Հայկ Մարությանի նախընտրական խոստումների հետքերով․ որքանո՞վ են կատարվել դրանք պաշտոնավարման 1 տարվա ընթացքում

article-image

AntiFake.am-ը Հայկ Մարությանի կառավարման մեկ տարվա կապակցությամբ հրապարակումների շարք է սկսել, որով ներկայացվել են նրա մի շարք խոստումներ (ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3, ՄԱՍ 4, ՄԱՍ 5)։ Այս հրապարակմամբ կամփոփենք Հայկ Մարությանի նախընտրական խոստումների ընթացքի գնահատումը՝ առավել մանրամասն ներկայացնելով դրանք։ Բացի այդ, կներկայացվեն ծրագրային այլ կարևոր կետեր և կնշվեն, թե դրանք իրագործման որ փուլում են գտնվում։


Կատարվե՞լ է արդյոք հանրաքվեի ներդրման ինստիտուտի խոստումը

Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի ամենաառանցքային կետը, ըստ վերջինիս, ուղիղ ժողովրդավարության մոդելի ներդրումն էր, որն իրենից ենթադրում է հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի որոշում տեղական հանրաքվեներով։ Ըստ Մարությանի՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են բոլորին, որոնք ունեն հանրային մեծ հնչեղություն, պետք է որոշվեն հանրաքվեների միջոցով։ Վերջինս համոզված էր, որ դա իր հերթին կբացառի «միանձնjա» որոշումների ընդունման պրակտիկան։

Հանրաքվեների անցկացումը պետք է իրագործվեր 2 եղանակով: Առաջին եղանակը թվայինն է, այն է՝ քաղաքապետարանի կայքում պետք է ստեղծվեր առանձին բաժին, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենային քվեարկելու այս կամ այն հարցի համար։ Իսկ երկրորդ եղանակի դեպքում՝ «առավել մեծ և լայն հարցերի դեպքում», պետք է անցկացվեին «դասական քվեարկություններ»: Ըստ Մարությանի՝ նման հարցերի առկայության պարագայում, պետք է քվեարկության դրվեին միանգամից մի քանի  հարցեր, ինչը թույլ կտար քիչ գումար ծախսել։

Թվային քվեարկություններ անցկացնելու նպատակով Մարությանը խոստացել էր քաղաքապետարանի կայքում առանձին բաժին ստեղծել։ Նշենք, որ թվային քվեարկությունը կիրառելի չէ, քանի որ քաղաքապետարանի կայքում մինչ այս պահը՝ Մարությանի պաշտոնավարումից մեկ տարի անց, ներկայացված չէ առանձին բաժին թվային քվեարկության համար:

Բացի այդ, Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում եղել են այնպիսի հարցեր, որոնք կարող էին դրվել հանրաքվեի, սակայն չեն դրվել։ Օրինակ, քաղաքապետարանը բավականին թանկ գնով նոր տոնածառ էր գնել, և Մարությանը դա պատճառաբանել էր որպես հանրային պահանջի արդյունքում արված քայլ: Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք Երևանի բնակչությունը պատրաստ էր 71 մլն վճարել նոր տոնածառ ունենալու համար, թե ոչ, այն դեպքում, երբ շուկայում կարելի էր գտնել ավելի մատչելի և գեղեցիկ տարբերակներ։ Նշենք, որ նման ճոխ գնումը միանշանակ չի ընդունվել երևանաբնակների կողմից, և եթե հանրաքվե չի անցկացվել, ապա ի՞նչ հիմքով է Մարությանը խոսում հանրային պահանջի առկայության մասին, կամ ո՞րն է հանրային պահանջի չափման միավորը:

Պետք է փաստենք, որ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հանրաքվեի անցկացման որևէ պրակտիկա չի գրանցվել, և դրա ներդրման համար քայլերը տեսանելի չեն։ Այստեղ հարց է առաջանում, եթե հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուծումները չեն որոշվել հանրաքվեների միջոցով, և երբ չունենք որևէ հանրաքվեի օրինակ,  ապա արդյո՞ք վերացել է «միանձյա որոշումների ընդունման ինստիտուտը», թե՞ ոչ:

Ուստի ծրագրային այս կետը Մարությանի պաշտոնավարման առաջին տարում կարող ենք համարել չիրականացված:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 19-ին Հայկ Մարությանը ելույթ ունեցավ՝ ամփոփելով իր կառավարման մեկ տարին, որի ընթացքում ներկայացրեց Active Cityzen կայքը։ Մարությանի խոսքերով՝ կայքում յուրաքանչյուր երևանցի կարող է առաջարկել իր նախագիծը, որի համար երևանցիները կքվեարկեն, լավագույն նախագծերը, որոնք կունենան շատ ձայներ, կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մարությանի բնութագրմամբ` սա  քայլ է դեպի ուղիղ ժողովրդավարացում։

 

Սակայն կայքում գրանցվելը այս պահին չի ստացվում, և գրանցման պրոցեսը ինքնին բարդ է լինելու երևանաբնակների համար։ Օրինակ՝ կայք մուտք գործելու համար անհրաժեշտ են լինելու նույնականացման քարտերը ճանաչող սարքեր։


Ի՞նչ փուլում է գտնվում տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը

Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև տրանսպորտի խնդիրը։  Ըստ Մարությանի՝ տրանսպորտի խնդիրը «պատվի հարց է»: Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինակ էր բերում եվրոպական քաղաքների տրանսպորտային համակարգերը և դրանց զարգացվածությունը համեմատում իշխանությունների՝ իրենց քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի հետ: Մարությանն ամոթալի էր համարում Երևանի քաղաքացիների «կռացած գործի գնալն ու գալը»:

Նա ակտիվորեն դեմ էր արտահայտվում «մարշրուտկաներին», «մերժում  գծերի և գծատերերի ինստիտուտը»:

Մարությանը տրանսպորտի խնդրի լուծման համար առաջարկում էր ամբողջությամբ փոխել տրանսպորտային համակարգը՝ ներդնելով նորը, որն իր մեջ նաև ներառում էր աշխատանք պրոֆեսիոնալ օպերատորների հետ, նոր երթուղիների, նոր կանգառների կառուցում, նոր տոմսային համակարգի ներդրում և տրանսպորտային ցանցի աշխատաժամանակի ավելացում: Նախատեսվում էր ներմուծել բարձրակարգ ավտոբուսներ, որոնք լինելու էին 3 չափսի՝ մեծ, միջին, փոքր:

Ներմուծվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեին միջազգային ստանդարտներին, ունենային տաքացման և սառեցման համակարգեր:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է լիներ սայլակով մուտք գործելու հնարավորություն: «…և բնականաբար այս հնարավորությունից օգտվելու են նաև փոքրիկ բալիկներով մայրերը, որոնք սայլակներով երեխաներին տեղափոխում են, որոնք այսօր ուղղակի շանս չունեն այս երթուղային տաքսիներով իրենց երեխաների հետ կայլասկաներով գնալ»,- ասում էր Մարությանը:

Նշենք, որ Երևանի քաղաքացիները Մարությանի պաշտոնավարումից մեկ տարի անց շարունակում են «կռացած գործի գնալ և գալ», քանի որ տրանսպորտի խնդիրը լուծված չէ: Եվրոպական ստանդարտներին համապատասխան գեթ  մեկ տրանսպորտային միջոց քաղաքում առկա չէ, և հետևաբար չկա այնպիսի տրանսպորտային գոնե մեկ փոխադրամիջոց, որում առկա կլինի տաքացման և սառեցման համակարգ, հաշմանդամների, երեխա-մայրերի համար հարմարություններ, չկան նոր երթուղիներ և նոր կանգառներ: Քաղաքում շարունակում է գործել «գծերի և գծատերերի ինստիտուտը»:

Նշենք նաև, որ այս տարվա ամռանը քաղաքապետը անդրադարձել էր տրանսպորտային խնդրին և ասել, որ տրանսպորտային բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել 2 տարվա ընթացքում, ինչը իրենից ենթադրելու է միջազգային չափանիշների առկայություն, բարձր սպասարկման ոլորտ, դա էլ չի բացառում ուղեվարձի թանկացումը: Մարությանի խոսքերով, եթե լինի թանկացում, այն չնչին է լինելու: Իսկ պատրա՞ստ է, կամ կարո՞ղ է արդյոք քաղաքացին ավել գումար վճարել տրանսպորտի համար. վիճահարույց է (կարող ենք հիշել «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան, որի ակտիվիստներից մեկն էլ հենց Մարությանն էր, ով իր մեքենայով իրականացնում էր «Free Car» ակցիան):

Կարևոր է նշել նաև, որ  նոր ցանցի վերջնական նախագիծը, որով գործելու է Երևանի տրանսպորտային ցանցը, մշակվել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից՝ նախորդ իշխանությունների պատվերով։ Այն արժեցել է 850 հազար դոլար: Ուստի Մարությանն իր թիմի հետ միայն շարունակում է նախկինների սկսած աշխատանքը:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ տրանսպորտային խնդիրը լուծելու հետ կապված Հայկ Մարությանի նախընտրական խոստումն առայժմ կատարված չէ, սակայն այդ ուղղությամբ կատարվել են որոշակի գործողություններ։


Ո՞ր փուլում է գտնվում մետրոյի նոր կայարանների կառուցումը

Նոր տրանսպորտային ցանցի ներդրումից բացի` Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև մետրոյի նոր կայարանների կառուցման խոստումը, համաձան որի՝ պետք է կառուցվեր մետրոյի առնվազն մեկ կայարան: Մետրոյի նոր կայարանները պետք է կառուցվեին Աջափնյակում՝ Թումոյի մոտ։ Մարությանի խոսքերով՝ խորհրդային տարիներին այդ տարածքում նոր կայարանի կառուցման աշխատանքներ են տարվել, և աշխատանքները մոտ 30%-ով կատարված են, սակայն խնամքի բացակայության պայմաններում եղել են փլուզման գործընթացներ, և ամեն կերպ պետք է վերականգնել կատարված աշխատանքը։

Ըստ Մարությանի՝ մետրոյի նոր կայարանների 1 կմ կառուցման գինը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, և չնայած գումարի մեծ չափին` Մարությանը վստահ էր, որ ծրագրի իրականացման համար կարողանալու է գտնել այդ գումարը: Շարունակելով խոսել Խորհրդային տարիների մասին՝ Մարությանը հիշեց ամենաօգտագործվող կայարաններից մեկի՝ Գործարանային կայարանի մասին։

Մարությանի խոսքերով՝ Գործարանային կայարանը այսօր գրեթե չի օգտագործվում, քանի որ շատ գործարաններ փակվել են, և մարդիկ չեն օգտվում այդ կայարանից։ Որպես լուծում` Մարությանը խոստանում էր ուսումնասիրել Գործարանային մետրոյի հարակից տարածքները և փորձել այնտեղ ստեղծել բիզնես կենտրոններ, ուսման կենտրոններ, ընդհուպ մինչև բազմաբնակարանային շենքերի կառուցում և ունենալ ևս մեկ մետրոյի կայարան, որն արդեն կա։

Արդեն 2019թ․ փետրվարին քաղաքապետարանի կայքում հրապարակում եղավ այն մասին, որ մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ, և քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին։ Հրապարակման մեջ նշված է Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին, որի համար քաղաքային իշխանությունները նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել է. «Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը․․․ Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»։

Իսկ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է․ «Մետրոյի նոր կայարանի շինարարության աշխատանքը պետք է սկսվի մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում․․․ Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ»։

««Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:
Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կանցնի 525մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:
Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը»․ նշված է հրապարակման մեջ։

Ուստի, պետք է փաստենք, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում աշխատանքներ է տարել մետրոյի նոր կայարանների կառուցման համար, սակայն այդ աշխատանքներն առայժմ «թղթի վրա» են և գործնական տեսք չեն ստացել։


Ո՞ր փուլում է աղբահանության խնդրի լուծումը

Հայկ Մարությանի քարոզարշավի ծրագրային կարևոր կետերից մեկը վերաբերվում էր աղբայանության խնդրին: Քարոզարշավի ընթացքում նկարների միջոցով ցուցադրվում էր քաղաքում առկա աղբը, և որպես դրա հիմնական պատճառ ներկայացվում էր մեկ օպերատորի ունեցած մենաշնորհը՝ «Սանիթեքի» գործունեությունը:

Մարությանը խոստանում էր երկրորդ օպերատորին ներգրավել աղբահանության շուկայում և վերացնել աղբահանության մենաշնորհը:

Պետք է փաստել, որ քաղաքում տիրող իրավիճակը Մարությանի պաշտոնավարման ընթացքում օր-օրի վատթարանում էր, իսկ աղբը և գարշահոտությունը «գրավել» էին ողջ քաղաքը: Ուստի AntiFake.am-ը բազմիցս անդրադարձել է աղբահանության խնդրին (12):

Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել նաև քաղաքապետարան-«Սանիթեք» «բախումներին», որոնց ևս անդրադարձել ենք մեր հրապարակումներում (1,2), որի հետևանքով էլ «Սանիթեքը» դիմելու է միջազգային արբիտրաժ: Բախումների վերջնարդյունքում քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագիրը միակողմանիորեն լուծվեց քաղաքապետարանի կողմից, իսկ մինչ այդ քաղաքապետարանն աղբահանության խնդիրը լուծելու նպատակով առանց մրցութային ընթացակարգի գնել էր մի քանի աղբատար մեքենաներ՝ ստանձնելով  2-րդ օպերատորի գործառույթը:

Բացի այդ, քաղաքապետանը գնել էր նոր աղբամաններ, որոնք սկսել էին տեղադրվել Դավթաշեն վարչական շրջանից:
Աղբահանության խնդրի կարգավորման առնչությամբ Հայկ Մարությանը նաև նախատեսում էր աղբի տեսակավորման, հավաքագրման, փոխադրման և վերամշակման գործընթաց սկսել, որի վերաբերյալ քայլեր ձեռնարկված չեն։ Ավելին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ այդ պրակտիկան հետաքրքիր չէ ներդրողների համար, քանի որ շահույթի ստացման եղանակներ չկան։  Ուստի՝ խոստման այս մասով որևէ քայլ կատարված չէ։

Այսպիսով, պետք է փաստենք, որ մինչև այս տարվա հոկտեմբերի սկիզբը Երևանը աղբահանության առումով գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որում երբևէ չէր գտնվել։

Սակայն քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկել աղբահանության խնդրի կարգավորման համար, բայց այն դեռ իր ավարտին չի հասել, քանի որ այսօր էլ քաղաքը ամբողջովին մաքրված չէ աղբից, և մենք հաճախ ենք ականատես լինում քաղաքի այս կամ այն մասում կուտակված աղբի:

Բացի այդ, քաղաքապետարանը աղբահանության խնդիրը լուծեց ոչ թե երկրորդ օպերատոր ներգրավելու միջոցով, ինչպես խոստանում էր Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլ համայնքային բյուջեով, այսինքն՝ հանրային միջոցներով` Երևանի քաղաքապետարանը դարձնելով «երկրորդ օպերատոր»։


Քանի՞ վերելակ է փոխվել Երևանում

Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև խոսել է վերելակների մասին: Նա ասում էր, որ քաղաքապետարանը պետք է զբաղվի վերելակներով, պետք է վերանորոգի դրանք և հարկ եղած դեպքում նաև՝ փոխի:

Հայկ Մարությանի նախընտրական այս խոստմանը մենք անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում և ներկայացրել, որ վերելակների բարեկարգման համար վճարելու են քաղաքացիները: Հատկանշական է, որ Մարությանն այդ մասին ոչինչ չէր ասել իր քարոզարշավի ընթացքում: Իսկ նոր վերելակների գումարը երևանցիները մարելու են 25 տարվա ընթացքում: Ուստի՝ Մարությանն իր խոստումն իրականացնելու պարագայում դա անելու է «քաղաքացիների հաշվին»:

Եվ թեև Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասում էր, որ մինչև 2019թ. տարեվերջ համայնքային բյուջեի հաշվին պիլոտային ծրագրով փոխարինվելու են 20 վերելակներ, Երևանում մինչ օրս որևէ վերելակ փոխարինված չէ, և հարց է առաջանում, թե տարեվերջին մնացած 2 ամիսների ընթացքում ժամանակային առումով քանի՞ վերելակ հնարավոր կլինի փոխել:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս պահը որևէ վերելակ փոխարինված չէ, ապա պետք է փաստել, որ այս խոստումը ևս չի կատարվել:


Ի՞նչ քայլեր են կատարվել առողջ ապրելակերպը խթանելու համար

Մարությանը նաև խոսում էր առողջ ապրելակերպի համար ուղղված քայլերի մասին։ Առողջ ապրելակերպի օրինակ էր բերվում ճիշտ վարվող քաղաքաշինական պրակտիկան, ճիշտ կազմակերպված տրանսպորտը, որտեղ երևանցիները շախմատի ձիուց մի քիչ ուղիղ կկանգնեն, կդառնան հպարտ քաղաքացիներ: Նաև կարևորվում էր ֆիզիկական ակտիվության խրախուսումը, համապատասխան տարածքների և պայմանների ապահովվումը։

Թեև երևանցիները «շարունակում են շախմատի ձիու նման կանգնած երթևեկել և հպարտ չեն դարձել», պետք է նշենք, որ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, որպես առողջ ապրելակերպի խթանման միջոց ստեղծվել է  հեծանվուղի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում։

Հեծանվուղու ստեղծումից բացի` առողջ ապրելակերպի խթանման համար այլ պայմանների առկայությունը  դեռևս տեսանելի չէ։


Ի՞նչ քայլեր են կատարվել թափառող շների խնդրի ուղղությամբ

Մարությանը նաև խոսում էր շների ստերջացման մասին՝ բացառելով սպանդը։ Այդ կապակցությամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որում առկա անբավարար պայմանների մասին ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ։

Նշենք, որ կենդանիների ստերջացման շենքը դեռևս գտնվում է կառուցման փուլում, և կենդանիների ստերջացումը կատարվում է ժամանակավոր տարածքներում, որտեղ էլ առկա են անբավարար պայմաններ։ Չնայած ժամանակավոր կառույցներում առկա վատ պայմաններին` Մարությանն այն համարում է այնքան լավը, որ վատառողջ լինելու պարագայում պատրաստ է բուժվել այդ կենտրոնում։

Ամփոփելով վերը նշված մտքերը` պետք է փաստենք, որ Մարությանի պաշտոնավարման առաջին տարում ստեղծվել է շների ստերջացման կենտրոն, այսինքն կատարվել են քայլեր, որոնք արդեն գտնվում են գործնական  փուլում։ ՀՈԱԿ-ի ստեղծմամբ բացառվել է նաև շների սպանդի արատավոր պրակտիկան։ Սակայն կենտրոնի սեփական շինության առկայության պարագայում հարցը դեռևս վերջնականորեն լուծված չէ և իր ամբողջական տեսքը կստանա առաջիկա տարիներին։


Ի՞նչ փոփոխություններ են եղել մանկապարտեզներում և դպրոցներում

Մարությանը նաև խոսում էր մանկապարտեզներում կատարվելիք բարեփոխումների մասին։ Նախատեսվում էր օտարված մանկապարտեզների վերադարձ համայնքին, մանկապարտեզում երեխաներին հերթագրելու գործընթացի հեշտացում, կոռուպցիոն ռիսկերի բացառում։

Այս կապակցությամբ Մարությանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարողացել է 20%-ով բարձրացնել մանկապարտեզների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, 6500 քմ վերադարձնել մանկապարտեզներին, ինչի հաշվին շուրջ 1000 երեխա այս պահին ավել է հաճախում։ Այս մասին խոսել է Հայկ Մարությանն իր 1 տարվա գործունեությունն ամփոփելիս։ Բացի այդ, Մարությանի պաշտոնավարման 1 տարվա ընթացքում մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգ է ստեղծվել՝ mankapartez.yerevan.am կայքը, որը, Մարությանի խոսքերով, ապահովում է երեխաների հերթագրման թափանցիկ գործընթացը և զերծ պահում կոռուպցիոն ռիսկերից։

Ամփոփելով վերը նշված մտքերը` պետք է փաստենք, որ մանկապարտեզների զարգացման ուղղությամբ կատարվել են աշխատանքներ, որոնք գտվում են գործնական փուլում և դեռևս ավարտուն չեն։

Որպես հավելում նշենք, որ Մարությանի ծրագրում ներառված էր դպրոցների, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավումը, որոնց մասին որևէ տեղեկատվություն առկա չէ պաշտոնական աղբյուրներում, ուստի՝ խոստումների այս մասը մնում է անկատար։

Բացի այդ, ծրագրում խոսվում էր դպրոցներ առողջ սննդի ներմուծման մասին և կրթության որակի վերահսկում համապատասխան նախարարությունների հետ համագործակցությամբ։ Այս մասին ևս որևէ տեղեկատվություն առկա չէ պաշտոնական աղբյուրներում, ուստի՝ խոստումների այս մասը ևս մնում է անկատար։


Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կանաչապատման ուղղությամբ

Մարությանն իր նախընտրական ծրագրի կետերում նաև ներառել էր կանաչ տարածքների ապահովումը։ Այս կապակցությամբ Մարությանն իր հոկտեմբերի 19-ի ելույթում ասել է․ «Ստեղծում ենք լիովին նոր համակարգ։ Դրա մասին դեռ ոչ ոք չգիտի, որովհետև վերջին հանդիպումը, փակ հանդիպումը, փակ խորհրդակցությունը եղել է երեկ գիշերը ուշ ժամի, և մենք եկանք նրան, որպեսզի Երևանը ունենա իր հիմնարկը, որը կոնկրետ կզբաղվի կանաչապատումով, որը համալրված կլինի իսկական մասնագետներով, որոնք գիտեն որը որից հետո է և որոնք մաս առ մաս ի վերջո էդ մասնագետները կկանաչապատեն, իրական կկանաչապատեն մեր սիրելի քաղաքը․․․ Այս պահին նախագծվել են Սարալանջի Սիլիկյան թաղամասի, Նուբարաշենում նաև մեծ տարածքների արդեն նախագծերը պատրաստ են և մյուս տարի կիրականացվեն»։

Ուստի՝ պետք է փաստենք, որ կանաչապատման ուղղությամբ տարվել են աշխատանքներ, սակայն դրանք դեռ չեն գտնվում գործնական փուլում։ Բացի այդ, որևէ տարածք կանաչապատելուց առաջ պետք է կարողանալ խնամել արդեն եղած կանաչ տարածքները, որոնք վերջին ամիսներին հրդեհների պատճառով վնասվում են, և որոնք գտնվում են քաղաքապետարանի խնամքի ներքո։ Որպես օրինակ կարող ենք բերել հոկտեմբերի 19-ին Էրեբունի Երևանի միջոցառման ավարտից հետո հրավառության պատճառով բռնկված հրդեհը։


Կատարվե՞լ են արդյոք բարեփոխումներ բուժհիմնարկներում

Բացի վերը թվարկված խոստումներից` Հայկ Մարությանը խոսել է նաև բուժհիմնարկների միջև ֆունկցիոնալ կապերի հաստատման մասին համապատասխան նախարարության հետ աշխատանքի միջոցով։ Այս կապակցությամբ Մարությանը պոլիկլինիկաներում կարողացել է ներդնել  հերթագրման «համակարգ», երբ յուրաքանչուրը կարող է, նախօրոք գրանցվելով իր նախընտրած ժամին, այցելել պոլիկլինիկա։ Սակայն պետք է նշել, որ հերթագրման համակարգը կատարյալ չէ, քանի որ այցելուները, ներկայանալով իրենց գրանցած ժամին, բախվում են այն խնդրին, որ իրենցից առաջ ներս մտած այցելուն, օրինակ, 15 րոպե ավել է խորհրդակցում բժշկի հետ, որի հետևանքով հաջորդ այցելուն ավելի ուշ է մտնում՝ այդպիսով խախտելով իրեն հաջորդողի հերթային ժամանակը։


Ի՞նչ աշխատանքներ են կատարվել նախընտրական մյուս խոստումների կատարման ուղղությամբ

Բացի այդ, Մարությանի ծրագրում կային կետեր, որոնք վերաբերվում են արվեստագետների համար առանձին, հարմարավետ տարածքների տրամադրմանը, նոր շատրվանների կառուցմանը, գրադարանների աշխատանքների բարելավմանը։ Սակայն վերը նշված խոստումների մասին որևէ տեղեկատվություն առկա չէ պաշտոնական աղբյուրներում, ուստի՝ խոստումների այս մասը ևս մնում է անկատար։

Ամփոփելով Հայկ Մարությանի նախընտրական խոստումների կատարման ընթացքի վերլուծությունը նրա պաշտոնավարման 1 տարվա ընթացքում` պետք է նշենք, որ Հայկ Մարությանը այս ժամանակահատվածում որոշ քայլեր ձեռնարկել է իր որոշ խոստումների իրագործման համար, որոշ դեպքերում առկա են տեսանելի արդյունքներ, որոշ դեպքերում քայլերը կան, սակայն դեռ չեն գտվում գործնական փուլում, իսկ որոշ խոստումների կատարման ուղղությամբ էլ դեռևս աշխատանքներ չեն տարվել, ուստի դրանք մնում են անկատար։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն