխատում էր Երևանում:

Այս ամենը կապ չուներ քաղաքապետարանում տարվող աշխատանքների հետ, սակայն սա իմքայլական ակտիվիստների համար հանդիսացավ «հպարտանալու առիթ» և գրանցվեց որպես հաջողություն:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ տրանսպորտային խնդիրը լուծելու հետ կապված Հայկ Մարությանի նախընտրական խոստումն առայժմ կատարված չէ, սակայն այդ ուղղությամբ կատարվել են որոշակի գործողություններ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն