Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ օրենքներում փոփոխություններ և լրացումներ են արվում. առաջինը՝ «զուգընկեր» հասկացությունն է

article-image

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան կողմից հանրային քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների և լրացումների, ընտանեկան հարաբերություններում ներմուծվում է նոր՝ «զուգընկերներ» հասկացությունը։

Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»:

Իսկ Օրենքի 4-րդ հոդվածով սահմանել «զուգընկերներ» հասկացության բացատրությունը.

«զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

«Զուգընկեր» հասկացության բացատրության մեջ չի տարբերակվում զուգընկերների սեռը, հետևաբար՝ միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ ասելով` կարելի է նկատի ունենալ նաև գեյերի, լեսբիների, տրանսգենդերների և ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների մտերիմ, այդ թվում՝ ինտիմ հարաբերությունները, որը նախագծի ընդունումից հետո ենթակա կլինի պաշտպանության։

Նշենք, որ նախագծի «հիմնավորումներ» բաժնում որևէ կերպ չի նշվում «զուգընկերներ» հասկացության առաջարկվող փոփոխության մասին, ինչն այն թաքցնելու և հասարակության ուշադրությունը դրա վրա չկենտրոնացնելու ակնհայտ փորձ է։

Նման հասկացություն ՀՀ ներպետական օրենսդրության մեջ օգտագործվում է առաջին անգամ։



«Զուգընկերներ» հասկացության ներմուծումն ակնհայտորեն կապված է Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմամբ և վավերացմանն ընդառաջ ստանձնած հանձնառությունների հետ, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի պաշտպանության շրջանակները տարածվում են նաև «զուգընկերներ»-ի վրա։ Ուստի՝ այդ հասկացության ներդրմամբ փորձ է արվում ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվող հասկացություններին։

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիայով սահմանվում են նաև այլ հասկացություններ, որոնք առայժմ չկան մեր ներպետական օրենսդրության մեջ. օրինակ՝ «ընտանեկան միավոր», «գենդերով պայմանավորված սոցիալական վարքագիծ» և այլն։

Հաշվի առնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան ակտիվ գործողություններն` ուղղված տարբեր օրենքներում փոփոխություններ կատարելուն` կարող ենք փաստել, որ առաջիկայում Զարուհի Բաթոյանի գլխավորած գերատեսչության կողմից կառաջարկվի նաև վերը նշված և այլ հասկացությունների ներդրումը ՀՀ ներպետական օրենսդրության մեջ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը