ՀՀԿ-ական պատգամավորի նախկին օգնական, այժմ իմքայլական պատգամավորը ծիծաղելի է համարում ՍԴ նախագահի դուստրերին ԱԱԾ կանչելը որպես ճնշում որակելը. հիշողության թարմացում Աննա Կարապետյանի համար

article-image

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հարցազրույց է տվել «Առավոտ» լրատվականին, որում անդրադարձել է  Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին և նշել. «Հիմա, երբ որ խոսում են ճնշումներից եւ այլն, ես ուզում եմ ուղղակի մի հարց տամ՝ այդ մարդիկ 2008-ին չէի՞ն տեսնում` ինչ է կատարվում»։

«Ես այնքան բանի միջով եմ անցել այդ ընթացքում: Իմ հորը 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո հիվանդանոցում՝ առանց բժշկի թույլտվության, առանց փաստաբանի, բարձր ճնշումով հարցաքննում էին: Դա իրենց կարելի էր: Ես այդ ամեն ինչը տեսել եմ, հիմա իմ համար ծիծաղելի է այս ամեն ինչը»,-հավելել էր Կարապետյանը։

Իմքայլական պատգամավորը ոչ միայն հիշողության, այլ նաև սկզբունքայնության լուրջ խնդիրներ ունի, ուստի հարկ ենք համարում հասարակությանը հիշեցնել Աննա Կարապետյանի անցած ճանապարհն ու նրա հայտարարություններն ընկալել այլ տեսանկյունից։



Այսպես, Աննա Կարապետյանի հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ։ Նա մեղադրվել է ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի, և դատապարտվել 3 տարի ազատազրկման։

Փաստորեն, Աննա Կարապետյանը իր հոր հետ տեղի ունեցածի պատճառով, ինչպես ինքն է նշում, «անցել է այնքա՜ն բանի միջով», և դա վատ է, իսկ Հրայր Թովմասյանի պարագայում, երբ իրավապահ մարմինները ոչ միայն անձամբ Հրայր Թովմասյանին են ճնշման ենթարկում, այլ նաև վերջինիս սանիկներին, հարազատ քրոջը, թոշակառու հորը և երիտասարդ դուստրերին՝ անգամ կանչում ԱԱԾ, դա ոչ միայն ճնշում չէ, ըստ պատգամավորի, այլ ծիծաղելի է դա ճնշում համարելը։

Հատկանշական է, որ իմքայլական պատգամավորը 2015 թ. մինչև 2018 թ. եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։

ՀՀԿ-ական պատգամավորի օգնական աշխատած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բազմաթիվ զեկույցներ է պատրաստել, քննարկումներ անցկացրել և անգամ ԵԽԽՎ զեկուցողներ ընդունել Մարտի 1-ի առնչությամբ, սակայն ոչ ոք չի հիշում, որ Աննա Կարապետյանն այդ ընթացքում հիշատակած լինի հորը, խոսացած լինի նրա նկատմամբ դրսևորված ճնշումների մասին և «բողոքի», որ ինքն էլ շատ բաների միջով է անցել։

Աննա Կարապետյանի մոտ, ինչպես իրենց քաղաքական առաջնորդի և բազմաթիվ իմքայլականների, գործում է վրեժխնդրության բնազդը՝ ուղեկցվելով «հիշողության կորստով» և անսկզբունքայնությամբ։ Վերջիններս քաղաքական ճնշումները ոչ միայն չեն բացառում, ավելին, եթե դրանք տեղի են ունենում իրենց իշխանության կողմից, ուրեմն դրանք իրավաչափ են և իրավական։  

Աննա Կարապետյանը, ինչպես ներկայիս իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, օգտվել է իշխանության «քաղցր պտուղներից»՝ մոռանալով իր «այնքա՜ն բանի միջով անցնելու մասին», իսկ այժմ, երբ իշխանական լծակները իրենց ձեռքերում են և վերջիններս քաղաքական ճնշումներ են օգտագործում իրենց քաղաքական շահերից ելնելով, սկսում են հիշել նախորդ իշխանությունների «հանցագործ» գործունեության մասին և իրենց դնել զոհի կարգավիճակում, իսկ իրենց կողմից իրականացվող ճնշումները համարում են «զուտ իրավական գործընթաց»։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն