Արսեն Բաբայանի ձերբակալությունն ապօրինի է. իրավապաշտպաններն ու փաստաբաններն արձագանքել են Բաբայանի ձերբակալությանը

article-image

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է»
:

Խոսքը վերաբերում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Հաղորդագրությանը հետևեցին իրավապաշտպանների և փաստաբանների գրառումները, որոնք Արսեն Բաբայանի ձերբակալությունը միաբերան համարում են ապօրինի։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։
Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետևում «անզեն աչքը» չի նկատի մի կարևոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետև բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։
Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։
Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»։

«Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, փաստաբան Գոհար Մելոյանը գրել է.

«ՇՏԱՊ !!!
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի /պաշտոնեական կեղծիք/ 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Arsen Babayanը:
Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։
Հետևաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։
Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.

«ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:
Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:
ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:
Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:
Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:
Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.

«Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։
Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։
Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։
Հիմա. միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։
Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում»։


 ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, Արփինե Հովհաննիսյանը գրել է.

«Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու , էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են....»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը