Օրեր առաջ լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, AntiFake.am-ը պարբերաբար հրապարակելու է Հայկ Մարությանի կողմից տրված նախընտրական խոսոտումները և ներկայացնելու, թե դրանք կատարման որ փուլում են գտնվում, կամ արդյոք դրանք կատարվել են, թե ոչ: Նախորդ հրապարակումներով անդրադարձել էինք հանրաքվեի ինստիտուտի ներդրմանը և տրանսպորտային բարեփոխումներին, մետրոյի և վերելակների բարեփոխումներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք մեկ այլ նախընտրական կետի։
Հայկ Մարությանի քարոզարշավի ծրագրային կարևոր կետերից մեկը վերաբերվում էր աղբայանության խնդրին: Քարոզարշավի ընթացքում նկարների միջոցով ցուցադրվում էր քաղաքում առկա աղբը, և որպես դրա հիմնական պատճառ ներկայացվում էր մեկ օպերատորի ունեցած մենաշնորհը՝ «Սանիթեքի» գործունեությունը:
Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով.
► ՄԱՍ 1: Կատարվե՞լ է արդյոք հանրաքվեի ներդրման ինստիտուտի խոստումը
► ՄԱՍ 2: Ի՞նչ փուլում է գտնվում տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը
► ՄԱՍ 3: Ո՞ր փուլում է գտնվում մետրոյի նոր կայարանների կառուցումը
► ՄԱՍ 4: Քանի՞ վերելակ է փոխվել Երևանում
Մարությանը խոստանում էր երկրորդ օպերատորին ներգրավել աղբահանության շուկայում և վերացնել աղբահանության մենաշնորհը:
Պետք է փաստել, որ քաղաքում տիրող իրավիճակը Մարությանի պաշտոնավարման ընթացքում օր-օրի վատթարանում էր, իսկ աղբը և գարշահոտությունը «գրավել» էին ողջ քաղաքը: Ուստի AntiFake.am-ը բազմիցս անդրադարձել է աղբահանության խնդրին (1, 2):
Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել նաև քաղաքապետարան-«Սանիթեք» «բախումներին», որոնց ևս անդրադարձել ենք մեր հրապարակումներում (1,2), որի հետևանքով էլ «Սանիթեքը» դիմելու է միջազգային արբիտրաժ: Բախումների վերջնարդյունքում քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագիրը միակողմանիորեն լուծվեց քաղաքապետարանի կողմից, իսկ մինչ այդ քաղաքապետարանն աղբահանության խնդիրը լուծելու նպատակով առանց մրցութային ընթացակարգի գնել էր մի քանի աղբատար մեքենաներ՝ ստանձնելով 2-րդ օպերատորի գործառույթը:
Բացի այդ, քաղաքապետանը գնել էր նոր աղբամաններ, որոնք սկսել էին տեղադրվել Դավթաշեն վարչական շրջանից:
Այսպիսով, պետք է փաստենք, որ մինչև այս տարվա հոկտեմբերի սկիզբը Երևանը աղբահանության առումով գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որում երբևէ չէր գտնվել։
Սակայն քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկել աղբահանության խնդրի կարգավորման համար, բայց այն դեռ իր ավարտին չի հասել, քանի որ այսօր էլ քաղաքը ամբողջովին մաքրված չէ աղբից, և մենք հաճախ ենք ականատես լինում քաղաքի այս կամ այն մասում կուտակված աղբի առկայությանը:
Բացի այդ, քաղաքապետարանը աղբահանության խնդիրը լուծեց ոչ թե երկրորդ օպերատոր ներգրավելու միջոցով, ինչպես խոստանում էր Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլ համայնքային բյուջեով, այսինքն՝ հանրային միջոցներով, Երևանի քաղաքապետարանը դարձնելով «երկրորդ օպերատոր»։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան