Ովքե՞ր, ինչպե՞ս և ինչու՞ են փորձում վերահսկել ձեր ինտերնետ հասանելությունը

article-image

Օրեր առաջ հասարակության ստվար զանգվածի համար անհայտ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» կողմից հրապարակվեց մի որոշում, ըստ որի` առաջարկվում է ներդնել այնպիսի համակարգ, որի միջոցով ինտերնետ կապ տրամադրող օպերատորները հնարավորություն կունենան օրինական հիմք ունենալով իրենց բաժանորդների հիմնական տվյալները պահպանել 2 տարի ժամկետով։

Այս ամենի մասին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջով, որի մասին Մարտիրոսյանը տեղեկացել էր ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ մինչև փաստաթղթի հանրային դառնալն այդ որոշումը ստացած «պրովայդերներից»  մեկից։

Որպեսզի հասկանալի լինի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ որոշումը, և ի՞նչ նպատակների համար այն կարող է ծառայել, նախ բացենք փակագծերը և մանրամասնենք, թե կոնկրետ ի՞նչ հնարավություն է տալիս այն բջջային կապ և ինտերնետ ծառայություններ տրամադրող օպերատորներին, այսինքն՝ ի՞նչ կարևոր ինֆորմացիայի մասին է խոսքը՝

  1. բաժանորդի նույնականացման եւ (կամ) պայմանագրային համարը (ID),
  2. ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը եւ ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
  3. բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը եւ հեռախոսահամարը,
  4. ինտերնետ հասանելիության ծառայության օգտագործման սկզբի եւ ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը,
  5. բաժանորդի կողմից օգտագործված շարժական հեռախոսասարքի վերաբերյալ տվյալները (IMSI, IMEI),
  6. ինտերնետ հասանելիության ծառայությունն ապահովող կապի տեսակը (ամրակցված կամ շարժական)։

Բացի դա, այս կարգավորման հիման վրա կարող են վերահսկվել անձանց էլեկտրոնային փոստով կատարվող գործողություները, օրինակ՝ ու՞մ, ի՞նչ տևողությամբ, ի՞նչ տեսակի հաղորդագրություն եք ուղարկել։

Այսինքն, «պրովայդերները» հնարավորություն կունենան իմանալ և պահպանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առանց դատարանի որոշման տրամադրել համապատասխան իրավապահ մարմիններին այնպիսի տեղեկություններ, որոնց տրամադրումը բնականաբար խախտում է անձի մասնավոր կյանքի ազատության, հաղորդակցության ազատության և գաղտնիության սահմանադրական իրավունքները։

Օրինակ՝ ո՞վ, ի՞նչ սարքի միջոցով, ե՞րբ, որքա՞ն տևողությամբ, ի՞նչ կայքեր է  հաճախել, ու՞մ հետ է նամակագրական կապի մեջ եղել։ Բնականաբար ,առաջին հայացքից կարող է թվալ, թե սա արդյունավետ միջոց կարող է լինել հանցագործությունների  բացահայտման և կանխման տեսանկյունից, սակայն ինչու՞ հենց հիմա, ինչու՞ այս մարմնի միջոցով և ինչու՞ է այսքան ծածուկ կերպով այս օրենքի նախագիծը բերվում։

Այս կապակցությամբ ՀԾԿՀ-ն հայատարարություն էր տարածել  և նշել, որ առկա է միայն որոշումը, և որ այն ուղարկվել  է օպերատորներին նրանց դիտարկումները ստանալու համար, միայն դրանից հետո որոշումը որպես նախագիծ կհայտնվի e-draft.am կայքում։

Սակայն մինչ այս պահը ոչ մի հանրային քննարկում չի եղել: Չի եղել նաև քննարկում ոլորտի առաջատար մասնագետների հետ, իսկ որոշումը ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից, այսինքն՝ 2 ամսից։

Հենց այս փաստն է նաև մեծ աղմուկի պատճառ հանդիսացել։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր իշխանությունների կողմից ազատ խոսքի ճնշման ակնհայտ գործողություններ են տեղի ունենում, ամբողջ համացանցը հեղեղված է ատելությամբ, իշխանությունները պատերազմ են հայտարարել, այսպես կոչված, նախկին ռեժիմի «կեղծ օգտահաշիվների» դեմ՝ քաջ գիտակցելով այն փաստը, որ առաջին հերթին այդ տրամաբանության շրջանակներում պետք է պայքարեն հենց իրենց դեմ։

Միգուցե հենց սա է նման «Օուրելյան» կատարելագործված մեխանիզմներ ներդնելու պատճառը՝ առկա քաղաքական շոուները էլ ավելի հարստացնելու և մարդկանց գլխին շինծու գործեր սարքելու համար։ Օրինակ, հունվարի 1-ից «անհրաժեշտության դեպքում» իրավապահ մարմիններին հասանելի կլինի, թե քաղաքացիներից ո՞վ է «հակահեղափոխական կայքեր» կարդում կամ պարտաճանաչ կատարում օրվա «տնային աշխատանքը», այսինքն հետևում «Հայկական ժամանակ»-ի , «Սիվիլնեթ»-ի կամ «Ազատություն ռադիոկայան»-ի լրահոսին։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն