13 գործուղում և ավելի քան 10,5 մլն դրամ պետական միջոցներից Աննա Հակոբյանի վարսահարդարին. ուշագրավ բացահայտումներ

article-image

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամենասկանդալային իրադարձություններից մեկը Աննա Հակոբյանի վարսահարդարի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն էր Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Նշանակման նպատակն այն էր, որ առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվեր վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն էր տվել այդ ժամանակ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ հաստատելով, որ Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ոճաբանը, և նշելով, որ Նավասարդյանը զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: «Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- հավելել էր խոսնակը:

Բարձրացված աղմուկից կարճ ժամանակ անց Սոֆյա Նավասարդյանին վարչապետի օգնական նշանակելու մասին որոշումը հեռացվել էր կառավարության պաշտոնական կայքից, իսկ անունը՝ կայքի «Աշխատակազմ» բաժնից։ Խնդիրն այն է, որ վարչապետի օգնականի համար նախատեսված գործառույթների մեջ սահմանված չէ ոճաբանի (վարսահարդարի) գործառույթների իրականացումը, ուստի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն այդպիսի գործառույթներ իրականացնելու համար օրինական չէր։

Աննա Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի շուրջ աղմուկը սրանով չսահմանափակվեց։ Հաջորդիվ տեղեկություններ տարածվեցին, որ Սոֆյա Նավասարդյանը Աննա Հակոբյանի հետ մեկնում է օտարերկրյա գործողումների՝ վերջինիս վարսերը հարդարելու համար, ինչի համար, բնականաբար, պետական բյուջեից ծախսվում են մեծ գումարներ։

Այս և այլ հարցերի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկություններ հայցելով Սոֆյա Նավասարդյանի մասին։

Հարցման պատասխանը և դրան կից փաստաթղթերը բացահայտեցին մի շարք անակնկալներ, որոնք ներկայացնում ենք ստորև։

Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման որոշումը հօդս է ցնդել

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանի մասին հանրությունը իմացավ, երբ վերջինս նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում։ Մինչդեռ մեզ տրամադրված հարցման պատասխանում Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման մասին որևէ բան գրված չէ։

Դեռ ավելին, պարզվում է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցրել դեռևս 2018 թվականի հուլիսի 4-ից՝ ընդունվելով վարչապետի աշխատակազմում՝ որպես արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների սպասարկող։

Իսկ արդեն աղմկահարույց դեպքերից հետո՝ 2018 թ. սեպտեմբերի 20-ին, համաձայն հարցման պատասխանի` Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով ազատվել է նախորդ պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։

Այսպիսով՝ անհասկանալի է մնում, թե ու՞ր անհետացավ  2018թ. սեպտեմբերի 6-ին Նավասարդյանին վարչապետի օգնականի պաշտոնում նշանակելու մասին որոշումը, ինչպե՞ս Նավասարդյանը, առանց վարչապետի օգնականի պաշտոնից ազատվելու, 2018 թ. սեպտեմբերի 20-ին նշանակվեց այլ պաշտոնում, և ու՞ր մնացին այս ամենի վերաբերյալ վարչապետի այն ժամանակվա մամլո խոսնակ Արման Եղոյանի պարզաբանումները։ Սա նվազագույնը խոսում է վարչապետի աշխատակազմում տեղի ունեցած ապօրինության, ավելի հստակ՝ պաշտոնեական կեղծիքի մասին, որի «հետքերը» մինչ օրս փորձում են վերացնել։

Հարցման պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Սոֆյա Նավասարդյանը 2019 թ. հուլիսի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 1 տարի աշխատելով վարչապետի աշխատակազմում։

Վարսահարդարի ցոփ ու շվայտ 1 տարվա կյանքը վարչապետի աշխատակազմում

Մենք տեղեկություններ էինք հայցել Սոֆյա Նավասարդյանի աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների ու դրանց ճանապարհածախսի, գիշերավարձի, օրապահիկի չափի մասին։

Այսպես, Սոֆյա Նավասարդյանի զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը եղել է 314,165 ՀՀ դրամ, այսինքն Նավասարդյանի 1 տարվա աշխատավարձը կազմել է 3,769,980 ՀՀ դրամ։

Բացի աշխատավարձից, մինչև աշխատանքից ազատվելը Սոֆյա Նավասարդյանը ստացել է 1,285,986 ՀՀ դրամ պարգևավճար։

Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Նավասարդյանը 13 անգամ մեկնել է գործուղման, որի համար նրան պետական բյուջեից հատկացվել է 5,499,209 ՀՀ դրամ։

Այսպիսով՝ 1 տարվա ընթացքում Աննա Հակոբյանի վարսահարդարը պետական բյուջեի վրա արժեցել է 10,555,175 ՀՀ դրամ (ավելի քան 22,000 ԱՄՆ դոլար)։


Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ վարսահարդարն անգամ օտար պետություններում, իսկ վարչապետի աշխատակազմը որոշ դեպքերում օրենքի խախտման գնով ապահովել է դա

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանը իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում 13 անգամ մեկնել է արտասահմանյան գործուղման։ Դրանցից 6-ը եղել է վարչապետի որոշմամբ՝ կառավարական պատվիրակության կազմում, իսկ 7-ը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ տարբեր նպատակներով կամ առանց նպատակի սահմանման։

Սոֆյա Նավասարդյանի գործուղումների պատմության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա արտասահմանյան գործուղումների է եղել բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ևս եղել է արտասահմանում, զարմանալիորեն անգամ այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ոչ թե ներգրավված է եղել կառավարական պատվիրակության կազմում և ուղեկցել ՀՀ վարչապետին, այլ երբ օրինակ «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության շրջանակներում գտնվել է արտերկրում։ Այսպես.

Սոֆյա Նավասարդյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում ՀՀ վարչապետի որոշումներով գործուղվել է`

Վերը նշված բոլոր դեպքերում ՀՀ կառավարական պատվիրակության հետ այդ երկրներ է մեկնել նաև Աննա Հակոբյանը։

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանը, բացի կառավարական պատվիրակության կազմով արտասահման գործուղվելուց, ունեցել է ևս 7 գործուղում Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, և զարմանալիորեն այդ բոլոր գործուղումները «համընկել» են Աննա Հակոբյանի՝ արտասահմանում գտնվելու ժամանակահատվածների հետ։ Այսպես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով Սոֆյա Նավասարդյանը գործուղվել է.

  • 2018թ. հուլիսի 23-25-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) (hատկացված գումարը՝ 267.224 դրամ): Գործուղման նպատակը՝ փորձի փոխանակում։

Նույն ժամանակահատվածում Աննա Հակոբյանը գտնվել է ՌԴ-ում՝ Մոսկվայում, այցելել Պետական Տրետյակովյան պատկերասրահ, հանդիպել ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ, տվել «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը, այցելել Մոսկվայի Մեծ թատրոն՝ ունկնդրելու «Գայանե» բալետը, հարցազրույց տվել «Экспресс Газета»-ին։

  • 2018թ. սեպտեմբերի 19-22-ը` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) (hատկացված գումարը՝ 398.982 դրամ)։ Այս գործուղման հրամանում գործուղման նպատակը չի նշվում։

Նույն ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվել Աննա Հակոբյանը՝ մասնակցելու Կանանց երկրորդ եվրասիական ֆորումին և հանդես եկել ելույթով։

  • 2018թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը՝ Մալայզիա (Կուալա Լումպուր) (hատկացված գումարը՝ 523.184 դրամ)։ Գործուղման նպատակը կրկին նշված չէ։

Նույն ժամանակահատվածում Մալայզիայի Կուալա Լումպուրում է գտնվել Աննա Հակոբյանը, որպես «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ մասնակցելու Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որտեղ գագաթնաժողովի բացմանը հանդես է եկել ելույթով։

  • 2018թ. դեկտեմբերի 12-17-ը` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) (հատկացված գումարը՝ 1,064,591 դրամ)։ Որպես գործուղման նպատակ սահմանվել է «աշխատանքային անհրաժեշտությունը»։

Նույն ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում է եղել Աննա Հակոբյանը։ Մասնավորապես, վերջինիս այցը սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ:

  • Առանձնակի ուշադրության է արժանի Սոֆյա Նավասարդյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) նոյեմբերի 11-13 ժամանակահատվածում, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանը կազմվել է գործուղումից 40 օր անց։ Այսինքն, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «20» դեկտեմբերի 2018թ. N1147-Ա հրամանով հրամայել է Սոֆյա Նավասարդյանին 2018թ. նոյեմբերի 11-13-ը գործուղել ՌԴ (Մոսկվա), ինչը պաշտոնեական կեղծիք է և կասկածի տակ է դնում Սոֆյա Նավասարդյանի մյուս գործուղումների հրամանների օրինականությունը։ Այս գործուղման համար էլ նրան հատկացվել է 312,196 ՀՀ դրամ։

Նույն ժամանակահատվածում Մոսկվայում է գտնվել Աննա Հակոբյանը, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Մոսկվայում Աննա Հակոբյանն այցելել է նաև դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին։

  • 2019 թ. ապրիլի 1-15-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն, Բոստոն, Լոս Անգելես, Մեմֆիս, Նյու Յորք) (հատկացված գումարի չափը՝ 1,853,953 դրամ): Գործուղման նպատակը սահմանվել է «աշխատանքային անհրաժեշտությունը»։

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում է գտնվել Աննա Հակոբյանը։ Հանդիպել է Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ, համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետի հետ քննարկել է համագործակցության հարցեր, հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, այցելել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին։

  • 2019թ. մայիսի 23-25-ը` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) (հատկացված գումարը` 84,847 ՀՀ դրամ)։ Գործուղման նպատակը կրկին նշված չէ:

Աննա Հակոբյանը ևս նշված ժամանակահատվածում գտնվել է Ղազախստանում և հանդիպել Ալմաթիի հայ համայնքի հետ։

Ուսումնասիրեցինք նաև ՀՀ կառավարական պատվիրակությունների այն գործողումները, որոնց կազմում չի եղել Աննա Հակոբյանը։ Զարմանալիորեն բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը չի եղել Կառավարական պատվիրակությունների կազմում, Սոֆյա Նավասարդյանը ևս չի եղել պատվիրակության կազմում։ Այսպես.

Ֆրանսիա, Բելառուս, Ավստրիա, Ռուսաստան, Ղազախստան գործուղված կառավարական պատվիրակությունների կազմում Աննա Հակոբյանը չի եղել, ուստի՝ չի եղել նաև Սոֆյա Նավասարդյանը։

Փաստորեն, վերոգրյալից կարող ենք միանշանակորեն պնդել, որ բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը պլանավորել է մեկնել երկրից դուրս, վարչապետի աշխատակազմը Սոֆյա Նավասարդյանի համար գործուղում է «դասավորել»՝ մի դեպքում գործուղման նպատակ սահմանելով «փորձի փոխանակումը», մեկ այլ դեպքում՝ «աշխատանքային անհրաժեշտությունը», կամ էլ առանց գործուղման նպատակի սահմանման, և որոշ դեպքերում օրենքի կոպտագույն խախտումներով պետական միջոցների հաշվին ապահովել Աննա Հակոբյանի վարսահարդարի անձնական ծառայությունների մատուցումը նրան տարբեր երկրներում։

Հետևաբար, միանշանակ է դառնում այն, որ Սոֆյա Նավասարդյանը ի սկզբանե վարչապետի աշխատակազմ է ընդունվել անձամբ Աննա Հակոբյանին ծառայություններ մատուցելու համար։

Վարչապետի աշխատակազմին ուղարկված հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև Սոֆյա Նավասարդյանի՝ գործուղումներից հետո օրենքով սահմանված ժամկետներում ներկայացրած հաշվետվությունները, սակայն վարչապետի աշխատակազմը որևէ հաշվետվություն մեզ չի տրամադրել, ամենայն հավանականությամբ, քանի որ հաշվետվությունները պարունակել են միայն Աննա Հակոբյանի վարսերի ձևերի մասին տեղեկություններ կամ էլ դրանք այդ հաշվետվություններն ընդհանրապես չեն ներկայացվել Սոֆյա Նավասարդյանի կողմից, ինչը կրկին օրենքի խախտում է։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները, որոնք մեղադրում էին նախկիններին պետական բյուջեն անձնական կարիքների համար օգտագործելու մեջ, շարունակում են նույն արատավոր պրակտիկան, սակայն այս իրավիճակն առավել տհաճ է, քանի որ պետական բյուջեն ներկայումս օգտագործվում է վարչապետի՝ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող տիկնոջ վարսահարդարումն ապահովելու համար՝ տիկնոջ համար անփոխարինելի վարսահարդարի կողմից՝ վերջինիս բարձր աշխատավարձով վարչապետի աշխատակազմում աշխատանքի ընդունելու, պարգևավճարներ տալու, օտարերկրյա գործուղումներ կազմակերպելու, ճանապարհածախսը, գիշերավարձերը, օրապահիկներն ապահովելու գնով։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը