Վարչապետի աշխատակազմի թանկ գնումները. ավելի քան 10 մլն դրամ պրեմիում կարգի տոմսերի համար

article-image

Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների հիմնական մասը անցկացվեց Գյումրիում: Կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, հյուրասիրություններ և այլն:

AntiFake.am-ը փորձեց պարզել, թե որքան գումար է ծախսել վարչապետի աշխատակազմը միջոցառումների կազմակերպման համար, ինչ կազմակերպություններ են ծառայություններ մատուցել, և որքան են արժեցել դրանք:

Մենք հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ` խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքան գումար է ծախսվել պետական բյուջեից ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների համար, որ միջոցառման համար որքան գումար է հատկացվել, որ անձանց/ կազմակերպությունների կողմից է իրականացվել միջոցառումների կազմակերպչականև բովանդակային մասերը, ինչ պայմանագրեր են կնքվել վերջիններիս հետ և որքան է կազմել պայմանագրերի գինը:

Կառավարությունը  հարցման պատասխանը մեզ տրամադրեց 30-օրյա ժամկետում:

Պատասխանում վարչապետի աշխատակազմից մեզ տեղեկացնում են, որ անկախության օրվան նվիրված միջոցառումների անցկացման նպատակով պայմանագրեր են կնքվել 81 կազմակերպության հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնց կողմից մատուցված ծառայությունների գները չեն գերազանցել 500.000 ՀՀ դրամը, գրավոր պայմանագրեր չեն կնքվել և գործարքները կատարվել են  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ ապրանքագիր և այլն) հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվող տոնակատարությունների համար պետական բյուջեից ծախսվել է 220մլն դրամ:

Հետաքրքիր է, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների վերաբերյալ հրավիրած ասուլիսում նշում է, որ ծառայություններ մատուցելու են թվով 76 կազմակերպություններ, այնինչ պաշտոնական նամակում միայն ցուցակագրված կազմակերպությունների թիվը 81 է:

Հարկ է նշել, որ այս անգամ ևս ծառայություններ մատուցող կազմակերպությունները չեն ընտրվել մրցութային սկզբունքով, այլ գործընթացը իրականացվել է օրենսդրությամբ նախատեսված մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, ինչը արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն կառավարության, այլ նաև պետական մյուս կառույցների գործունեության մեջ: Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ «եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա հնարավոր էր կորցնել դրա կառավարման օղակները, այսինքն՝ վերահսկելի չէր լինի միջոցառման թե՛ տեխնիկական և թե՛ բովանակային հատվածը»:

Անկախության տոնին նվիրված միջոցառումների ընթացքում ծառայություններ մատուցող կազմակերպություններից աչքի է ընկնում «Ավատուր» ՍՊԸ-ը, որը մատուցել է ավիասպասարկման ծառայություններ: Պետական բյուջեից ընկերությանը վճարվել է 10,183,020 ՀՀ դրամ:

Մասնավորապես, ընկերությունը պատվիրատուի (իմա` վարչապետի աշխատակազմի) համար պրեմիում դասի 12 և էկոնոմ դասի 2 ավիատոմսեր է գնել` հետադարձով:

Ուղևորների անունները ևս հայտնի են` Նիկոլաս Ֆելլ Մերվին  (Nicholas Fell Merwin), Ջասթին Բրայան Թոմաս (Justin Brian Thomas), Չանինգ Հոլմս (Chaning Holmes), Ուիլիամ Ֆ. Արթոպ Կրտ. (William F Artope Jr), Մանուել Քուինտերո (Manuel Quintero), Ռայան Տակաշ Մերչանտ (Ryan Takacs Merchant), Սեբուհ Հրաչ Սիմոնյան (Sebouh Hratch Simonian), Թամար Սիմոնյան (Tamar Simonian), Ռաֆի Սիմոնյան (Rafi Simonian), Հովան Անդար Սիմոնյան (Hovan Andar Simonian), Արմեն Մեշեֆեջյան (Armen Meshefejian), Ալին Ջաղալյան (Aleen Jaghalian), Ջենս Բրախվոգել (Jens Brachvogel), Տիլո Սիեսլա (Tilo Ciesla):

 

Հետաքրքիր է, թե ովքեր են եղել վերոհիշյալ անձինք, որոնց փոխադրումը Հայաստան այդքան կարևորվել է վարչապետի աշխատակազմի կողմից, նրանցից ոմանք շուրջ երկու շաբաթ ապրել են Հայաստանում և կրկին մեկնել ԱՄՆ ու Գերմանիա:

Երաժիշտների մի մասը ներկայացնում է “Capital Cities” ամերիկյան բենդը: Խմբի կազմում են  խմբի հիմնադիրներ Սեբուհ Սիմոնյանը, Ռայան Մերչանտը, ինչպես նաև Մանուել Քուինտերոն, Սպենսեր Լյուդվիգը, Նիկոլաս (Նիկ) Մերվինը: Խմբի ամենահաջողակ  “Safe and Sound ”երգը հրապարակվել է 2011թվականին:

Նրանք անկախության տոնին հանդես են եկել Գյումրիում կայացած գալա համերգի ժամանակ` Dol & Kom  խմբի հետ:

“Capital Cities” խմբի անդամներից Սեբուհ Սիմոնյանը հաճախ է լինում Երևանում և համերգներ տալիս: Այս անգամ ևս բացառություն չէր: Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով իրենց խմբի համերգի անոնսով, նշում էր, որ ելույթ են ունենալու Պոլիգրաֆում` սեպտեմբերի 23-ին: Ստացվում է, որ Հայաստանի պետբյուջեն հովանավորում է նաև Հայաստան ժամանած երաժիշտների հետտոնական համերգը և նրանց ընտանիքի ուղևորությունը, քանի որ, ինչպես նշված է փաստաթղթում, նրանք Հայաստանից մեկնել են սեպտեմբերի 24-ին, իսկ Սեբուհ Սիմոնյանը` հոկտեմբերի 1-ին, իսկ նրանց հետ Հայաստան են եկել նաև  Սեբուհ Սիմոնյանի կինը և 2 երեխաները` Ռաֆի Սիմոնյանը, Հովան Անդար Սիմոնյանը, «Stereotrain» մենեջեր Ալին Ջաղալյանը, լուսանկարիչ Արմեն Մեշեֆեջյանը: 

Իսկ գալա համերգի մյուս մասնակիցները` «Dol & Kom» խումբը, ի տարբերություն “Capital Cities”  խմբի մասնակիցների, որոնք Երևան են եկել պրեմիում դասի տոմսերով, Հայաստան է ժամանել էկոնոմ դասի տոմսերով սեպտեմբերի 21-ին Գերմանիայից` Երևանից մեկնելով սեպտեմբերի 23-ին:

 

Նշենք, որ գալա համերգի մասնակիցները ունեցել են բեմական պայմանների իրենց պահանջները, որը ապահովելու համար ծախսվել է ավելի քան 32մլն դրամ: Ինչպես նաև, որպես հոնորար, երաժիշտներին վճարվել է, ընդհանուր առմամբ, 29մլն դրամ: Խմբերի ելույթների կազմակերպման աշխատանքներով զբաղվել են «Կապիտալ Սիթի» ՍՊԸ-ը և «Գևորկ Մարկարյան» Ա/Ձ-ը:

Չնայած վերոնշյալ կազմակերպությունները կան ծառայություններ մատուցած ընկերությունների ցանկում, սակայն ի թիվս այլ, ևս  40 կազմակերպության հետ կնքված պայմանագրերի, նրանց հետ կնքված պայմանագրերը չկան վարչապետի աշխատակազմի ուղարկած պատասխանում: «Սիթի կապիտալ» ՍՊԸ-ը, որը պատասխանում նշված է որպես «Կապիտալ սիթի տուրինգ» ՍՊԸ, ստեղծվել է նախորդ տարի` 2018թ. մայիսին: Իսկ ինչ վերաբերում է հարցման պատասխանում նշված «Գևորկ Մարկարյան» Ա/Ձ-ին, ապա հարկ է նշել, որ այդ կազմակերպության մասին որևէ նշում ո’չ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ո’չ ՊԵԿ հարկեր վճարողների համակարգում չկա:

Հետաքրքիր պատահականությամբ այս անգամ ևս նկատում ենք, որ ինչպես ԱԺ աշխատակազմի դեպքում էր, «Ավատուր» ընկերության հետ վարչապետի աշխատակազմի կնքած պայմանագրում ևս սխալ է հաշվարկվում ամբողջական գումարի ամսական վճարման ժամանակացույցը: Աշխատակազմը կազմակերպությանը պետք է վճարի 10.183.02 ՀՀ դրամ, որի մարումները սկսվել են սեպտեմբեր ամսից` ավարտելով գալիք դեկտեմբերին: Աշխատակազմը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր ամիս «Ավատուրին» պետք է վճարի 10,183,02 դրամ, և որպես բոլոր ամիսների ընդհանուր գումար կրկին նշվում է 10,183,02 դրամ:

Կարող ենք արձանագրել, որ այն համակարգը, որով կազմվում են այլ կազմակերպությունների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերը, և որոնք օգտագործվում են պետական մարմինների կողմից, կամ սխալ է աշխատում, կամ մենք գործ ունենք անփույթ և անպատասխանատու աշխատանքի հետ:

Ինչպես նաև, կապված «Ավատուր» ՍՊԸ և Կառավարության համագործակցության հետ` հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ երբ անցած տարի, դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի կապակցությամբ հանրային մեծ աժիոտաժ ստեղծվեց այն բանի համար, երբ պարզվեց, որ նրա հետ ԱՄՆ է մեկնել նաև վերջինիս տիկինը` Գոհար Աբաջյանը, որին մեղադրում են պետական միջոցների հաշվին «ընտանեկան ուղևորություն» կազմակերպելու մեջ: Արարատ Միրզոյանը, ի պատասխան մեղադրանքների, հրապարակեց տիկնոջ տոմսի հաշիվ-ապրանքագրի լուսանկարը, որտեղ ջնջված էր հիմնական գումարի ցուցիչ հանդիսացող առաջին թիվը: Հաշիվ ապրանքագրի վրա կարող ենք տեսնել նույն` «Ավատուր» ՍՊԸ-ի անունը:

Նշենք, որ սա Անկախության օրվա միջոցառման կազմակերպիչներից ընդամենը մեկ ընկերության ուսումնասիրությունն էր: Մյուս ընկերություններին կանդրադառնանք շուտով:

 

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը